Կարծիք

30.01.2020 14:21


Մենք ունենք ավանտյուրիստ վարչապետ

Մենք ունենք ավանտյուրիստ վարչապետ

Պատմությունից հայտնի են բազմաթիվ ավանտյուրիստներ՝ Մատա Հարին՝ պարուհի և լրտես, Շեվալյե դ՛Էոնը՝ տրանսվեստիտ ու նույնպես լրտես, Ջեյմս Բրուկը՝ առաջին սպիտակամորթ հնդկական ռաջան, Կոնչինո Կոնչինին՝ Ֆրանսիայի թագուհի Մարիա Մեդիչի սիրեկանը, կոմս Կոլիոստրոն, Կոմս Սեն-Ժերմենը, Մարիա Պտին՝ Պարսկաստանում Ֆրանսիայի ինքնակոչ դեսպանը և այլն։

Առանց ավանտյուրիստների՝ համաշխարհային պատմությունը կաղքատանար։ Ավանտյուրստները, որպես կանոն, ստեղծագործ անձինք են՝ օժտված վառ երևակայությամբ։ Նրանք խախտում են ընդունված նորմերը, պարզ տրամաբանության կանոնները, չեն հարգում քրեական օրենսգիրքը։

"Ավանտյուրիստը" բառացի նշանակում է արկածախնդիր։ Նրանք կարողանում են անհավանական հաջողությունների հասնել, սակայն, երբ մուտք են գործում մեծ քաղաքականություն, ապա նրանց արկածները, իրենց համար, տխուր ավարտ են ունենում։

Բազմաչարչար, բայց տաղանդավոր հայ ժողովուրդը համաշխարհային փառքի հասած ավանտյուրիստներ մարդկությանը չի նվիրել։ Ավիակոնստրուկտորներ, ֆիզիկոսներ, դերասաններ, ռեժիսորներ, անգամ կայսրեր մենք ունեցել ենք, բայց այս հարցում դեռ ասելիք ունենք։

Եթե իսպանացիները մարդկությանը տվել են կոնկիստադորներ, որոնք նույնպես ավանտյուրիստներ էին, անգլիացիները՝ հռչակավոր ծովահեններ, ապա մեր խաչագողերն ընդամենը տեղական նշանակության, մեծ երևակայություն չունեցող արկածախնդիրներ են եղել։

Սակայն, այսօր, կարծես թե այդ բացը լրացվում է։ Մենք ունենք ավանտյուրիստ վարչապետ, որին աշխարհում շատերն են արդեն ճանաչում։ Ճանաչում են, ու գնալով ավելի են զարմանում։

Ավանտյուրիստները սիրում են ռիսկային արկածներ, երբեմն անիմաստ փորձություններ։ Դա նրանց էությունն է, որից չեն կարողանում հրաժարվել։ Դա նրանց հոգեբանաության անբաժան էությունն է։ Աֆյոռան, ավանտյուրան, ընդունված նորմերի և քրեական օրենսդրության խախտելու ձգտումն իրենց արյան մեջ է, առանց դրանց կյանքը կորցնում է իմաստը։ Աֆյոռաները նրանց համար ինքնահաստատման միջոց են։

Դա մարդու տեսակ է, շատ դեպքերում ներկաների ու մասնակիցների համար բավականին զվարճալի, սակայն որքանով է հետաքրքիր և զվարճալի, երբ ավանտյուրիստը, դառնալով երկրի ղեկավար, ինքնահաստատվում է երկրի ճակատագրի հաշվին։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը