Կարծիք

02.03.2011 15:51


Ի՞նչ է ուզում Կոնգրեսը

Ի՞նչ է ուզում Կոնգրեսը

Հավանաբար միայն որոշ ՀՀԿ-ականներ այսօր կհամարձակվեն պնդել, որ Հայաստանում ամենաթողության մթնոլորտ չի ստեղծվել: Հաշված թվով մարդիկ կգտնվեն, ովքեր կպնդեն, թե մեր երկրում հարգվում են օրենքները, և ժողովուրդն էլ չի կեղեքվում: Եվ չի գտնվի գոնե մեկ մարդ, ով կպնդի, թե արտագաղթը վտանգավոր չափերի չի հասել:

Մարտի 1-ին Մատենդարանի մոտ հավաքված տասնյակ հազարավոր մարդիկ էլ գիտեն այս ամենը և հանրահավաքի էին եկել ոչ նրա համար, որ լսեն այն, ինչի մասին իրենք շատ ավելի լավ են տեղյակ, քան այնտեղ ելույթ ունեցող կոնգրեսի առաջնորդներից շատերը, ովքեր, այսօր պաշտոն զբաղեցնողների նման, չեն պատկերացնում, թե ինչ ծանր վիճակում է հայտնվել ժողովուրդը, քանի որ չեն կարողանում պատկերացնել, որ կարող են լինել ընտանիքներ, որոնք ձմռանը ցրտից դողում են, քանի որ տունը տաքացնելու գամար չունեն, թե կան տասնյակ հազարավոր ընտանիքներ, որոնք կարողանում են միայն օրվա հացը հայթայթել, թե կան հարյուր հազարավոր մարդիկ, որոնք առաջին իսկ հնարավորության դեպքում, կարիքից ու անզորությունից դրդված, պատրաստ են լքել հայրենիքը:

Տասնյակ հազարավոր մարդիկ Մատենադարանի մոտ էին հավաքվել փոփոխությունների սպասումով: Նրանք սպասում էին, թե Կոնգրեսի առաջնորդներն ինչ քայլեր են առաջարկելու գործող տխրահռչակ վարչախմբից ազատվելու համար: Մատենադարանի մոտ հավաքվածներն իրենց մտատանջող հարցի պատասխանը չստացան և սփոփվեցին միայն հանրահավաքի ու երթի բազմամարդությամբ:

Լևոն Տեր-Պետրոսյանն այս անգամ ելույթ չունեցավ: Փոխարենը նա ընթերցեց հայտարարության նախագիծ, որը, բնականաբար, ընդունվեց միաձայն: Դժվար չէ ենթադրել, որ հայտարարության տեքստը կազմել է հենց առաջին նախագահը՝ առանց խորհրդակցելու Կոնգրեսին անդամակցող կուսակցությունների առաջնորդների հետ:

Իսկ հայտարարությունն ուշադիր ընթերցելուց հետո բավական հետաքրքիր դիտարկումներ կարելի է անել: Այսպես, հայտարարությունում վարչախումբը մեղադրվում է նաև արտագաղթի համար, բայց նույն հայտարարությունում ասվում է, թե նա ապաշնորհ ու անսկզբունքային քաղաքականության հետևանքով գրեթե վիժեցրել է բանակցությունների միջոցով Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծման հնարավորությունը և հակամարտությունը հասցրել նախապատերազմական վիճակին:

Հիմա ով կարող է ասել, թե հանրահավաքի մասնակիցներից քանիսը որոշեց ընտանիքով լքել հայրենիքը՝ լսելով, որ Ղարաբաղի հարցը հասցվել է նախապատերազմական վիճակին: Որքան էլ ցավալի լինի, կարծում եմ, նման որոշում կայացնողները քիչ չեն լինի: Ստացվում է, որ մարդիկ, ովքեր եկել էին իրենց լուման ներդնելու իշխանափոխության գործում, տուն վերադառնալիս մտածում էին, թե ո՞ր երկիր կարող են մեկնել:

Կոնգրեսի ղեկավարներից շատերը բավական հաճախ վարչախմբին մեղադրում են ժողովրդին պատերազմով վախեցնելու համար, բայց այս գործում նրանք նրանցից ետ չեն մնում: Կարելի է նաև կռահել, թե այս հայտարարությունը լսելով՝ քանի հոգի մտածեց՝ թո՛ղ իշխանափոխություն չլինի, միայն թե պատերազմ չլինի:

Մի փոքր էլ կանգ առնելով հայտարարության այս հատվածի վրա՝ կնկատենք, որ դրա միակ հեղինակը` Լևոն Տեր-Պետրոսյանը, պարզապես կանխորոշում է Ղարաբաղի խնդրի լուծման հեռանկարը: Մեկ անգամ ևս ընդգծենք, որ հայտարարությունում շատ հստակ նշված է, թե վարչախումբը գրեթե վիժեցրել է բանակցությունների միջոցով Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծման հնարավորությունը: Եթե հրաշք լինի, և Լևոն Տեր-Պետրոսյանը հայտնվի նախագահի պաշտոնում, ապա նա մի օր ելույթ կունենա և կասի, թե Սերժ Սարգսյանն այնպիսի վատ քաղաքականություն է վարել, որ իրենք այլևս չեն կարող այնպիսի լուծում գտնել, որը հնարավորություն կտա հայանպաստ լուծում ապահովել:

Անկասկած, Սերժ Սարգսյանը Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային ճակատում բազմաթիվ սխալներ է թույլ տվել, բայց դա դեռ չի նշանակում, թե մենք դատապարտված ենք կորցնել Լեռնային Ղարաբաղը: Վստահաբար կարելի է պնդել, որ նորմալ իշխանությունների առկայության պարագայում հնարավոր կլինի հաղթահարել այս աննախանձելի վիճակը: Իսկ հիմա այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե վարչախումբը և Կոնգրեսը միասին մի խնդիր են հետապնդում` ժողովրդին նախապատրաստել Ղարաբաղի մատուցմանը Ադրբեջանին:

Հայտարարության տեքստին դեռ երկար կարելի է անդրադառնալ և անպայման պետք է անդրադառնալ, բայց առայժմ բավարարվենք այսքանով՝ ևս մեկ անգամ հանգելով այն մտքին, որ այս վիճակից դուրս գալու համար պետք է արմատական փոփոխություններ մտցնել մեր երկրի քաղաքական դաշտում, իսկ այդ փոփոխությունները հնարավոր կլինեն միայն քաղաքական նոր հոսանքի ձևավորման դեպքում:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը