Մեկնաբանություն

31.01.2020 19:55


«Աստեղային ժամը» թավշայիններից ոմանց վերջնականապես «տարել է»

«Աստեղային ժամը» թավշայիններից ոմանց վերջնականապես «տարել է»

Գրեթե երկամյա վաղեմության դրամատիկ զարգացումները, կոնկրետ՝ ապրիլ-մայիսյան իշխանափոխությունը, պարզվում է, որ արդեն հայտնվել է պատմության դասագրքերում: Համենայն դեպս, 1 գրքում, որը կոչվում է «Հայոց պատմության հարցաշար՝ պատասխաններով», որի հեղինակն է Գայանե Օհանյանը: Գիրքը նախատեսված է հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանցիների համար, նաև կոչված է հեշտացնելու 6-9-րդ դասարանների ուսումնական նյութերի կրկնողությունն ու ավարտական քննությանը նախապատրաստվելը: Հիանալի է:

Բայց է՛լ ավելի զարմանահրաշ է, թե ի՜նչ ձևակերպումներ են գործածված՝ ոչ վաղ անցյալի ներքաղաքական իրադարձությունների և հենց «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության» հետ կապված:

Չէ, հասկանալի է, որ 2018-ի իշխանափոխությունը պատմական իրադարձություն է (ո՞վ կվիճի կամ ո՞վ է վիճում): Ավելին, այն արդեն՝ որպես իրադարձություն, ընկղմվում է պատմության գիրկը: Բայց երբ շտապում ես նման դեպքերը խցկել նաև պատմության դասագրքի կամ գրքի մեջ, զգույշ է պետք լինել, որպեսզի պատմության մեջ չընկնես: Այս դեպքում չի ստացվել «պատմության մեջ չընկնել»:

Ուշադրություն է գրավում, օրինակ, գրքում շարադրված այն ձևակերպումը, թե 1998-ին և հաջորդող տարիներին ընտրությունները կեղծվել են: Այդ սուբյեկտիվ ընկալումը՝ առանց այլևայլության, հաղորդվում է դեռահասներին: Անհայտ է մնում, օրինակ, գիրքը շարադրողի վերաբերմունքը 1995 թվականի ԱԺ, առավել ևս՝ 1996-ի նախագահական ընտրություններին:

Մեզանից յուրաքանչյուրը, ինչպես նաև՝ տարբեր քաղաքական ուժեր կարող են ամենատարբեր համոզմունքներ ունենալ և զանազան գնահատականներ հնչեցնել բոլոր այդ ընտրությունների վերաբերյալ, սակայն դպրոցականների, ուսուցման համար նախատեսված գրքերով ու դասագրքերով սուբյեկտիվ ու պարզունակ ընկալումներ սերմանելը շատ վատ ծառայություն է դպրոցականներին:

Բայց դրանք դեռ «ծաղիկներն» են: Ամենից զավեշտականը «թավշյա իշխանափոխության», կոնկրետ՝ 2018թ․ մայիսի 8-ին ԱԺ նիստում Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու վերաբերյալ ձևակերպումն է: Հիացե՛ք, խնդրեմ. «Դա անզեն հեղափոխություն էր, ժողովրդավարության և հայոց պատմության աստեղային ժամը, երբ ամբողջ մոլորակը սովորեց հայ ժողովրդից անարյուն հեղափոխություն անել»:

Բայց ինչո՞ւ այդքան համեստ՝ «մոլորակը»: Կարելի էր ասել, որ դա տիեզերական, գալակտիկական նշանակության իրադարձություն էր, մանավանդ, երբ «աստեղային ժամն» էլ կա: Էհ, Ցվեյգը լիներ, կընդգրկեր «թավշյա իշխանափոխությունն» իր «Մարդկության աստեղային ժամերը» գրքում:

Հայոց պատմության «աստեղային ժամ»-ն էլ է հիպերբոլիկ հնչում: Չնայած, մի՞թե ինչ-որ այլ համարժեք իրադարձություններ են եղել մեր պատմության ընթացքում: Ոնց որ թե՝ չէ: Հա, 301-ին, կարծես, քրիստոնեությունն է պետականորեն ընդունվել, 405-ին Մեսրոպ անունով մի հոգևորական, կարծես, Հայոց այբուբենն է գրել, բայց դրանք այնպե՜ս, պատմության չոր արձանագրումներ են, ի՜նչ աստեղային ժամ, ի՜նչ բան: Արտաշես Ա, Տիգրան Մեծ, Արշակ Երկրորդ, Աշոտ Բագրատունի... բոլորի պատմական փառքն ու վաստակը խամրում են 2018-ի համամոլորակային նշանակության իշխանափոխության աստղացոլքի առջև:

Կամ, թեկուզ 1918-ին, ապա 1991-ին անկախ պետականության վերականգնումը կամ Արցախի ազատամարտում հաղթանակը, Շուշիի ազատագրումը, էլի՝ այնպե՜ս, մանր-մունր պատմական անցքեր են, աստեղայինը Փաշինյանի՝ վարչապետ դառնալն է:

Զավեշտ է այդ ամենը, ինչպես ծաղրանկարային է մեր երկրի վերջին մեկուկես տարվա պետական ու քաղաքական ընթացքը: «Աստեղային ժամը» թավշայիններից ոմանց «տարել է»: Բայց երևի պետք է գոհ լինել, որ ավելի անհեթեթ բաներ չեն շարադրել, ասենք՝ հայոց փրկիչ Սորոսի, ԼԳԲՏ-ների, զանազան աղանդավորների ու մնացյալի վերաբերյալ:

Հա, ի դեպ, ուժեղ է ասված, թե՝ մոլորակը մեզանից անարյուն հեղափոխություն անել սովորեց: Սակայն շարադրողներին պետք է հուշել, որ անարյուն գունավոր հեղափոխություններ կամ հեղաշրջումներ ու իշխանազավթումներ աշխարհի տարբեր անկյուններում էլ են եղել, այդ թվում՝ վերջին 25-50 տարիներին: Եվ այդ «գունավորների» վրա մշակված տեխնոլոգիաները սերտել ու կիրառել են նաև ներկայիս թավշապետերը:

Արմեն Հակոբյան

88

Այս խորագրի վերջին նյութերը