Քաղաքական

03.02.2020 12:13


Քննությունը գնացել է մեղադրական ապացույցներ հավաքելով․ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան (տեսանյութ)

Քննությունը գնացել է մեղադրական ապացույցներ հավաքելով․ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան (տեսանյութ)

«Դատախազությանը և Հատուկ քննչական ծառայությանը վստահելու որևէ հիմք չունենք»,-Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին՝ «Մարտի 1-ի» ամբողջական նյութերի տրամադրման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննության ժամանակ ասաց պաշտպան Հովհաննես Խուդոյանը:

Այնուհետև նշեց, թե որտեղից է գալիս այդ անվստահությունը. «Դա սկսվել է նրանից, որ այն միջնորդությունը, որը ներկայացրել եմ ՀՔԾ քննիչին՝ խնդրելով տրամադրել գործի նյութերը՝ նախ նույն գործի նյութերն են, անհրաժեշտ է տեսնել, արդյո՞ք պաշտպանության համար այնտեղ կարևորություն ունեցող նյութեր կան, թե ոչ, երկրորդ՝ վարույթ իրականացնող մարմինը նախկինում արդեն իսկ դրսևորել է վարքագիծ քրեական գործի նյութերը մեզանից թաքցնելու համար»:

Նրա խոսքով, իրենք չեն ուզում որևէ այլ քրեական գործի նյութեր, ուզում են այն քրեական գործի նյութերը, որի շրջանակներում քննություն է իրականացվում:

«Երբ որ քննիչը նման պատասխան է տալիս, որ առանձնացրել են մեղադրանքն հիմնավորող ապացույցներ, սա ամենևին պատահականություն չէ, և քննությունն ամբողջությամբ, մենք վստահություն ունենք, որ գնացել է հենց այդ ուղղությամբ՝ հավաքել մեղադրական ապացույցներ և փորձել հնարավորինս խուսափել արդարացնող ապացույցներից: Երբ դատախազությանը բողոք ենք ներկայացնում, որ ձեր հսկողության ներքո աշխատող քննություն իրականացնող քննիչը նման պատասխան է տալիս և գործով առանձնացրել է միայն մեղադրանքն հիմնավորող ապացույցներ, մենք չենք տեսնում արդյոք կան այլ ապացույցներ, որոնք պաշտպանական կողմը կարող է օգտագործել, ստանում ենք համառող բովանդակության պատասխան, այստեղ մի քիչ արդեն փոփոխված՝ քննիչը ներկայացրել է մեղադրյալին վերաբերող բոլոր ապացույցները»,-ասաց Հ.Խուդոյանը:

Նա նշեց, որ այս բողոքի քննությունը չի վերաբերում նրան, թե պարոն Քոչարյանը որևէ բանում մեղավոր է, թե ոչ, բողոքի քննությունը չի ենթադրում պետք է անձն ազատ արձակվի, թե ոչ, գործի վարույթը պետք է ավարտվի, թե ոչ. «Այն դատական ակտը, որը ենթադրում է դուք պետք է կայացնեք այս գործի քննության արդյունքում, որևէ կերպ մեկ անձի օգտին կամ վնաս չի լինում: Այս դատական ակտը, որ ակնկալում ենք ձեզանից, կրկին ասում եմ՝ իրականում չեմ ակնկալում ձեզանից, նրա մասին է, թե արդյոք ի վերջո «Մարտի 1-ի» քրեական գործը ստանալու է ամբողջական, լրիվ և բազմակողմանի քննություն, արդյոք մեր հանրությունը բավարարված է իրեն զգալու այս գործի քննությունից: Այս գործից դրվագներ են առանձնացվելու ծաղկաքաղի տեսքով, հրամցվեն մեր հանրությանը, որ սա է «Մարտի 1-ի» գործի ամբողջական բացահայտումը: Այս գործի քննությունը հենց այդ նպատակն ունի: Իրականում պաշտպանության կողմը չպետք է շահագրգռված լինի այս գործի ամբողջական քննությունից, որովհետև պաշտպանական կողմին միշտ ձեռք է տալիս, որ գործը լինի թերի, ունենա վրիպակներ, սխալ իրավական գնահատականներ, իրար հակասող ցուցմունքներ, լինեն տվյալներ, որոնք ամեն անգամ օգտագործվելու են թե ներպետական, թե միջազգային ատյաններում: Բայց խոսքը նրա մասին է, որ ստեղծվել է իրավիճակ, որ մենք ենք ուզում գործի ամբողջական քննություն իրականացվի»:

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքը, որով պաշտպանը պահանջում էր տրամադրել «Մարտի 1»-ի մայր գործով բոլոր նյութերը, այլ ոչ թե՝ առանձնացված մասը։

Դատախազ Պետրոս Պետրոսյանն այսօրվա նիստում ասաց, որ առաջին ատյանի դատարանը դուրս է եկել միջդատական վարույթի դատական վերահսկողության իր լիազորությունների սահմաններից, քննարկման առարկա է դարձրել այդ գործառույթի շրջանակներում լուծման ոչ ենթակա հարց:

«Առաջին ատյանի դատարանի որոշումը օրինական պատճառաբանված և հիմնավոր չէ, դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, ուստի որոշումը ենթակա է ամբողջությամբ բեկանման: Դատարանին խնդրում ենք վերաքննիչ բողոքի արդյունքներում Երևան քաղաքի իրավասության դատարանի որոշումը բեկանել, կայացնել նոր դատական ակտ՝ մերժելով պաշտպան Խուդոյանի միջնորդությունը»,-ասաց դատախազը:

Դատավորը Արմեն Դանիելյանը հայտարարեց, որ դատական ստուգումն ավարտվեց, դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու, որը կհրապարակվի փետրվարի 6-ին ժամը 10:30-ին:

Աղբյուրը՝ panorama.am

Այս խորագրի վերջին նյութերը