Լրահոս

03.02.2020 18:41


Կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստով առաջին հետազոտության արդյունքում վիրուս չի հայտնաբերվել

Կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստով առաջին հետազոտության արդյունքում վիրուս չի հայտնաբերվել

Հայաստանում նոր կորոնավիրուսի ախտորոշման թեստով արվել է արդեն առաջին հետազոտությունը, արդյունքը եղել է բացասական, կորոնավիրուս չի հայտնաբերվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը:

«Ռեագենտները ստացել ենք շատ արագ: Դա ամբողջացնում է մեր երկրում իրականացվող հակահամաճարակային միջոցառումները: Հակահամաճարակային միջոցառումների շրջանակում մեկ կասկածելի դեպքի հետազոտություն արդեն իրականացրել ենք և ստացել ենք բացասական պատասխան, այսինքն՝ այդ մարդը կորոնավիրուս չուներ»,-ասաց Բակունցը:

Այս պահի դրությամբ անվճար հետազոտության ենթակա են ռիսկի խմբի անձինք, ովքեր արդեն ունեն հիվանդության ախտանիշներ և միաժամանակ վերջին 14 օրում եղել են Չինաստանում, կամ շփվել են կորոնավիրուսով հիվանդ մարդու, կամ էլ Չինաստանից վերդարձած նման ախտանշաններ ունեցող անձանց հետ: Բակունցը շեշտեց՝ դա հակահամաճարակային իրավիճակում ԱՀԿ-ի կողմից հաստատված մոտեցում է:

Ռեֆերենս լաբորատոր կենտրոնի վիրուսաբանական լաբորատորիայի վարիչ Շուշան Սարգսյանը տեղեկացրեց՝ հետազոտված անձը եղել է Չինաստանում, Չինաստանից վերադարձել և ունեցել է ջերմություն:

Նմուշը վերցվում է հատուկ հավաքածուով, որը պարունակում է երկու զոնդեր, որոնցից մեկով նմուշ են վերցնում քթից, մյուսով՝ ըմպանից: «Կա վիրուսի տրանսպորտի միջավայր, դրվում է այդ միջավայրի մեջ, որը պահպանում է վիրուսը և սառը պայմաններում հատուկ սառնարան պայուսակներով՝ եռաշերտ փաթեթավորմամբ տեղափոխվում է լաբորատորիա: Լաբորատորիա հասնելուց հետո նմուշը ենթարկվում է վերամշակման, անջատվում է ՌՆԹ-ն, դառնում է ԴՆԹ։ Վերջնական ախտորոշում տալու համար ողջ գործընթացը տևում է մոտավորապես 3-4 ժամ: Թեստերը շատ զգայուն ռեագենտներ են, պահվում են -21 աստիճանի պայմաններում: Նմուշները ևս պահվում են սառնարանում»,-ասաց Սարգսյանը:

Նմուշները վերցնելու համար աշխատում են բուժհաստատությունների հետ: Թեստերը ունեն 1 տարվա ժամկետ: 200 թեստով կարող է ստուգվել մինիմում 67, մաքսիմում 199 մարդ:

Հարցին, թե Չինաստանից սպասվող լաբորատոր ախտորոշման թեստերը երբ կլինեն, Սաքունցը դժվարացավ հստակ ասել: «Չինաստանում ավիափոխադրումները և այլ տեսակի փոխադրումները փոխվել են, պակասել են, և մեծ դժվարություններ կան: Հաշվի առնելով, որ այս ռեագենտները շատ զգայուն են և տեղափոխման հատուկ պահանջներ ու ժամկետ ունեն, այդ պահին դեռ քննարկման մեջ է հարցը»,-ասաց նա ու վստահեցրեց, որ տարբեր ուղղություններով աշխատում են նաև թե ԱՀԿ-ի, թե կոլեգաների հետ, որ ստանան ռեագենտներ ըստ անհրաժեշտության:

Հայաստանը փետրվարի 2-ին ստացել է կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստեր: Հայաստան բերված թեստերը 200-ն են, տրամադրվել են ՌԴ կողմից' անվճար։

Փետրվարի 3-ի 00:00-ի (Երեւանի ժամանակով փետրվարի 2-ի 20:00-ի) դրությամբ Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել Է 17 205-ի, 2 296 մարդու վիճակը գնահատվում Է՝ ծանր, 475 հիվանդ դուրս Է գրվել հիվանդանոցներից, մահաբեր վախճանների քանակը հասել Է 361-ի:

Այս խորագրի վերջին նյութերը