Մեկնաբանություն

01.02.2020 17:15


Ինչ է լինում, երբ օրինականությունը ստորադասվում է իշխող անձի կապրիզներին

Ինչ է լինում, երբ օրինականությունը ստորադասվում է իշխող անձի կապրիզներին

Սահմանադրական դատարանի վրա կառավարության չդադարող հարձակումների ու ճնշումների երևույթի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցով մշտադիտարկման հանձնախմբի համազեկուցողների վերջին հայտարարությունն, ինչ խոսք, արտաքին քաղաքական «դեղին քարտ» էր: Ճի՛շտ է, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը փորձել է դրան այնպես արձագանքել, թե՝ բան էլ չի եղել, անձրև է գալիս, իբր դա ոչ թե «դեղին քարտ» է, այլ՝ «քարտ բլանշ»:

Անդրադարձը չծանրաբեռնելով մեր երկրի հարցով ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունից մեջբերումներով (տեքստը տարածվել է, շատերը, ինչ խոսք, կարդացել են, ահավասիկ նաև բնօրինակի հղումը՝ http://www.assembly.coe.int/nw/xml/News/News-View-EN.asp?newsid=7786&lang=2&cat=9, իշխանասեր արևմտամետները, հուսով եմ, անգլերենին գոնե բառարանով տիրապետում են)՝ կենտրոնանանք արդարադատության նախարարի արձագանքի վրա:

Ընտրողական մեջբերում անելով համազեկուցողների հայտարարությունից՝ պարոն Բադասյանը (այս «պարոն» բառը քծնանք կամ նման այլ բան չէ, այլ ընդամենը հարգանք՝ պետական տվյալ ինստիտուտի հանդեպ՝ նախարարի անձից ու տարիքից անկախ) մասնավորապես հայտարարում է. «Ողջունում եմ ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիտորինգի համազեկուցողների արձագանքը և վստահեցնում, որ շարունակելու ենք չտրվել սադրանքների ու իրավունքի գերակայության սկզբունքը ապահովելով լուծել ՍԴ ճգնաժամը»:

Չէ, լավ է, որ ողջունում է: Այսպես ասած, դրական հենքով է հակադրվում: Նորմալ է: Բայց ի՞նչ ասել է, թե «շարունակելու ենք չտրվել սադրանքների»: Պարոն նախարարն արդյոք նկատի ունի ՀՔԾ միջոցով ՍԴ նախագահի դեմ թիրախավորված հետապնդո՞ւմը, անմեղության կանխավարկածի խայտառակ ոտնահարումներով, գործադիր իշխանության քաջալերումներով ՍԴ նախագահի դեմ միակողմանի տեսանյութի տարածո՞ւմը: Իսկ գուցե քաղաքական նպատակահարմարությամբ «մասնագիտական հանձնաժողով» ձևավորե՞լն է սադրանք: Գուցե արդարադատության «իմքայլական» նախարարը ՍԴ նախագահի ընտանիքի անդամների նկատմամբ թիրախավորված հետապնդումներ իրականացնե՞լն է սադրանք համարում:
Թե՞ վարչապետի կոչով գործադիր և օրենսդիր մարմնի անդամի կարգավիճակ ունեցող անձանց կողմից դատարանները, այդ թվում Սահմանադրական դատարանը շրջափակելն է սադրանք:

Ողջամիտ ընկալմամբ դրանք, իհարկե, սադրիչ գործողություններ են: Բայց ո՞վ է այդ սադրանքների հրահրողն ու նախաձեռնողը (սա ձևական հարց է, քանզի պատասխանն ակնհայտ է):

Ամենից ցնցողն, իհարկե, արդարադատության նախարարի այն հավաստիացումն է կամ հավաստիացման փորձը, թե՝ «շարունակելու ենք... իրավունքի գերակայության նորմը ապահովելով»: Լո՞ւրջ: Ինչպե՞ս կարող է ներկայացուցիչը մի կառավարության, որի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, դեմքի լուրջ արտահայտությամբ խոսել իրավունքի գերակայության սկզբունքից: Պարոն նախարա՛ր, «իրավունքի գերակայության սկզբունքը» Չալոյի թաթի տակի ծվատված փալաս է դարձել ու դառնում ամեն օր՝ վարչապետ Փաշինյանի ամեն մի այնպիսի հայտարարության կամ գրառման հետ, որոնցով ոտնատակ են տրվում իրավունք ասվածն ինքնին, օրենքն ու օրինականությունն էլ՝ վերադիր: Դե՝ անմեղության կանխավարկածի սկզբունքի բացահայտ խախտումների մասին էլ չասեմ, քանզի առանց այդ էլ դրա մասին շատ-շատերն են ասում:

Հա, ու վերջինը: Ի՞նչ ասել է՝ «ՍԴ ճգնաժամ», որն էլ, իբրև թե ցանկանում են լուծել գործող իշխանությունները: «Սահմանադրական դատարանի ճգնաժամ» բնորոշումը բացարձակապես սուբյեկտիվ, կամայական ու մտացածին է: Դա զուտ գործող իշխանության քարոզչական ձեռնածությունն է (մանիպուլյացիա): Սահմանադրական դատարանի ճգնաժամ կարող է լինել միայն այն դեպքում, եթե պետական իշխանության այդ մարմինը չի գործում, նիստեր չի գումարում, դիմումներ չի ընդունում, չի քննում, որոշումներ չի կայացնում: Ոչ մի նման բան չկա: ՍԴ-ն գործում է, ու կառավարությունում դրան լավատեղյակ են այնքանով, որքանով որ ՍԴ առաջին դիմողների շարքում են: Այնպես որ, եթե ՍԴ-ի հետ կապված որևէ ճգնաժամ կա, ապա դա միայն երկրի իշխանության ղեկին հայտնված անձանց մոտեցումների ու կապրիզների մեջ է: Հա, ճգնաժամային մեկ աննշան տարր կա ՍԴ-ի հետ կապված. գործող իշխանության դրածոն, երկրորդ «դուբլից» ՍԴ դատավոր «ընտրվեցված» Վահե Գրիգորյանն ամիսներ շարունակ չի գնում աշխատավայր, բայց օգտվում է բոլոր արտոնություններից, այդ թվում՝ շատ բարձր ռոճիկ է ստանում: Ոչինչ չանելով: Չնայած, մի բան արել է: ՍԴ դատավորի կարգավիճակ ստանալուն պես, հանդես եկավ ամբարտավան հայտարարությամբ, թե ինքն է ՍԴ նախագահը: Դրանով նա բավականին զվարճացրեց իշխանության քննադատներին ու սուր դիտողությունների արժանացավ մասնագիտական շրջանակների արժանապատիվ ներկայացուցիչների կողմից:

Բայց, եթե արդարադատության նախարարը ոչ միայն ձևացնում, այլև համոզված է, որ իրենք ՍԴ հարցում ճիշտ ճանապարհով են ընթանում, իսկ ամեն տեսակ ԵԽԽՎ-ներն ու համազեկուցողներն ո՞վ են, որ մի հատ էլ մեր «թավշյա» իշխանությանը բան ասեն, ապա կարող է նույն ոգով, եթե կուզեք՝ «duxov» շարունակել այդ ուղեգիծը: Այդ ժամանակ արդեն ոչ թե նման հայտարարության տեսքով, այլ ավելի շոշափելի կերպով կերևա, թե ինչ է լինում, երբ օրինականությունը ստորադասվում է իշխող անձի կամ խմբակի քմահաճույքներին ու նեղ-խմբային շահերին:

Արմեն Հակոբյան

83896876_549840782543765_2008414397956882432_n

Այս խորագրի վերջին նյութերը