Քաղաքական

28.01.2020 16:27


Երկրի ղեկավարի նման պահվածքն առաջին հերթին վնասում է մեր պետությանը. Լևոն Քոչարյան (տեսանյութ)

Երկրի ղեկավարի նման պահվածքն առաջին հերթին վնասում է մեր պետությանը. Լևոն Քոչարյան (տեսանյութ)

Իշխանությունների կողմից Սահմանադրական դատարանի դատավորներին թիրախավորելը, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը նույն գործողության շարունակական էլեմենտներ են: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:

«Եթե ժամանակագրական առումով նայենք, կհասկանանք՝ երբ իշխանությունները սկսեցին հասկանալ, որ ՍԴ-ն պետք է փոխվի. դա ուղիղ կապ ունի հորս գործի հետ: Անցած տարվա մայիսից սկսած, երբ Առաջին ատյանի դատարանը գործն ուղարկեց ՍԴ, այդ ժամանակ սկսվեց այս ամբողջ գործընթացը՝ թիրախավորել ՍԴ դատավորներին, այնուհետև հայտնի սեպտեմբերի 4-ի որոշումից (այդ օրը, հիշեցնենք, ՍԴ-ն, քննելով «Մարտի 1-ի» գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումը՝ հակասահմանադրական էր ճանաչել դիմումում վիճարկվող երկու հոդվածներից մեկը. Tert.am) օրեր անց նաև հրաժարական տվեց ԱԱԾ տնօրենը»,-ասաց Քոչարյանը:

Նա նշեց, թե չի պատկերացնում իրավիճակի հանգուցալուծումը. «Չգիտեմ՝ ՍԴ դատավորներն ինչքանով տեղի կտան այն հսկա ճնշումներին, որ գործադրվում է նրանց հանդեպ»:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը, թե վերջինս ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի կողմից գրիչ է ստացել, Լևոն Քոչարյանն ասաց. «Երկրի ղեկավարի նման պահվածքը, նման խոսելաոճը, անպատասխանատու հայտարարությունները, կարծում եմ, առաջին հերթին վնասում են մեր պետությանը: Ցանկություն չունեմ խորանալու գրիչի պատմության մեջ, բայց ամենայն անկեղծությամբ, առանց չարախնդալու, առանց անձնավորելու՝ կարծում եմ՝ իրոք մեր պետության համար սա լավ չէ, և կարծես՝ ես էլ ամաչեմ այս ամենի համար, որ տեղի է ունենում: Բոլորիս ամոթն է, որ այսքան ցածրացվել է դիսկուրսի մակարդակը, խոսելաոճը, լեքսիկոնը: Չեմ կարծում, որ դա պատիվ է բերում մեր երկրին»:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը