Լրահոս

02.02.2020 18:38


Չեղարկվել է երգչուհի Ջամալայի երևանյան մենահամերգը

Չեղարկվել է երգչուհի Ջամալայի երևանյան մենահամերգը

«Եվրատեսիլ 2016» երգի հեղինակավոր մրցույթում հաղթած երգչուհի Ջամալայի երևանյան համերգը, որը նախատեսված էր փետրվարի 14-ին, չի կայանա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Դրիմ փրոջեքթ»-ի նախաձեռնությամբ Երևանում առաջին անգամ պետք է կայանար Ջամալայի մենահամերգը, սակայն «Ֆեյսբուք»-ում երգչուհու պաշտոնական էջում տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ համերգը տեղի չի ունենա։ Երգչուհու PR տնօրեն Դենիս Կոզլովսկին հայտնել է, որ Ջամալայի Երևանում կայանալիք համերգի համար հարցում եղել է, բայց կազմակերպիչներն այն չեն հաստատել։

«Դրիմ փրոջեքթ»-ի ներկայացուցիչ Հայկ Անդրեասյանը, պարզաբանելով ստեղծված իրավիճակը, նշել է, որ խնդիրը կապված է Ջամալայի ներկայացուցիչների ուղարկած ադրբեջանական բանկի հաշվեհամարի հետ: «Երբ առաջին պայմանագիրն ուղարկեցին, նշված էր, որ 2019-ի դեկտեմբերի 17-ին մենք կանխավճար պետք է փոխանցեինք: Քանի որ առջևում Ամանորն էր, պայմանավորվեցինք փոխանցումը կատարել հունվարի 10-ին. նրանք համաձայնվեցին: Խնդիրն առաջացել է նրանից, որ Ջամալայի ներկայացուցիչները մեզ ուղարկել են ադրբեջանական բանկի հաշվեհամար, չնայած բանկը գտնվում է Լոնդոնում, բայց Բաքվի «MuganBank»-ն է: Հայաստանից Ադրբեջան փոխանցում հնարավոր չեղավ իրականացնել։ Խոսեցինք Ջամալայի ներկայացուցիչների հետ, բացատրեցինք իրավիճակը, նրանք մեզ առաջարկեցին գնալ Թիֆլիս և այնտեղ առձեռն տալ մի մարդու այդ գումարը, բայց այդպես մենք չհամաձայնեցինք: Առաջարկեցինք մեզ տրամադրեն այլ բանկի հաշվեհամար: Սպասեցինք, որ ուղարկեն նոր հաշվեհամարը այլ բանկից, որը նրանք տրամադրել են 3 օր առաջ: Մենք նոր հաշվեհամարով կազմեցինք պայմանագիրը, ուղարկեցինք, որ հաստատեն: Բայց առանց մեզ պատասխանելու նրանք չեղարկեցին համերգը, որի մասին մենք ինքներս տեսանք Ջամալայի էջում»,-պատմել է Հայկ Անդրեասյանը:

«Դրիմ փրոջեքթ»-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ տոմսերի վաճառքը սկսվել է այն ժամանակ, երբ Ջամալայի պաշտոնական էջում Երևանում կայանալիք համերգի մասին տեղեկություն է տեղադրվել:

«Նրանց հետ ընթացող բանակցությունների բոլոր մանրամասները մեզ մոտ կան՝ ուղարկված պայմանագրերը, նկարները և այլն: Քանի որ հաշվեհամարի խնդիրն էր միայն, երկկողմանի որոշվեց, որ տոմսերի վաճառքն արդեն կարող ենք սկսել միչև այդ հարցի կարգավորումը: Երբ Ջամալայի պաշտոնական էջում տեղադրվեց երևանյան համերգի պաստառը, սկսվեց տոմսերի վաճառքը: Նրա էջից ուղիղ հղումով անցնելով Tomsarkgh.am՝ մարդիկ գնում էին տոմսերը: Առանց նրա պաշտոնական էջի հայտարարության, մենք չէինք կարող սկսել գովազդային արշավը: Ասեմ ավելին՝ մենք ամբողջությամբ նրանց թելադրած կանոնակարգով ենք շարժվել»-շեշտել է Հայկ Անդրեասյանը:

Նա խոստովանել է, Ջամալայի ներկայացուցիչների կողմից համերգի անսպասելի չեղարկումն իրենց համար անհասկանալի էր, իսկ բոլոր նրանք, ովքեր ձեռք են բերել տոմսերը, կարող են վերադարձնել և վերցնել գումարը:

Այս խորագրի վերջին նյութերը