Մեկնաբանություն

02.03.2011 13:43


Հարթակից ներքև

Հարթակից ներքև

ՀԱԿ–ի մարտիմեկյան հանրահավաքի մասին հոդված պատրաստելու համար երեկ գնացել էի Մատենադարանի մոտ։

Երբ «Նաիրի» կինոթատրոնի մոտից ոտքով բարձրանում էի, լսեցի դեպի Մատենադարան շտապող երեք երիտասարդների զրույցը։

Նրանից մեկն, ակնհայտորեն, «Լևոնի վկա» էր, ով իր ընկերներին «դուխ» էր տալիս «Հեսա Օպերայի հայաթը էսօր վերցնելու ենք» ձևակերպմամբ։ Մյուս երկուսը միայն լսում էին։

Ես, լրագրողական հետաքրքրությունից դրդված, ականջս կախեցի նրանց խոսակցությանը և գնացի հետևներից։

–Բա որ էսօր էլ Լևոնը սաղիս տուն ուղարկի՞,– երբ արդեն մարդաշատ բազմության մեջ էինք հայտնվել «վկային» հարցրեց ընկերը և ավելացրեց,– կտենաս որ տենց էլ անելու ա։

«Վկան» նայեց մյուս ընկերոջն ու հարցրեց. «Դու էլ ես տենց մտածո՞ւմ»։ Սա միայն մեկ բառով պատասխանեց՝ «տենանք»։

«Վկան», ում անունը Սուրեն էր, արյունն աչքերի մեջ նայելով իր «անհավատ» ընկերներին, 100 տոկոսանոց համոզվածությամբ հայտարարեց, որ ինքն ինֆորմացիա ունի և ՀԱԿ–ում որոշել են, որ այսօր գրավվելու է հրապարակը ու մի քանի ժամից բոլորը կհամոզվեն, որ դա այդպես է։

Հանրահավաքն ավարտվեց, և բոլորն էլ տեսան, թե ինչպես «գրավվեց» Ազատության հրապարակը։

Ես տեսադաշտիցս բաց չէի թողել «վկային» ու իր ընկերներին և հետները մինչև վերջ քայլում էի երթի ժամանակ ու միաժամանակ ականջ դնում նրանց բանավեճին։

Ասեմ, որ «վկան», անմեղսունակի ոգևորվածությամբ, պարբերաբար գոռում էր «Լե՛–վո՛ն, նախագա՛հ, Սեր–ժի՛կ, մարդասպան», բայց նրա մյուս երկու ընկերների մոտ էնտուզիազմի ակնհայտ բացակայություն կար և նրանք վրա էին տալիս. «Արա տեսա՞ր, բա որ ասում էինք էսօր էլ ա տուն ուղարկելու Լևոնդ»։

«Վկայի» միակ պատասխանն այն էր, թե ուրեմն Լևոնը մի բան գիտի, որ չի ուզում Օպերան էսօր գրավի։

Թե ինչ գիտի Լևոնը, որը չգիտեն նրա «վկաները»՝ մեզ չհետաքրքրող հարց է։ Մեզ միայն հետաքրքրում է, թե արդյոք գիտե՞ն «Լևոնի վկաները», որ Մարտի 1–ի հանրահավաքից առաջ Տեր–Պետրոսյանն իր խնամու շուրթերով հանդես էր գալիս Սերժ Սարգսյանի իշխանության կայունությունը երաշխավորողի դերում։

Հասկանու՞մ են արդյոք «վկաները», որ Լևոնը հիմա ֆունկցիոնալ առումով անում է այն, ինչն «աղջիկ վախտ» անում էին Արտաշես Գեղամյանն ու Արթուր Բաղդասարյանը։ Իսկ այն, որ Լևոնը միտինգ է անում, իր կողմնակիցներին կալանավորում են, իսկ ոստիկաններն էլ պարբերաբար քաշքշում են նրա «վկաներին»՝ դա ոչինչ չի նշանակում։

Տարիներ առաջ Գեղամյանն այնպես էր հայհոյում Սերժին, որ երբ տեսնում ես այդ երկուսին միասին՝ մտածում ես, որ երկուսն էլ արժանապատվության հետ խնդիրներ ունեն։

Ի դեպ, Արթուր Բաղդասարյանն էլ ԱԽՔ–անալուց առաջ Սերժ Սարգսյանին մեղադրում էր իրեն սպանելու հրահանգ տալու մեջ։ Եվ ի՞նչ։ Ոչինչ։ Բաղդասարյանն այժմ Սերժի կողքից չի հեռանում։

Լևոնն այժմ այլ կերպ է կատարում հաճախորդի իր դերը։ Նրա խնդիրն է ժողովրդին հավաքելն ու տուն ուղարկելը, և մարդը դա շատ լավ անում է։ Ճիշտ է, նա «քացի» է տալիս իշխանություններին ու գոռգոռում է այդ ընթացքում, բայց դա հին, «դհոլային» ավանդույթ է։ Այսքան բան։

Եթե Տեր–Պետրոսյանը, խոշոր հաշվով, գաղափարական տարաձայնություններ չունի Սերժ Սարգսյանի հետ, ապա  նրա ի՞նչ ընդդիմություն լինելու մասին է խոսքը։ Այդտեղ պարզ աթոռակռիվ է, որը չստացվելու պարագայում վերածվում է գեղամյանության, ինչով էլ զբաղված են Լևոնն ու իր խնամին, իսկ հարթակի ներքևում գտնվողներին վերապահված է ծեծ ուտելը, բանտում հայտնվելն ու գլխաքանակ ապահովելը, որպեսզի նորաթուխ գեղամյանների հաճախորդացումն ավելի թանկ գնով լինի։ Եվ ուրեմն՝ պայքա՛ր, պայքա՛ր, մինչև վերջ...

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը