Մեկնաբանություն

31.01.2020 10:15


Չմոռանա՛ք մեղավորության կանխավարկածն էլ ներառել սահմանադրական փոփոխությունների փաթեթում

Չմոռանա՛ք մեղավորության կանխավարկածն էլ ներառել սահմանադրական փոփոխությունների փաթեթում

Զարմանալի է, բայց պետությունը մաս-մաս քանդելուց ու դրա ավերակների վրա առանձին վերցրած մեկ ընտանիքի «թավշաբռնապետության» հիմքերը դնելուց մի տարի, 8 ամիս անց Հայաստանում դեռ կան մարդիկ, որոնք հիշում և նույնիսկ խոսում են անմեղության կանխավարկածի մասին։

Ի՜նչ էլ լավ հիշողություն ունեք` այստեղ են ասել...

Ի՞նչ անմեղության կանխավարկած։ Վարչահրամայապետ Փաշինյանն ընդդիմադիր ժամանակ էլ «հաշտ չէր» սրան-նրան զրպարտելու, վարկաբեկելու սիրահարների կյանքը բարդացնող այդ դրույթի հետ և ամենօրյա ռեժիմով, օրական մի քանի անգամ և շատ կոպիտ` առանց ձևականությունների, ոտնատակ էր տալիս`ինչպես կարողանում էր. և՛ ԱԺ ամբիոնից` «ֆուտուրիստական» ոճով իր բոցաշունչ ելույթներում, և՛ իր ընտանեկան թերթի (կայքի) միջոցով։ Իսկ իշխանությունը բուռը հավաքելուց (բուդկի պես սեփականաշնորհելուց) հետո առհասարակ մոռացավ` ի՞նչ ասել է անմեղության կանխավարկած և ինչով են դա ուտում։

Մնում է Սահմանադրությամբ ամրագրի «դե ֆակտո իրավիճակը»` անմեղության կանխավարկածը փոխարինի մեղավորության կանխավարկածով, և... բացականչական նշա՛ն։

Այս առումով, «բնական» է և ավելի քան «տրամաբանական», որ Փաշինյանի շրջապատն ու իրեն սպասարկող «գեբելս-TV»-ները` հարկատուների հաշվին իշխանական ագիտպրոպ աշխատող Հ1-ի գլխավորությամբ, առաջնորդվում են հե՛նց մեղավորության կանխավարկածով (ամենաթարմ օրինակը Հ1-ի՝ ՍԴ նախագահին «ձոնած» զրպարտչավավերագրական ռեպորտաժն է)։

Ավելի՛ն։ Սահմանադրության 29-րդ հոդվածը խտրականության արգելքի վերաբերյալ, ըստ որի` «խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է», փաստացի նույնպես դե ֆակտո ուժը կորցրած է ճանաչվել:

Վերջին անգամ այդ մասին ի լուր աշխարհի հայտարարեց իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանը`պնդելով, որ «նոր» Հայաստանում «նախկիններն» անելիք չունեն` ինչքան շուտ «փասա-փուսաները» հավաքեն ու հեռանան, եթե ոչ երկրից, ապա առնվազն պետական կառավարման համակարգից, այնքան լավ։ Մասնավորապես, «Հրայր Թովմասյանը երբե՛ք չի կարող ո՛չ գործադիրի, ո՛չ որևէ ընտրված, այսինքն` նոր Հայաստանի ընտրված պաշտոնյայի հետ հավասարը հավասարի խոսել, որովհետև ինքը չունի այն լեգիտիմությունը, որը ունեն այսօրվա Հայաստանի հանրապետության ընտրված իշխանությունները»։

Այսինքն` Հայաստանում կան «նոր» Հայաստանի լիիրավ քաղաքացիներ, և կան «երկրորդ սորտի» քաղաքացիներ, նախկին իշխանության օրոք մեծ կամ միջին տրամաչափի որևէ պաշտոն զբաղեցրած անձինք (օրինակ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, որին թույլ չտրվեց իր նպաստը բերել սահմանադրական «բարեփոխումների» գործընթացին), որոնք, անկախ իրենց անցած ճանապարհից, մարդկային և մասնագիտական որակներից, երբեք և ոչ մի պարագայում չեն կարող հավասարեցվել թավիշների սրտի հպարտ քաղաքացիներին։ Առավել ևս`«հավասարը հավասարի» պես հարաբերվել փողոցից իշխանության եկած քայլարածների հետ։

Երջանիկ բացառություն են կազմում մի գիշերում ճամբարափոխ (դավանափոխ) եղած նախկին բարձրաստիճանները, որոնք գործով են ապացուցել իրենց անմնացորդ նվիրվածությունը «հեղափոխության արժեքներին»։

Դե յուրե դեռևս չամրագրված, բայց գործնականում վաղուց ներդրված և հաջողությամբ կիրառվող այդ «սկզբունքային փոփոխությունները» տեղ կգտնե՞ն «նոր» Հայաստանի վարչահրամայապետի հագով կարվելիք «թավշյա» Սահմանադրության նախագծում`կապրենք, կտեսնենք։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը