Քաղաքական

03.02.2020 17:00


Սա քաղաքական այլախոհությունը զսպելու մեխանիզմ է, շինծու օրակարգ. Գ. Պետրոսյան (տեսանյութ)

Սա քաղաքական այլախոհությունը զսպելու մեխանիզմ է, շինծու օրակարգ. Գ. Պետրոսյան (տեսանյութ)

Իշխանությունը սկսել է գործընթաց ՀՀ-ում ատելության խոսքի կանխման, պատժման, համապատասխան նախագծի մշակման և աշխատանքային խումբ ստեղծելու համար: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Նա նշեց, որ առաջարկել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ևս հրավիրեն, սակայն պատշաճ հրավեր չի ուղարկվել:

«Ստացվել էր մեկ գաղափարախոսություն ներկայացնող, այսպես կոչված, ««Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպությանը հարող կազմակերպություններն են միայն մասնակցել: Մեր կյանքը միայն ֆեյսբուքյան գրառումների մակարդակում է դեռ, էս տնտեսական հեղափոխությունն էլ է միայն լայվերի և գրառումների մակարդակով։ Եթե իշխանությունը շահագրգռված է իսկապես օբյեկտիվ քննարկում անցկացնել, եկեք անցկացնենք»,-ասաց նա:

Ըստ Գևորգ Պետրոսյանի՝ սա շինծու օրակարգ է: «Սա քաղաքական այլախոհությունը զսպելու մեխանիզմ է։ Ինչ է նշանակում ատելության խոսք, այո, ես ատում եմ համասեռամոլությունը, ատում եմ տգիտությունը, ոչ կառուցողական մոտեցումը, հայրենիքի դավաճանությունը։ Հիմա ես, եթե ասում եմ՝ ատում եմ այդ երևույթները, վաղը, մյուս օրը կարող է նախագիծ ընդունեն, տանեն, ասեն՝ դե արի, պատասխանատվության ենթարկվի՞՝ ատելության մթնոլորտ ստեղծելու համար։ Այսինքն եթե իրենք կարողանան բացատրել, թե որտեղ է ազատվում խոսքի ազատության սահմանը և որտեղից սկսում ատելության խոսքը, ես այս նախագիծն օրինաչափ կհամարեմ»,-ասաց նա և նշեց, որ իրենք չեն կարողանալու գծել այդ սահմանը:

«Իմ անձնական կարծիքով սա արվում է նրա համար, որ այն ատելության խոսքը, որ հնչում է հօգուտ իշխանության, համարվի շատ նորմալ, օրինաչափ, սրա հետևից իրավապահ մարմինները չգնան և մարդկանց չփռեն ասֆալտներին, չծեփեն պատերին, իսկ ընդդիմախոսներին ասեն, որ այլախոհներ եք, ատելության խոսք տարածողներ եք»,-ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ իրենք խմբակցությունում դեռ չեն քննարկել ընդհանրապես այդ խմբի աշխատանքներին մասնակցելու նպատակահարմարության հարցը: «Եթե իրենք այդ անհավասարության մթնոլորտում փորձեցին անցկացնել այդ քննարկումները, ոչինչ մեզ չի արգելում, որ մեր խմբակցությունն անցկացնի հասարակական լսումներ և մենք հավասարության մթնոլորտն ապահովելու համար կծանուցենք բոլոր շահագրգիռ մարմիններին»,-ասաց նա:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը