Քաղաքական

03.02.2020 10:41


Փորձել են խոչընդոտել ու զենք են յուրացրել. ՀՀ-ում նոր քրեական գործ է հարուցվել Ռուսաստանից զենքի գնման մրցույթի գործի շրջանակում. «РИА Новости»

Փորձել են խոչընդոտել ու զենք են յուրացրել. ՀՀ-ում նոր քրեական գործ է հարուցվել Ռուսաստանից զենքի գնման մրցույթի գործի շրջանակում. «РИА Новости»

Հայաստանում նոր քրեական գործ է հարուցվել` Պաշտպանության նախարարության աշխատակցի կողմից ռուսական զենք մատակարարող ORSIS ընկերության շահերը ՀՀ-ում ներկայացնող փաստաբանի գործունեությանը խոչընդոտելու փաստով: Այս մասին РИА Новости գործակալությանը հայտնել է աղբյուրը:

Քրեական գործը հարուցվել է Հայաստանի հատուկ քննչական ծառայության կողմից: Բացի փաստաբանի գործունեությանը խոչընդոտելուց, կա մեղադրանք նաև ՊՆ աշխատակցի նկատմամբ` արժեքավոր նվեր յուրացնելու համար:

Ըստ գործակալության զրուցակցի` քրեական գործը հարուցվել է Հատուկ քննչական ծառայություն ստացված նյութերի հիման վրա, ըստ որոնց, այն բանից հետո, երբ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է առաջին քրեական գործը` զենքի գնման մրցույթի տապալման պատճառով, պաշտպանության փոխնախարարներից մեկի օգնականը փորձել է ORSIS ընկերության փաստաբանին համոզել հրաժարվել իրավապահ մարմիններին ներկայացրած բողոքներից:

Բացի այդ, 2019 թվականի սկզբին ORSIS-ի հայաստանյան դուստր ընկերությունը` ORSIS Arms-ը, ի նշան համագործակցության ամրապնդման ՀՀ ՊՆ-ին զենք էր նվիրել, որը, սակայն, չէր փոխանցվել կառույցին, այլ գրանցվել էր ՊՆ փոխնախարարի անունով:

Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանն առանց մանրամասներ ներկայացնելու հաստատել է նոր քրեական գործի հարուցումը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ՀՀ-ում քրեական գործ է հարուցվել զենքի գնման մրցույթի տապալման փաստով՝ «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի» հատկանիշներով։

Այս խորագրի վերջին նյութերը