Մեկնաբանություն

29.01.2020 15:45


Ոստիկանության «հիբրիդային» ներդրումը

Ոստիկանության «հիբրիդային» ներդրումը

Ոչ մի ընդդիմադիր կամ «իրենցքայլական» ընկալմամբ՝ հակահեղափոխական ուժ կամ գործիչ չէր կարող ու չի կարող ավելի արդյունավետ վարկաբեկել, «սև-PR անել» «թավշյա» իշխանությանն ու իշխանապետերին, ինչպես դա անում են հենց իրենք:

Վերցնենք, օրինակ, ոչ այնքան վաղուցվա, այսինքն երեկվա տոնական օրվա տրամադրությունն ստվերած ոստիկանական «հանճարեղ» գործողությունը: Խոսքը, իհարկե, Նիկոլ Փաշինյանին առավել սուր քննադատողներին «ասֆալտին փռելու» քաջապանծ գործողության մասին է:

Ոստիկանական հատուկ, դիմակավորված ուժերի ներգրավմամբ, աղմուկով, ցուցադրական կոշտությամբ ձերբակալվեցին «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը, ապա նաև «ԲլոգՆյուզ»-ի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը: Տրամաբանորեն հասկանալի էր, որ հաջորդը լինելու է «Ադեկվատի» նախաձեռնող Արթուր Դանիելյանը: Ձերբակալվեցին «Ադեկվատ» շարժման ևս երկու ակտիվ անդամներ: Վերջում էլ, երբ մութն ընկավ ու մյուսներին բաց էին թողել, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ձերբակալվեց:

Այն, որ բոլորի դեպքում աղմուկով-դիմակավորով-ձեռնաշղթայով և այլ ոստիկանապետական ատրիբուտիկայով ու կոպտության դրսևորումներով ձերբակալման շարժառիթները մտացածին են ու շինծու, կասկածից վեր է: Այն, որ սա քաղաքական ռեպրեսիայի դրսևորում է իր վարկանիշն ու ադեկվատությունը ավելի ու ավելի կորցնող իշխանության կողմից, ասում են ոչ միայն երեկ ձերբակալվածները կամ նրանց համախոհները:

Ի՞նչն է ուշադրություն գրավում այս «բռնոցի-թողոցի» ոստիկանական «գերհանճարեղ» օպերացիայի հետ կապված:

Ամենից առաջ, ծիծաղելի է ապօրինի զենք-զինամթերք կամ թմրանյութ պահելու, ունենալու կասկածը, որի հիման վրա նշված հանրային ակտիվ հակաիշխանական դիրքորոշմամբ հանդես եկող անձանց ոստիկանությունը, նաև վնասվածքներ պատճառելով, ձերբակալել էր: Ծիծաղելի է նախ, այն պատճառով, որ բոլոր այդ անձինք տրամաբանող և գիտակից անհատներ են, նրանցից շատերը այս մեկուկես տարում արդեն բազմիցս են տարվել ոստիկանություն, նաև՝ հրաշալի գիտեն, որ իրենց հետևում են, գաղտնալսում, իրենց վրա «կեղտ են փնտրում», որ ինչ-որ մի պատրվակով բանտարկեն: Այդ ամենն իմանալով հանդերձ, նրանք որքան կամ ինչ աստիճանի, կներեք, «անջատված» պիտի լինեն, որ մի հատ էլ ապօրինի զենքով կամ որևէ հետապնդելի նյութ գրպանները դրած շրջեն: Լավ, իշխանությունը որքա՜ն պարզունակ պիտի լինի, որ մտածի, թե՝ «մեկ էլ տեսար»: Ո՞ւմ են էլի, փորձում, կներեք, «էշի տեղ դնել»:

Ավելին, Արթուր Դանիելյանը, իմանալով ընկեր-համախոհների ձերբակալման մասին, ֆեյսբուքյան ուղիղ եթերը միացրած, մեքենայով շարժվում է դեպի ոստիկանության 6-րդ վարչության շենք ու ճանապարհին դիմակավորները նրան էլ են «տանում»՝ նույն հիմքով: Այսինքն ոստիկանությունում երևի կարծում են, թե բոլորն իրենց նման «ուղղագի՞ծ» են:

Ամենից «ճոխն», իհարկե, Նարեկ Սամսոնյանի ձերբակալման խայտառակ պատմությունն էր: Մարդն ամբողջ օրը ոստիկանության 6-րդի մուտքի մոտ էր՝ ակտիվ այլ քաղաքացիների հետ: Ու այն բանից հետո, երբ արդեն մյուսների խայտառակ բռնել-թողնել օպերացիան ավարտվել էր, ոստիկանությունը ուշ երեկոյան հիշեց, որ ախր նրան էլ պիտի ձերբակալեին, ու անցան գործի:

Հաջորդիվ իշխանական կամ մերձիշխանական շրջանակներից շրջանառության մեջ դրված թեզը, թե ոստիկանությունը, իբր ինքնագործունեությամբ է զբաղվել, ընդհանրապես ոչ թե գլխուղեղ այլ նույնիսկ ողնուղեղ չունեցողների համար է: Լավ, ո՞վ չգիտե, որ ոստիկանությունը, այն էլ հատուկ ստորաբաժանման դեպքում, ինքնագործունեությամբ չի զբաղվում և կատարում է իշխանության, կառավարության, կոնկրետ վարչապետի որոշումները, հրահանգները, մեր դեպքում՝ քմահաճույքները:

«Ինքնագործունեության» վարկածը բացի անհեթեթ լինելուց, ընդհանրապես որևէ դիտողության չի դիմանում նաև այն պատճառով, որ եթե ցերեկվա խայտառակությունը նույնիսկ «ինքնագործունեություն» համարես (աբսուրդ է հնչում, բայց ենթադրենք), հապա ինչո՞վ է պայմանավորված դրանից ժամեր ու ժամեր անց թեման վերաբորբոքելը՝ ևս մեկ անկապ ու անտեղի ձերբակալությամբ:

Ի՞նչ է, ոստիկանությունը չի՞ ենթարկվում Նիկոլ Փաշինյանին: Գուցե «հիբրիդային հեղաշրջման» մտմտումների մե՞ջ է ներգրավված:

Եթե ավելի լուրջ, չնայած այս խեղկատակային կացությանն արդեն անհնար է դառնում առանց դառը քմծիծաղի նայելը՝ բոլորն էլ հասկացան, որ իշխանությունը խնդիր էր դրել Բանակի օրվա տոնական օրով փչացնել առնվազն իրեն քննադատող շրջանակների տրամադրությունը: Զուգահեռ իշխանական նպատակներից մեկը կարող էր լինել «քծնանքային գրիչի» թեմայով Նիկոլ Փաշինյանի է՛լ ավելի խայտառակ սայթաքումը «նոր աղմկոտ պատմությամբ» ծածկելը, ինչը ևս ձախողվեց: Չի բացառվում նաև, որ Փաշինյանի իշխանությունն այդպիսով ցանկանում էր ևս մեկ անգամ հետապնդումների ու վախի մթնոլորտի ազդակներ հաղորդել հանրույթանը:

Բայց, երեկվա իրադարձությունների ընթացքն ու հաջորդած արձագանքները եկան հաստատելու, որ իշխանական այդ ենթադրելի նպատակները ձախողվել են: Միակ բանը, ինչին հասավ այս ոստիկանական «հիբրիդային» գործողությամբ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը, այն է, որ ավելի վարկաբեկեց իրեն՝ սկսելով արդեն կորցնել իր հանդեպ լոյալ կամ նույնիսկ ժամանակին «թավշից» ոգևորված հայրենակիցների աջակցությունը:

Երկրում, որոշակի առումով, իրավիճակ է փոխվել: Իսկ առջևում փետրվարն է...

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը