Քաղաքական

04.02.2020 12:50


Մենք զինվորին հաց տվող ենք, իսկ վարչապետի ճղճիմ պահվածքն ամոթալի է. Արցախում գործող ռեստորանի սեփականատեր (տեսանյութ)

Մենք զինվորին հաց տվող ենք, իսկ վարչապետի ճղճիմ պահվածքն ամոթալի է. Արցախում գործող ռեստորանի սեփականատեր (տեսանյութ)

Կինոռեժիսոր, հասարակական գործիչ Արշակ Զաքարյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել էր Արցախում գտնվող իր ռեստորանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրացված սկանդալի մասին:

Նա պատմել է, որ վարչապետն իր ընտանիքով այս կիրակի եկել էր Արցախ՝ տեսակցելու բանակում ծառայող որդուն և ընտանիքի հետ ճաշել է իրենց ռեստորանում, ինչից հետո Փաշինյանը պահանջել է ՀԴՄ և աշխատակիցներն ասել են, որ ՀԴՄ տպող սարքը չի աշխատում: Տեղեկանալով այդ մասին՝ Նիկոլ Փաշինյան սկանդալ է սարքել ռեստորանում, աշխատակիցներին մեղադրել է «զինվորի հաց ուտելու» մեջ, ապա զանգահարել է Արցախի Պետնախարարին և պահանջել, որպեսզի տուգանեն ռեստորանի սեփականատիրոջը:

Ըստ Արշակ Զաքարյանի, ռեստորանը հարկերը վճարում է հաստատագրված վճարով և ՀԴՄ չտրամադրելը չի կարող հարկ թաքցնել համարվել: Բանակի մասին հաղորդման հեղինակ և Արցախում հաստատված գործիչն ասում է՝ պատրաստ է շատ ավելի մեծ տուգանք վճարել, բայց ինքը վիրավորվել է վարչապետի պահվածքից և իրենց «զինվորի հաց ուտելու մեջ» մեղադրելուց:

«Ես և իմ ընկերները շատ չեմ խորանա՝ ինչեր ենք արել բանակի համար, մենք դարձանք զինվորի համար հաց ուտող, հա՞: «Իմ քայլն» ու «Քաղաքացիական պայմանագիրն» էլ զինվորին հաց տվողն էին, հա՞: ...Այդպիսի աղմուկ բարձրացնելն ու մեզ զինվորի «հաց ուտող» անվանելն ուղղակի վայել չէ բարձրաստիճան պաշտոնյային, վայել չէ ՀՀ վարչապետին ու ընդհանրապես տղամարդուն: Նախ, քանի որ այդ ՀԴՄ-ով ոչինչ չի լուծվում, մենք հաստատագրված հարկ ենք վճարում: Մենք ապրում ենք սարերում, այստեղ բիզնես դնելը հեշտ չի, եթե որևէ բան է պատահում մոտակա խանութը Սոտքի վտանգավոր ոլորաններով պետք է 65 կիլիոմեր գնաս, որ մի բան գնես: Պետք է հասկանալ իրավիճակը, ոչ թե մանիպուլյատիվ օգտագործել այդ ճղճիմ ու շատ ամոթալի ձևակերպումը: Ես այս մասին չէի խոսի, եթե մեզ չմեղադրեին «զինվորի հաց ուտելու մեջ», մենք զինվորին հաց տվող ենք: Նման ճղճիմ պահվածքն ամոթալի է», - ասաց Զաքարյանը՝ շեշտելով իր վրդովմունքը պայմանավորված է միայն վարչապետի հասցված անձնական վիրավորանքով:

Նիկոլ Փաշինյանն այսօր հաստատել է միջադեպի մասին լուրը: Facebook-ի իր էջում նա գրել է. «Կիրակի օրը ընտանիքով գնացել էինք Արցախ՝ Աշոտին տեսության: Միասին մոտ չորս ժամ անցկացրինք ճամփեզրյա մի ռեստորանում:

Հաշիվը վճարելուց հետո տեսա, որ ՀԴՄ կտրոն չեն բերում: Հրավիրեցի մատուցողին՝ հարցրեցի. ՀԴՄ կտրոն չպետք է տա՞ք: Ասաց պետք է տանք: Ասացի՝ դե խնդրում եմ տվեք: Որոշ ժամանակ սպասեցի ու տեսնելով, որ կտրոնը չեն բերում, ես ինքս մոտեցա: Տեսնեմ՝ մի քանի աշխատողներով հավաքվել են ՀԴՄ-ի գլխին ու չեն կարողանում կտրոն խփել (նման բան պատահում է այն դեպքերում, երբ օբյեկտի աշխատողները սարքի հետ առնչվելու պրակտիկա չեն ունենում):

Այդ ընթացքում իմացել էի, որ քաղաքացիների խումբ է եկել, որ ինչ-որ հարց է ուզում ինձ հետ քննարկի: Ռեստորանից դուրս եկա, երեւի մի քսան րոպե զրուցեցի քաղաքացիների հետ: Զրույցն ավարտելուց հետո հետաքրքրվեցի. ՀԴՄ կտրոնը բերեցի՞ն: Ոչ ոք տեղյակ չէր: Ներս մտա, հարցրեցի. ի՞նչ եղավ ՀԴՄ կտրոնը: Սկսեցին ինչ-որ բան պատմել, որ ՀԴՄ-ն նոր են փոխել եւ այլն եւ այսպես շարունակ ու այդպես էլ կտրոն չտվեցին:

Աշխատողին ասացի՝ բայց Դուք հեռուստացույց չեք նայու՞մ, չեք տեսնու՞մ, որ ամբողջ օրը խոսում ենք ՀԴՄ կտրոնի, դրա կարեւորության մասին, ասում ենք, որ ՀԴՄ կտրոն չխփողը զինվորից է գողանում: Հիմա Դուք կոնկրետ դրանով եք զբաղված ու ես հիմա դեպքի մասին ահազանգելու եմ Արցախի հարկային մարմիններին, որ ընթացք տան: Այդպես էլ վարվեցի ու կարծում եմ, որ բոլոր ՀԴՄ չխփողները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Ի դեպ, չնայած Արցախի Հանրապետությունում հանրային սննդի օբյեկտները հաստատագրված հարկ են վճարում, ՀԴՄ կտրոնի թողարկումը ամեն գործարքի համար պարտադիր է, որովհետեւ շրջանառության մի շեմից հետո հարկային վերահաշվարկ է տեղի ունենում: Իսկ շրջանառության շեմը վերահսկվում է ՀԴՄ կտրոններով:

Հիմա այս դեպքից հետո ռեստորանի սեփականատերը աղմուկ է բարձրացրել, թե վարչապետը հարկայինն ուղարկել է ինձ վրա: Ուզում եմ պաշտոնապես ասել, որ բոլոր նման դեպքերում նույն կերպ եմ վարվելու եւ նույն կերպ վարվելու կոչ եմ անում Հայաստանի եւ Արցախի բոլոր քաղաքացիներին»:

Աղբյուրը՝ Aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը