Քաղաքական

31.01.2020 10:15


Փաշինյանը «հիբրիդային հեղաշրջման» օրակարգի շղարշի ներքո փորձում է քողարկել իր ձախողումները․ «Փաստ»

Փաշինյանը «հիբրիդային հեղաշրջման» օրակարգի շղարշի ներքո փորձում է քողարկել իր ձախողումները․ «Փաստ»

«2018 թվականի ընթացքում իր պիկին հասած հանրային տրամադրությունների էյֆորիան այլևս չկա, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում ներկայիս իշխանությունների համար սեփական վարկանիշը պահելու տեսանկյունից։

Եթե նախկինում Փաշինյանին հաջողվում էր դրական փոփոխությունների վերաբերյալ հանրային սպասումներ գեներացնել, ապա ներկա փուլում այն դժվար է լինելու։ Խնդիրն այն է, որ վարչապետը ժամանակի ընթացքում տարբեր օրակարգեր է բերում առաջին պլան։

Վերջինս իշխանափոխությունից ի վեր խոսում է կոռուպցիայի դեմ հուժկու պայքարի, անցումային արդարադատության ներմուծման, տնտեսական հեղափոխության, ներդրումների ներգրավման և Հայաստանի ֆանտաստիկ զարգացման և այլ հարցերի մասին։

Կարող ենք արձանագրել, որ որոշ ժամանակ հնարավոր եղավ մարդկանց մեջ փոփոխությունների իմիտացիա ձևավորել։

Եվ հանրային ուշադրությունը սևեռվեց քրեական գործերի հարուցման, տարբեր անհատների բերման ենթարկելու, բաց թողնելու շոուների վրա, սակայն երբ ժամանակի ընթացքում «բռնել, բաց թողնելու» կամ թեկուզ «բռնել, բաց չթողնելու» նկատմամբ կորավ հասարակության հետաքրքրությունը, վարչապետը մեծ թափով առաջ մղեց «տնտեսական հեղափոխության» օրակարգը։

Այս հանգամանքով է պայմանավորված, որ Փաշինյանը սկսեց հատուկ ուշադրության արժանացնել տնտեսական ցուցանիշները՝ իր ֆեյսբուքյան էջում բերելով տվյալներ, թե որ ուղղություններով ինչ առաջընթաց է ունեցել կառավարությունը։

Այնուամենայնիվ, հանրությունն այդպես էլ որևէ կերպ չի զգում «տնտեսական հեղափոխության» հետևանքները, ուստի բնականաբար այդ թեզի նկատմամբ ևս հետաքրքրությունը սկսում է նվազել։

Ավելին՝ այն սկսել է պարզապես զայրացնել հանրության գերակշիռ մասին, քանզի «տնտեսական հեղափոխությունը» Փաշինյանի, իր թիմի գրպաններից ու «օդ տատանելուց» այն կողմ չանցավ:

Բնակչությունը ներկայումս մեր երկրում լուրջ տնտեսական զարգացում չի տեսնում։

Իսկ քաղաքացիների կյանքի բարելավմանն ուղղված կառավարության որոշումները չեն բխում սոցիալական հավասարության սկզբունքից, երբ, օրինակ՝ նախարարների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների աշխատավարձերը բարձրանում են գրեթե կրկնակի, վերջիններս աստղաբաշխական չափերով պարգևատրումներ են ստանում, իսկ մյուս աշխատավորների աշխատավարձերը և հազարավոր թոշակառուների թոշակները բարձրանում են ընդամենը չնչին չափերով։

Նույնը վերաբերում է նաև երկամտահարկի համահարթեցմանը, որի արդյունքում օգտվում են 150 հազարից ավելի աշխատավարձ ստացող մարդիկ, քանի որ իրենց եկամտահարկը փաստացի նվազում է՝ ի տարբերություն մինչև 150 հազար դրամ ստացող մարդկանց։

Կառավարության կողմից առաջ քաշվող այսպիսի որոշումները ավելի շատ պայմաններ են ստեղծում սոցիալական բևեռացման համար։ Մյուս կողմից` Փաշինյանի հրապարակած տվյալները մարդիկ արժանահավատ չեն համարում, քանի որ դրանք չեն արտացոլում իրականությունը և ուռճացված են։

Եվ պատահական չէ, որ վարչապետը պարբերաբար հեռացնում է տարբեր ցուցանիշների վերաբերյալ իր գրառումները, քանի որ պարզվում է, որ դրանց մեջ անճշտություններ կան, որից հետո նորից հրապարակում արդեն վերախմբագրված գրառումը։ Երբեմն էլ վարչապետի հրապարակած տվյալներն ուղղակի մանիպուլյատիվ բնույթ են կրում։

Օրինակ՝ ըստ Նիկոլ Փաշինյանի, 2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2 մլրդ 174 մլն դոլար, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 465 մլն դոլարով կամ 27,6%-ով, 2017-ի համեմատ՝ 635 միլիոն դոլարով, կամ 41%-ով:

Սակայն իրականում Կենտրոնական բանկի հրապարակած ՀՀ վճարային հաշվեկշռի տվյալներից պարզվում է, որ 2018 թ.-ի առաջին ինը ամիսներին օտարերկրյա ներդրումները կազմել են 186,4 մլն դոլար, իսկ 2019 թ. ինը ամիսներին՝ 185,7 մլն դոլար։

Այսինքն, օտարերկրյա ներդրումները ոչ թե աճել են 456 մլն դոլարով, այլ նվազել ավելի քան 700 հազար դոլարով։

Այսպիսով, քանի որ այլևս հնարավոր չէ հանրության ուշադրությունը գրավել տնտեսական հեղափոխության «կախարդական» ցուցանիշներով, վարչապետին մնում է բոլորովին նոր օրակարգ առաջ քաշելը, որը վերաբերում է իրենց իշխանության դեմ մղվող, այսպես կոչված, հիբրիդային հեղաշրջմանը։

Այդ մասին Փաշինյանը խոսեց Կապանում ունեցած իր ասուլիսում, իսկ իշխանության մյուս ներկայացուցիչներն էլ զարգացրին այդ թեզը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը