Մեկնաբանություն

04.02.2020 13:50


«Իրենցքայլորեն» ստում են, ստում ու չեն կարմրում

«Իրենցքայլորեն» ստում են, ստում ու չեն կարմրում

«Հեղափոխության» ձեռքբերում կարելի է համարել այն, որ ԱԺ մեծամասնության՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն աստիճանաբար քաղաքական գործչի հատկանիշներ է ձեռք բերում, ցավոք, ոչ այնքան դրական: Մշակույթի նախարար պաշտոնավարելուց հետո նա նկատելիորեն աճել է: Դրա վկայությունն է այն, որ բացահայտ խեղաթյուրում է իրողությունները, սակայն չի կարմրում: Նման դեպքերում ասում են, որ այդ կարգի որակներ ձեռք բերած գործիչները «հեռու կգնան», այսինքն՝ նորանոր բարձունքներ կնվաճեն:

Ոչ այնքան վաղուց, բառացիորեն՝ երեկ, լրագրողների հետ ճապազրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցույթան ղեկավար Լիլիթ Մակունցը, խոսելով ՍԴ շուրջ իրենց իսկ ստեղծած իրավիճակի մասին, հնչեցրեց հետևյալ, եթե կարելի է այդպես ասել՝ դատողությունները, իր խոսքով՝ արձանագրումները.

Ա) «Իշխանություններն այս ընթացքում արել են առավելագույնը, որպեսզի Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը չխորանա»:

Սա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, ավելին՝ տրամագծորեն հակառակն է այն քայլերի, որ արել է «թավշյա» իշխանությունը: Հակառակը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը, ենթակա քննչական մարմիններով, նաև ԱԺ մեծամասնությամբ, արել է հնարավոր ու անհնար ամեն բան, որպեսզի նախ՝ «ճգնաժամ» ստեղծի, որը չկա, երկրորդ՝ նախաձեռնել և օրենքի ու Սահմանադրության պահանջների խախտումներով իրականացրել է քրեական հետապնդում, թիրախավորված գործողություններ, որոնց նպատակը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ դատավորների վրա ճնշում գործադրելն է, նրանց որոշակի գործողությունների ու որոշումների, այդ թվում՝ պաշտոնանկման հարկադրելը:

Ավելին, Լ.Մակունցը հայտարարում է, թե ՀՀ իշխանության այդ՝ իր նշած, բայց իրականում գոյություն չունեցող մոտեցումը «արտացոլված է ԵԽԽՎ համազեկուցողների մեկնաբանություններում»:

Տեղում լրագրողներից մեկը դիտողություն է անում, որ համազեկուցողների հայտարարության մեջ նման բան չկա: Մակունցն, առանց շփոթվելու, դեպքի վայրում «բռնվածի» նման, վրա է բերում, թե ինքը ոչ թե նրանց հայտարարությունը նկատի ունի, այլ... մեկնաբանությունները: Առհասարակ, փաստաթուղթը հայտարարությունն է, իսկ թե ինչ մեկնաբանությունների մասին է խոսքը, անհայտ է: Մակունցին կարելի էր խորհուրդ տալ, որ մի հատ էլ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությանը ծանոթանա:

Շարունակենք «լսել» Մակունցի ասածները, առավել ևս, որ նա, ամենայն հավանականությամբ, կրկնում է իր ղեկավար Փաշինյանի ասածները:

Բ) «Սահմանադրական դատարանն ունի լեգիտիմության խորը դեֆիցիտ, ինչը վերականգնելու համար այսօր պահանջ է դնում մեր առաջև ՀՀ քաղաքացին»։

Լ.Մակունցը մի պահ նշում է՝ «բոլոր քաղաքացիները», ինչը ֆեյսբուքներում բավականին ծաղրուծանակի առարկա դարձավ, չնայած, նա տեղում ինքն իրեն ուղղում է, որ չի կարող պնդել՝ բոլորը, բայց ՀՀ քաղաքացին դնում է նման պահանջ: Այո՛, և նույնիսկ կարելի է ասել, թե առաջինը հատկապես ո՛ր քաղաքացին է այդօրինակ պահանջ դնում: Չնայած բազմաթիվ քաղաքացիներ ՍԴ-ի հետ կապված ընդհանրապես պահանջներ չեն առաջադրում: Սակայն այստեղ կեղծիքը կամ մեխը դատողության սկզբում է՝ «լեգիտիմության խորը դեֆիցիտ» ձևակերպումը: Դա չի համապատասխանում իրականությանը, որովհետև դատարանների շարքում ՍԴ-ն քաղաքացիների շրջանում ունի վստահության համեմատական ամենաբարձր աստիճանը, ինչը արտացոլված է համապատասխան հարցումներով: Այնպես որ, «լեգիտիմության խորը դեֆիցիտը» ակնհայտորեն մեծամասնության ղեկավարի երևակայության արգասիք է:

Լ.Մակունցն ասում է, թե՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հնչեցնում է քաղաքական տեքստեր՝ լինելով ՍԴ նախագահ:

Գ) «Խոսում է խրամատներից, ինչը արդեն քաղաքական տեքստ է, որի հակառակ կողմում որպես թշնամիներ, ենթադրաբար, ներկայացվում ենք մենք: Սա ի՞նչ է, եթե ոչ քաղաքական տեքստ»:

Եվ միանգամից էլ՝

Դ) «Հրայր Թովմասյանը ներկայանում է որպես դատական իշխանության ղեկավար, ինչն այդպես չէ: Նման ներկայացումը նշանակում է, որ նկրտումներ կան դատական իշխանությունը ուզուրպացնելու համար»:

Հասկանալի է, որ Լիլիթ Մակունցը նկատի ունի Հրայր Թովմասյանի վերջին հարցազրույցը, որի ընթացքում ՍԴ նախագահը ոչ մի քաղաքական գնահատական չի հնչեցրել: Նա դրա իրավունքը, որպես ՍԴ նախագահ չունի: Բայց այն, ինչ նրան վերագրում ու ասում է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը, ոչ թե սուտ է, այլ ձեռնածություն է (մանիպուլյացիա): Առանցքային պահն այն է, որ Մակունցը իրենց ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ներկայացնում է որպես ՓԱՍՏ, ինչից հետո էլ իրենց մեկ այլ ենթադրություն ու մեկնաբանություն հնչեցնում է որպես մեղադրանք:

Այ, սա արդեն լիովին փաշինյանական ոգով է. շրջանառել ենթադրություն, կամայական մեկնաբանել, ապա մեղադրել՝ մեղադրանքը հիմնավորելով զուտ այդ ենթադրությամբ ու կամայական կամ սուբյեկտիվ մեկնաբանությամբ:

Ավելին: Եթե անգամ Հրայր Թովմասյանի վերջին հարցազրույցում խոցելի մտքեր հնչած լինեին, ապա այդ հարցազրույցը եղել է մոտ 1 շաբաթ առաջ: Մինչդեռ ՍԴ նախագահի դեմ ու ՍԴ-ի վրա իշխանության եկած «Իմ քայլի» հարձակումն սկսվել է դրանից շատ ավելի առաջ, ներկայացվող խնդրահարույց նախագծերը կազմվել են այդ հարցազրույցից շատ ավելի վաղ:

Ի դեպ, եթե Լիլիթ Մակունցն ու իր գլխավորած մեծամասնական խմբակցությունը իսկապես դատական իշխանության ուզուրպատոր են փնտրում, ապա ավելի լավ թեկնածու, քան իրենց իսկ ընտրած ՍԴ դատավոր Գրիգորյանն է, չկա: Նա, որ ընտրվելու հաջորդ իսկ պահին ինքնահռչակվեց ՍԴ նախագահ:

Ու ընդհանրապես, ի գիտություն իշխանության եկած մեծամասնության՝ Հայաստանի ոչ բոլոր քաղաքացիներն են զուրկ դատողությունից: Իրենց համար գուցե տարօրինակ կհնչի, բայց ասեմ ավելին՝ ինքնուրույն դատողություն ունեցող ՀՀ քաղաքացիների թիվը անհամեմատ ավելի մեծ է, քան թվում և թվացել է տարբեր ժամանակների տարբեր իշխանավորների, ներառյալ՝ գործողներին:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը