Քաղաքական

27.01.2020 15:38


Հենրիկ Հարթենյանը համաձայնել է վայր դնել Երևանի ավագանու անդամի մանդատը

Հենրիկ Հարթենյանը համաձայնել է վայր դնել Երևանի ավագանու անդամի մանդատը

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանին հորդորել է վայր դնել ավագանու անդամի մանդատը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունվարի 27-ին տեղի ունեցած խմբակցության հրատապ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը:

«Այսօր քննարկման ժամանակ խմբակցության անդամները վերահաստատեցին, որ դա մեր արժեհամակարգին հարիր չէ, մեր որդեգրած սկզբունքներին դեմ է: Հավատարիմ մնալով այդ սկզբունքներին, հորդորեցինք պարոն Հարթենյանին, որպեսզի հրաժարվի մանդատից: Նա համաձայնեց»,-ասաց Էյրամջյանը:

Հունվարի 26-ին Հենրիկ Հարթենյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջի «story» բաժնում տեղադրել էր Սարա Թովմասյան անունով օգտատիրոջ լուսանկարը և փորձել հանրության ուշադրությունը գրավել նրա վրա՝ գրելով, թե էջը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի աղջկանն է:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն էր տարածել դեպքի առնչությամբ. «Հարգելի քաղաքացիներ, Խստորեն դատապարտում ենք ատելության խոսքի ցանկացած դրսևորում: Հայցում ենք ձեր ներողամտությունը կատարվածի առթիվ: «Իմ քայլը» խմբակցությունը կգումարի հրատապ նիստ, որից հետո հանդես կգանք հայտարարությամբ»:

Այս խորագրի վերջին նյութերը