Մեկնաբանություն

01.02.2020 17:00


Մեծ քաղաքականության մեջ պատահական ոչինչ չի լինում

Մեծ քաղաքականության մեջ պատահական ոչինչ չի լինում

«Ներքաղաքական» հերթական թամաշան սարքելուց հետո Նիկոլը շտապեց Ղազախստանի մայրաքաղաք` մասնակցելու ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ էդ վաղ էր, որ էշը կաղ էր`Հայաստանի ապագա վարչահրամայապետը խորհրդարանական լսումներ էր կազմակերպում ԵՏՄ-ին մեր անդամակցությունը րոպե առաջ դադարեցնելու օրակարգով։

Հիմա նա ժամանակին իր կողմից մերժված` «հետամնաց երկրների ակումբ» հորջորջված այդ կառույցի ոչ մի միջոցառում բաց չի թողնում. Ֆիգարոյի պես այստեղ է, այլուր ու ամենուր` և՛ ԵՏՄ անդամ-երկրների ղեկավարների գագաթաժողովներում, որտեղ միայն ինքն է վարչապետ`մյուս երկրները ներկայացված են նախագահի մակարդակով, և՛ միջկառավարական խորհրդի նիստերում, որտեղ հավաքվում են կառավարությունների ղեկավարները։

Բայց այս դեպքում էլ «խիյարը թարս բուսնեց». մինչ Փաշինյանն Ալմաթիում սելֆի էր անում Ռուսաստանի նորանշանակ վարչապետի հետ, տեսախցիկների աչքից հեռու գուցե «քծնում»`բան-ման էր նվիրում պարոն Միշուստինին, Ռուսաստանի դեսպանատունը Հայաստանում հանդես եկավ հայտարարությամբ և իր տարակուսանքը հայտնեց Նիկոլի սրտի ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանի ձեռամբ ասպարեզ նետված` «համառորեն առաջ քաշվող» թեզի վերաբերյալ, ըստ որի` հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա, այդ թվում` ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը «սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը»։ Ռուս դիվանագետները մտահոգված են, որ «գլավլիտի» գործառույթ ստանձնած պաշտոնյան`Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի քարոզչական աշխատանքների երբեմնի համակարգողը, սուր է ճոճում ռուսական ալիքների վրա, և դեռ մի բան էլ Նիկոլի հանգույն «կռուտիտ է անում». ջուր է պղտորում, թե`դեսպանատունը տեղյակ է իր «բարի մտադրություններին» և ոչինչ չունի հարվածային այդ նախաձեռնության դեմ։

«Տ. Ռ. Հակոբյանի մեկնաբանությունից զարմանքով տեղեկացանք, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանը համակարծիք է նման մոտեցման հետ։ Կցանկանայինք հիշեցնել, որ դեսպանի և Հակոբյանի միակ և բավականին վաղուց տեղի ունեցած զրույցի ընթացքում առանց օտարերկրյա հեռարձակողների «նվազագույն սոցիալական փաթեթ» ստեղծելու նրա մտադրություններն ընդամենն ընդունվել են ի գիտություն։ Միևնույն ժամանակ, դիվանագիտական առաքելության ղեկավարի կողմից նշվել է ռուսական հեռուստաալիքների մշտական դիտողներ հանդիսացող ՀՀ բազմաթիվ քաղաքացիների շահերի հետ հաշվի նստելու անհրաժեշտությունը»։ Եվ ընդհանրապես, «մեր ռազմավարական հարաբերությունների դաշնակցային, եղբայրական բնույթի վերաբերյալ Հայաստանի ղեկավարության հնչեցրած հայտարարությունների ֆոնին ռուսական հեռուստաալիքների՝ «ազգային անվտանգության համար ներկայացնող սպառնալիքների» մասին թեզը տարակուսանք է առաջացնում»,-ասված է դեսպանատան տարածած հայտարարարության մեջ։

Սա հայ-ռուսական «աննախադեպ փայլուն» հարաբերությունների «անվիճելի» ապացույցներից մեկն է ընդամենը։ Դրան նախորդեց Նիկոլի կապանյան շատախոսալիսում «վավերացված» սկզբունքային դիրքորոշումը, թե, այո՛, իմ տեսակետը մնում է նույնը`ռուսներն են մեղավոր ապրիլյան պատերազմի համար. նրա՛նք են դրդել Ադրբեջանին`ռազմական գործողություններ սանձազերծելու Արցախի դեմ։

Ժողովրդի վարչահրամայապետը մինչ այդ էլ «ակնարկել» էր այդ մասին` պնդելով, որ Ռուսաստանը ցանկության դեպքում հեչի պես կարող է կանխել պատերազմի վերսկսման ցանկացած փորձ, քանզի ադրբեջանական կողմն այնքան չկա, որ առանց Ռուսաստանի թույլտվության գնա նման արկածախնդրության։ Դրանով իսկ կանխավ հանեց հնարավոր լայնամասշտաբ սադրանքի պատասխանատվությունը «կիրթ Ալիևի» ուսերից ու դրեց Ռուսաստանի նախագահի վրա (մի քիչ էլ`Արցախի «դավադիրներին», որոնք, եթե հիշում եք, դարանակալած` սպասում են հողեր հանձնելու և մեղքը իր վրա գցելու աստեղային ժամին)։ Ի դեպ, նման մի բան էլ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն ասաց Մնացականյան-Մամեդյարով «աննախադեպ ինտենսիվ» երկօրյա բանակցություններից հետո. թե բա` բավական է, որ Ռուսաստանը մի լավ նեղը գցի հայերին` ճնշում գործադրի Հայաստանի նկատմամբ, և հարցը շատ արագ կլուծվի։ Ասել է թե`Ռուսաստանն է մեղավոր, որ Ադրբեջանը մինչև հիմա չի հասել իր ուզածին։

Հիշեցնենք, որ «ընդդիմադիր ժամանակ»` 2000-2008թթ., Նիկոլի թերթը ամենօրյա ռեժիմով հայհոյում էր նախագահ Քոչարյանին, մեղադրում հարցի «լուծումը» միտումնավոր ձգձգելու մեջ` պարզերես անելով Ադրբեջանին, երկրորդելով Ադրբեջանի նախասիրած քարոզչական թեզը, թե ոչ թե իրենք են խոչընդոտում հարցի կարգավորումն իրենց ագրեսիվ հայտարարություններով և գործողություններով, այլ հայկական կողմը։

Ասեք, որ մեծ քաղաքականության մեջ պատահական ոչինչ չի լինում...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը