Քաղաքական

03.02.2020 11:05


Դատարանը վերադարձրել է Արարատ Միրզոյանի հայցադիմումն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի` հայցադիմումում առկա թերությունների պատճառով

Դատարանը վերադարձրել է Արարատ Միրզոյանի հայցադիմումն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի` հայցադիմումում առկա թերությունների պատճառով

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը 2019 թվականի դեկտեմբերին հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանի՝ վիրավորանքի և զրպարտության միջոցով պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման, նախապես վճարված պետական տուրքի և փաստաբանի վարձատրության գումարների բռնագանձման պահանջի մասին։

Դատարանը հունվարի 13-ին որոշում է կայացրել վերադարձնել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի փաստաբան Լուսինե Գրիգորյանի կողմից ներկայացված հայցադիմումը։ Դատարանը, մասնավորապես, արձանագրել է, որ հայցադիմումում չեն նշվել այն փաստերը, որոնց վրա հիմնվել են հայցապահանջները, ինչպես նաև հայցի առարկան հստակ ու կոնկրետ չէ:

Դատարանը նշել է, որ հայցադիմումում, այդ թվում նաև հայցադիմումի խնդրամասում, չի նշվել, թե որ արտահայտություններն են վիրավորանք, և որ փաստացի տվյալներն են զրպարտություն:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի կողմից հայցադիմում ներկայացնելու առիթ էր հանդիսացել Սամսոնյանի՝ 2019թ. նոյեմբերի 24-ին Ֆեյսբուքի իր էջում արված գրառումը, որում Սամսոնյանը նշել էր, որ «ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մերձավորներին՝ 26-28 հոգու, Երևանի ռեստորաններից մեկում խաշ է «պատիվ տվել», որի համար վճարել է 290.000 ՀՀ դրամ: Սամսոնյանը նշել էր նաև, որ չէր կարող Միրզոյանը մինչ իշխանության գալն իրեն նման «հաճույքներ» թույլ տալ։

Սամսոնյանի գրառումներին արձագանքել էր ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը. «Սիրելիներս, տարեդարձիս առիթով երեկ առավոտյան հարազատներիս հրավիրել էի խաշի։ Հավաքույթի ավարտին վճարեցի 290 հազար դրամի կարգի գումար»,-գրել էր Միրզոյանը՝ նշելով, որ պատրաստվում է վիրավորանքի և զրպարտության համար դատական հայց ներկայացնել Սամսոնյանի դեմ:

Այս խորագրի վերջին նյութերը