Ինչ-որ տեղ լավ էր, որ գրչի պատմությունը եղավ։ Սա երկար ժամանակով քաղաքական խոսքից հանեց նախաբանի անհրաժեշտությունը։ Հիմա արդեն պետք չէ նկարագրել իրավիճակի լրջությունը, տեղ-տեղ՝ ողբերգայնությունը։ Հիմա ամեն ինչ պարզ է։
Ինչքան էլ անհավանական թվա, բայց գրիչը դարձավ սև ու սպիտակի հրեշավոր բաժանման էֆեկտիվ հակաթույնը։ Գրչի պատմությունից հետո հասարակության այդ բաժանումն այլևս անցյալ է։ Սա է այդ պատմության ամենակարևոր ձեռքբերումը։ Հիմա արդեն լրիվ ուրիշ բաժանում և լրիվ ուրիշ հաշվարկ է գնում։ Հիմա բաժանումն իսկապես անհատական մակարդակով է՝ նա, ով հասկանում է իրականությունը, և նա, ով չի հասկանում (կամ՝ չի ուզում հասկանալ), նա, ով կարողանում է ինքնուրույն մտածել, և նա, ով չի կարողանում (կամ՝ չի ուզում), նա, ով ունի այդպիսի պոտենցիալ և նա, ով չունի։ Այս բաժանումը նոր՝ վերքաղաքական, վերկուսակցական, վերխմբային ճամբարների է բաժանել մեզ։ Եթե դու հասկանում ես, որ սա աբսուրդ վիճակ է՝ ահռելի ռիսկերով, ուրեմն քո համախոհները, դաշնակիցները նրանք են, ովքեր նույնպես դա հասկանում են՝ անկախ նրանից՝ իշխանության մեջ են, թե դուրս, և ո՛ր միավորում են։ Սա տալիս է լավ կիրառական հնարավորություն՝ երկրի քաղաքական և հասարակական դաշտի առողջ և արագ վերադասավորման համար։ Հիմքում լինելու է երկու գերխնդիր՝ պետության լինել-չլինելու ռիսկերը, և հասարակության՝ իրավիճակի ճիշտ ընկալումը։
Տարբեր արագություններով աշխատող ժամացույցներ. մենք այսօր վտանգում ենք մեր վաղը
Ժամանակն ամենակարևոր գործոնն է, որը թույլ է տալիս ճիշտ հասկանալ ռիսկերի վտանգավորության չափն ու քայլերի հետևանքները։
Մենք այսօր տանուլ ենք տալիս մեր վաղը։ Մենք դառնում ենք անպատրաստ՝ վաղվա հեռանկարին, վաղվա զարգացումներին։ Սա՛ է այսօրվա ամենասուր ռիսկը։ Նույն տրամաբանությամբ՝ մեր այսօրը երեկվա մի շարք կարևոր հարցերում պարտությունների ու տապալումների արդյունքն է։ Ես ուզում եմ, որ նախորդ ու ավելի՛ նախորդ իշխանության՝ դեպի ապագան նայող ներկայացուցիչները սա ընդունեն։ Սա կարևոր է։ Մենք այսօրը ունենք, որովհետև սխալվել ենք երեկ։ Միայն ու միայն այդ դեպքում էր հնարավոր ունենալ պատահական իշխանության իրողություն՝ մի բան, որն ունենք այսօր։ Իսկ այսօրվա տապալումը, ձախողումների որակը և ծավալները ուրվագծում են մեր վաղը։ Մենք բաց ենք թողնում շատ կարևոր ժամանակ։
Մենք մեր պետականության ռիսկերը կառավարելու համար միշտ պետք է ուշադիր հետևենք այլոց ժամանակների տրամաբանությանը։ Դրանք ուղիղ առնչվում են մեզ. Ադրբեջանի ժամանակը, Թուրքայի, Ռուսաստանի, Իրանի, Արևմուտքի ժամանակը։ Կա տպավորություն, որ մեր ժամացույցները սկսել են աշխատել տարբեր տրամաբանությամբ։
Ադրբեջանական ժամանակ
Այս երկրում տեղի են ունենում խորքային փոփոխություններ։ Ադրբեջանը, հաշվի առնելով միտումները, այդ թվում՝ Հայաստանում կատարվածը, այդ թվում՝ մեր սխալները, գնում է բավական հետաքրքիր ռեֆորմների։ Այդ միայն հայաստանյան պարզունակ պատկերացումներով է այնտեղի գործընթացը որպես բացառապես Ալիևների-Փաշաևների կլանների թեմա ներկայացվում։ Ամենևին ոչ։ Այդ երկրում իսկապես գնում է նոր էլիտայի ձևավորման փուլ՝ երկրի մոդեռնիզացիայի ուղղությամբ։ Մինչ մենք անդադար խոսում ենք, այնտեղ սկսում են իրական ռեֆորմներ։ Ո՞րն է վտանգը մեզ համար։ Մի պահի Ադրբեջանին հաջողվեց մեր հանդեպ ստանալ ռազմական ոլորտում տեխնոլոգիական առավելություն։ Բայց ժամանակակից աշխարհում դա բավարար չէ պատերազմ սկսելու և առավել ևս՝ հաջողելու համար։ Եթե Ադրբեջանին հաջողվի ստանալ պետության կայացման առումով առավելություն, նրա շանսերը կտրուկ մեծանում են։ Ադրբեջանը գնում է այդ ուղղությամբ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթանում է սուր պատերազմ՝ ո՛վ ավելի արագ և ավելի խորքային ձևով կգնա պետության մոդեռնիզացիային։ Ողբերգությունն այն է, որ Ադրբեջանում սա գիտակցում են, Հայաստանում՝ ոչ։ Զավեշտ է, բայց Ադրբեջանը սա գրեթե բացահայտ է հայտարարում։ Ադրբեջանը գիտի՝ ինչ է ուզում, գիտի՝ ինչու, և նրան դրա համար ժամանակ է պետք։ Հենց սրա մասին է Մամեդյարովը ասում՝ ստրատեգիական համբերություն։
Նույն ժամանակահատվածում մենք, լայվը դարձրած աշխարհայացք, քրեական գործերը՝ համակեցության միակ ձև, գնում ենք միանձնյա կառավարման՝ չունենալով հեռանկարային զարգացման որևէ գրագետ ծրագիր, երկրի մոդեռնիզացիայի ճանապարհային քարտեզ։ Թե ուր է տանելու սա՝ դժվար չէ հասկանալ։
Ռուսական ժամանակ
Ռուսաստանում սկսվել է նոր էլիտայի ձևավորումը։ Ռուսաստանում սկսվել են խոշոր վերադասավորումներ։ Օբյեկտիվորեն՝ խոշոր փոփոխություններն անխուսափելի են։ Պուտինյան 20-ամյա կառավարման փուլը, գոնե այս տեսքով, առաջիկա տարիներին մոտենալու է ավարտին։ Մեզ վրա դա ազդելո՞ւ է. միանշանակ՝ այո, այնպես՝ ինչպես մնացյալ աշխարհի։ Իսկ եթե ռուսական նոր էլիտան վերանայի՞ իր առաջնահերթությունները տարածաշրջանում։ Դրա հնարավորությունն իրական է։ Դա կլինի այն, ինչի ուղղությամբ 10 տարուց ավելի աշխատում է ադրբեջանական պետությունը՝ բոլոր հնարավոր միջոցներով, և ինչի հիմքն արդեն ստեղծվել է։
Մենք այսօր վաղվա հեռանկարի առումով թույլ ենք տալիս բացառիկ վտանգավորության սխալներ՝ պուտինյան դարաշրջանի այս կարևորագույն փուլում Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Մենք այսօր մեզ պետք է ապահովագրեինք ռուսաստանյան վաղվա զարգացումների ռիսկերից։ Մենք այսօր պետք է ոչ թե այսօրվա առավելագույն լավ հարաբերությունները համարեինք նպատակ, այլև՝ վաղվա առավելագույն երաշխիքներ ձեռք բերեինք։ Իսկ մենք անում ենք լրիվ հակառակը։
Մենք ռուսական ալիքները փակելու, հակառուսական ՀԿ-ները Արցախ ուղարկելու, հակապուտինյան պիկետներին մասնակցածներին պաշտոններ տալու փոխարեն լրիվ ուրիշ գործով պետք է զբաղված լինեինք։ Պուտինի ընկերոջը դատավորներին սպառնալով բանտում պահելու փոխարեն, նաև նրա՛ միջոցով պիտի հարցեր լուծեինք, ռուսաստանյան նոր էլիտայի բոլոր պոտենցիալ թեկնածուների հետ հատ-հատ աշխատեինք։ Անեինք այն, ինչն անում է այսօր Ադրբեջանը՝ պետական խողովակով, Աղալարովների, Ալեքպերովների և այլոց միջոցով։
Արևմուտքի ժամանակը
Նկատելի է, որ 2018-ին մի պահ արձանագրված փոխադարձ այցերի, հետաքրքրության նշաններից բան չի մնացել։ Որևէ կոնկրետ արդյունք, որևէ կոնկրետ նպատակ, որևէ խոշոր ծրագիր. ոչինչ չկա։ Մենք չկարողացանք դառնալ և մնալ հետաքրքիր Արևմուտքի համար։ Դրա համար աշխատել էր պետք, գործել էր պետք։ Այստեղ խոսքը գրեթե ոչինչ է, իսկ հակասական և անդադար խոսքը՝ մտածելու առիթ։
Իհարկե, արևմտյան կառույցները շատ բաների վրա աչք են փակել և կարող են միառժամանակ այդպես վարվել։ Դատարաններ շրջափակելը, պատվերով դատավարությունները, դատավորներին սպառնալը, պարտադրվող դատավճիռները 2019-ի ընթացքում հիմնականում չտեսնելու էին տրվում. արևմուտքը դադար էր վերցրել, ակնկալիք ուներ, ինչ-որ բանի էր սպասում։ Բայց դա նույնպես ունի ժամկետային սահմանափակում։ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների հայտարարությունը ՍԴ-ի թեմայով դրա ազդանշանն էր, իսկ Բուքիքիոյի տեքստն արդեն կարմիր քարտի է նման։
Բայց նույնիսկ դա՛ չէ կարևորը, այլ այն, որ մենք Արևմուտքին, իսկ Արևմուտքը՝ մեզ, փոխադարձ ասելու բան չունենք, չկա աշխատանքի ավելի խորը ծրագիր, ռեալ օրակարգ։ Բրյուսել ու Վաշինգտոն առանց օրակարգի գնալը, առանց հստակ նախաձեռնություների գնալը մեծ սխալ է։
Բարեփոխումերի ժամանակը
Կարելի է ներկայացնել 100 փաստ, որ Հայաստանում բարեփոխումներ չեն արվում։ Բայց միայն մեկը արդեն բավարար է՝ 99-ը չընթերցելու համար՝ մթնոլորտը։ Այս մթնոլորտում ոչ մի հեռանկարային, խորքային բարեփոխում անել հնարավոր չէ։ Մթնոլորտը բարեփոխման ամենակարևոր, ամենապարտադիր պայմանն է։ Մեկ օրինակ բերեմ. որոշ ծննդատների, բուժհիմնարկների փակման թեման իրականում ոլորտային բարեփոխման տարբերակ է, ոլորտային բարեփոխման շղթայի քայլերից մեկը, որով հաջողությամբ անցել են շատ երկրներ։ Այո, նաև այդ ճանապարհով է ապահովվում բուժօգնության որակը, նորածնային մահացության ցուցանիշի նվազումը, մոր առողջության անվտանգությունը, նոր մեթոդների, նոր տեխնոլոգիաների ներդրումը և այլն։
Այո, մոտեցումը կարող է բերել որոշակի, այդ թվում՝ էական դժվարությունների, որոնք պետք է քննարկվեն ու անպայման գտնվեն լուծումներ։ Բայց այդ լուծումները հիմնականում տեխնիկական են՝ հաստիքներ, մեքենաներ, փոխհատուցումներ և այլն, բայց ոչ՝ բարեփոխումային խոչընդոտներ։
Ի՞նչ կատարվեց մեզ մոտ. իքս քանակ իջավ փողոց, իգրեկ քանակ գործիչներ սկսեցին խոսել արտագաղթից, ազգային շահից ու նոր ցեղասպանությունից, և հաղթեց այն հանրային կարծիքը, որ սա ազգադավ գործ է։ Ռեֆորմի հեղինակը՝ կառավարությունը, չկարողացավ պաշտպանել իր իսկ ռեֆորմը, որովհետև վախեցավ ի՛ր իսկ ստեղծած մթնոլորտից, իր ժամանակի բարքերից, ու էլի ամեն ինչ մնաց կիսաքայլ, կիսաորոշում, կիսալայվ։
Այդպես լինելու է ցանկացած հարցում։ Մեր ժամանակն աննապատակ է գնում։ Մենք, մսխելով այսօրվա ժամանակի պաշարը, վտանգում ենք մեր վաղը։ Հայաստանյան (կամ հայկական) ժամանակը մենք անջատել ենք մյուսների, թշնամիների և բարեկամների, աշխարհի ժամանակային կոնտեքստից։ Ինչո՞ւ է մեր ժողովուրդը թույլ տալիս սա, իսկ հաճախ ողջունում՝ չհասկանալով վտանգները։ Սա մյուս կարևորագույն գործոնի՝ հասարակության որակի, այս փուլում հանրային տրամադրությունների հնարավորինս սթափ գնահատականի թեման է։ Այն ունի խիստ կիրառական նշանակություն։ Այդ մասին՝ հաջորդիվ։
Հայաստանյան ժամանակ
Ինչ-որ տեղ լավ էր, որ գրչի պատմությունը եղավ։ Սա երկար ժամանակով քաղաքական խոսքից հանեց նախաբանի անհրաժեշտությունը։ Հիմա արդեն պետք չէ նկարագրել իրավիճակի լրջությունը, տեղ-տեղ՝ ողբերգայնությունը։ Հիմա ամեն ինչ պարզ է։
Ինչքան էլ անհավանական թվա, բայց գրիչը դարձավ սև ու սպիտակի հրեշավոր բաժանման էֆեկտիվ հակաթույնը։ Գրչի պատմությունից հետո հասարակության այդ բաժանումն այլևս անցյալ է։ Սա է այդ պատմության ամենակարևոր ձեռքբերումը։ Հիմա արդեն լրիվ ուրիշ բաժանում և լրիվ ուրիշ հաշվարկ է գնում։ Հիմա բաժանումն իսկապես անհատական մակարդակով է՝ նա, ով հասկանում է իրականությունը, և նա, ով չի հասկանում (կամ՝ չի ուզում հասկանալ), նա, ով կարողանում է ինքնուրույն մտածել, և նա, ով չի կարողանում (կամ՝ չի ուզում), նա, ով ունի այդպիսի պոտենցիալ և նա, ով չունի։ Այս բաժանումը նոր՝ վերքաղաքական, վերկուսակցական, վերխմբային ճամբարների է բաժանել մեզ։ Եթե դու հասկանում ես, որ սա աբսուրդ վիճակ է՝ ահռելի ռիսկերով, ուրեմն քո համախոհները, դաշնակիցները նրանք են, ովքեր նույնպես դա հասկանում են՝ անկախ նրանից՝ իշխանության մեջ են, թե դուրս, և ո՛ր միավորում են։ Սա տալիս է լավ կիրառական հնարավորություն՝ երկրի քաղաքական և հասարակական դաշտի առողջ և արագ վերադասավորման համար։ Հիմքում լինելու է երկու գերխնդիր՝ պետության լինել-չլինելու ռիսկերը, և հասարակության՝ իրավիճակի ճիշտ ընկալումը։
Տարբեր արագություններով աշխատող ժամացույցներ. մենք այսօր վտանգում ենք մեր վաղը
Ժամանակն ամենակարևոր գործոնն է, որը թույլ է տալիս ճիշտ հասկանալ ռիսկերի վտանգավորության չափն ու քայլերի հետևանքները։
Մենք այսօր տանուլ ենք տալիս մեր վաղը։ Մենք դառնում ենք անպատրաստ՝ վաղվա հեռանկարին, վաղվա զարգացումներին։ Սա՛ է այսօրվա ամենասուր ռիսկը։
Նույն տրամաբանությամբ՝ մեր այսօրը երեկվա մի շարք կարևոր հարցերում պարտությունների ու տապալումների արդյունքն է։ Ես ուզում եմ, որ նախորդ ու ավելի՛ նախորդ իշխանության՝ դեպի ապագան նայող ներկայացուցիչները սա ընդունեն։ Սա կարևոր է։ Մենք այսօրը ունենք, որովհետև սխալվել ենք երեկ։ Միայն ու միայն այդ դեպքում էր հնարավոր ունենալ պատահական իշխանության իրողություն՝ մի բան, որն ունենք այսօր։ Իսկ այսօրվա տապալումը, ձախողումների որակը և ծավալները ուրվագծում են մեր վաղը։ Մենք բաց ենք թողնում շատ կարևոր ժամանակ։
Մենք մեր պետականության ռիսկերը կառավարելու համար միշտ պետք է ուշադիր հետևենք այլոց ժամանակների տրամաբանությանը։ Դրանք ուղիղ առնչվում են մեզ. Ադրբեջանի ժամանակը, Թուրքայի, Ռուսաստանի, Իրանի, Արևմուտքի ժամանակը։ Կա տպավորություն, որ մեր ժամացույցները սկսել են աշխատել տարբեր տրամաբանությամբ։
Ադրբեջանական ժամանակ
Այս երկրում տեղի են ունենում խորքային փոփոխություններ։ Ադրբեջանը, հաշվի առնելով միտումները, այդ թվում՝ Հայաստանում կատարվածը, այդ թվում՝ մեր սխալները, գնում է բավական հետաքրքիր ռեֆորմների։ Այդ միայն հայաստանյան պարզունակ պատկերացումներով է այնտեղի գործընթացը որպես բացառապես Ալիևների-Փաշաևների կլանների թեմա ներկայացվում։ Ամենևին ոչ։ Այդ երկրում իսկապես գնում է նոր էլիտայի ձևավորման փուլ՝ երկրի մոդեռնիզացիայի ուղղությամբ։ Մինչ մենք անդադար խոսում ենք, այնտեղ սկսում են իրական ռեֆորմներ։ Ո՞րն է վտանգը մեզ համար։ Մի պահի Ադրբեջանին հաջողվեց մեր հանդեպ ստանալ ռազմական ոլորտում տեխնոլոգիական առավելություն։ Բայց ժամանակակից աշխարհում դա բավարար չէ պատերազմ սկսելու և առավել ևս՝ հաջողելու համար։ Եթե Ադրբեջանին հաջողվի ստանալ պետության կայացման առումով առավելություն, նրա շանսերը կտրուկ մեծանում են։ Ադրբեջանը գնում է այդ ուղղությամբ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթանում է սուր պատերազմ՝ ո՛վ ավելի արագ և ավելի խորքային ձևով կգնա պետության մոդեռնիզացիային։ Ողբերգությունն այն է, որ Ադրբեջանում սա գիտակցում են, Հայաստանում՝ ոչ։ Զավեշտ է, բայց Ադրբեջանը սա գրեթե բացահայտ է հայտարարում։ Ադրբեջանը գիտի՝ ինչ է ուզում, գիտի՝ ինչու, և նրան դրա համար ժամանակ է պետք։ Հենց սրա մասին է Մամեդյարովը ասում՝ ստրատեգիական համբերություն։
Նույն ժամանակահատվածում մենք, լայվը դարձրած աշխարհայացք, քրեական գործերը՝ համակեցության միակ ձև, գնում ենք միանձնյա կառավարման՝ չունենալով հեռանկարային զարգացման որևէ գրագետ ծրագիր, երկրի մոդեռնիզացիայի ճանապարհային քարտեզ։ Թե ուր է տանելու սա՝ դժվար չէ հասկանալ։
Ռուսական ժամանակ
Ռուսաստանում սկսվել է նոր էլիտայի ձևավորումը։ Ռուսաստանում սկսվել են խոշոր վերադասավորումներ։ Օբյեկտիվորեն՝ խոշոր փոփոխություններն անխուսափելի են։ Պուտինյան 20-ամյա կառավարման փուլը, գոնե այս տեսքով, առաջիկա տարիներին մոտենալու է ավարտին։ Մեզ վրա դա ազդելո՞ւ է. միանշանակ՝ այո, այնպես՝ ինչպես մնացյալ աշխարհի։ Իսկ եթե ռուսական նոր էլիտան վերանայի՞ իր առաջնահերթությունները տարածաշրջանում։ Դրա հնարավորությունն իրական է։ Դա կլինի այն, ինչի ուղղությամբ 10 տարուց ավելի աշխատում է ադրբեջանական պետությունը՝ բոլոր հնարավոր միջոցներով, և ինչի հիմքն արդեն ստեղծվել է։
Մենք այսօր վաղվա հեռանկարի առումով թույլ ենք տալիս բացառիկ վտանգավորության սխալներ՝ պուտինյան դարաշրջանի այս կարևորագույն փուլում Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Մենք այսօր մեզ պետք է ապահովագրեինք ռուսաստանյան վաղվա զարգացումների ռիսկերից։ Մենք այսօր պետք է ոչ թե այսօրվա առավելագույն լավ հարաբերությունները համարեինք նպատակ, այլև՝ վաղվա առավելագույն երաշխիքներ ձեռք բերեինք։ Իսկ մենք անում ենք լրիվ հակառակը։
Մենք ռուսական ալիքները փակելու, հակառուսական ՀԿ-ները Արցախ ուղարկելու, հակապուտինյան պիկետներին մասնակցածներին պաշտոններ տալու փոխարեն լրիվ ուրիշ գործով պետք է զբաղված լինեինք։ Պուտինի ընկերոջը դատավորներին սպառնալով բանտում պահելու փոխարեն, նաև նրա՛ միջոցով պիտի հարցեր լուծեինք, ռուսաստանյան նոր էլիտայի բոլոր պոտենցիալ թեկնածուների հետ հատ-հատ աշխատեինք։ Անեինք այն, ինչն անում է այսօր Ադրբեջանը՝ պետական խողովակով, Աղալարովների, Ալեքպերովների և այլոց միջոցով։
Արևմուտքի ժամանակը
Նկատելի է, որ 2018-ին մի պահ արձանագրված փոխադարձ այցերի, հետաքրքրության նշաններից բան չի մնացել։ Որևէ կոնկրետ արդյունք, որևէ կոնկրետ նպատակ, որևէ խոշոր ծրագիր. ոչինչ չկա։ Մենք չկարողացանք դառնալ և մնալ հետաքրքիր Արևմուտքի համար։ Դրա համար աշխատել էր պետք, գործել էր պետք։ Այստեղ խոսքը գրեթե ոչինչ է, իսկ հակասական և անդադար խոսքը՝ մտածելու առիթ։
Իհարկե, արևմտյան կառույցները շատ բաների վրա աչք են փակել և կարող են միառժամանակ այդպես վարվել։ Դատարաններ շրջափակելը, պատվերով դատավարությունները, դատավորներին սպառնալը, պարտադրվող դատավճիռները 2019-ի ընթացքում հիմնականում չտեսնելու էին տրվում. արևմուտքը դադար էր վերցրել, ակնկալիք ուներ, ինչ-որ բանի էր սպասում։ Բայց դա նույնպես ունի ժամկետային սահմանափակում։ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների հայտարարությունը ՍԴ-ի թեմայով դրա ազդանշանն էր, իսկ Բուքիքիոյի տեքստն արդեն կարմիր քարտի է նման։
Բայց նույնիսկ դա՛ չէ կարևորը, այլ այն, որ մենք Արևմուտքին, իսկ Արևմուտքը՝ մեզ, փոխադարձ ասելու բան չունենք, չկա աշխատանքի ավելի խորը ծրագիր, ռեալ օրակարգ։ Բրյուսել ու Վաշինգտոն առանց օրակարգի գնալը, առանց հստակ նախաձեռնություների գնալը մեծ սխալ է։
Բարեփոխումերի ժամանակը
Կարելի է ներկայացնել 100 փաստ, որ Հայաստանում բարեփոխումներ չեն արվում։ Բայց միայն մեկը արդեն բավարար է՝ 99-ը չընթերցելու համար՝ մթնոլորտը։ Այս մթնոլորտում ոչ մի հեռանկարային, խորքային բարեփոխում անել հնարավոր չէ։ Մթնոլորտը բարեփոխման ամենակարևոր, ամենապարտադիր պայմանն է։ Մեկ օրինակ բերեմ. որոշ ծննդատների, բուժհիմնարկների փակման թեման իրականում ոլորտային բարեփոխման տարբերակ է, ոլորտային բարեփոխման շղթայի քայլերից մեկը, որով հաջողությամբ անցել են շատ երկրներ։ Այո, նաև այդ ճանապարհով է ապահովվում բուժօգնության որակը, նորածնային մահացության ցուցանիշի նվազումը, մոր առողջության անվտանգությունը, նոր մեթոդների, նոր տեխնոլոգիաների ներդրումը և այլն։
Այո, մոտեցումը կարող է բերել որոշակի, այդ թվում՝ էական դժվարությունների, որոնք պետք է քննարկվեն ու անպայման գտնվեն լուծումներ։ Բայց այդ լուծումները հիմնականում տեխնիկական են՝ հաստիքներ, մեքենաներ, փոխհատուցումներ և այլն, բայց ոչ՝ բարեփոխումային խոչընդոտներ։
Ի՞նչ կատարվեց մեզ մոտ. իքս քանակ իջավ փողոց, իգրեկ քանակ գործիչներ սկսեցին խոսել արտագաղթից, ազգային շահից ու նոր ցեղասպանությունից, և հաղթեց այն հանրային կարծիքը, որ սա ազգադավ գործ է։ Ռեֆորմի հեղինակը՝ կառավարությունը, չկարողացավ պաշտպանել իր իսկ ռեֆորմը, որովհետև վախեցավ ի՛ր իսկ ստեղծած մթնոլորտից, իր ժամանակի բարքերից, ու էլի ամեն ինչ մնաց կիսաքայլ, կիսաորոշում, կիսալայվ։
Այդպես լինելու է ցանկացած հարցում։ Մեր ժամանակն աննապատակ է գնում։ Մենք, մսխելով այսօրվա ժամանակի պաշարը, վտանգում ենք մեր վաղը։ Հայաստանյան (կամ հայկական) ժամանակը մենք անջատել ենք մյուսների, թշնամիների և բարեկամների, աշխարհի ժամանակային կոնտեքստից։ Ինչո՞ւ է մեր ժողովուրդը թույլ տալիս սա, իսկ հաճախ ողջունում՝ չհասկանալով վտանգները։ Սա մյուս կարևորագույն գործոնի՝ հասարակության որակի, այս փուլում հանրային տրամադրությունների հնարավորինս սթափ գնահատականի թեման է։ Այն ունի խիստ կիրառական նշանակություն։ Այդ մասին՝ հաջորդիվ։
Շարունակելի
Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»