Կարծիք

26.01.2020 11:25


Ինչո՞ւ է Փաշինյանը մեղադրում Տեր-Պետրոսյանին ընտրակեղծիքների համար, բայց չի ձերբակալում

Ինչո՞ւ է Փաշինյանը մեղադրում Տեր-Պետրոսյանին ընտրակեղծիքների համար, բայց չի ձերբակալում

Կապանյան մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս բացահայտորեն Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրեց 1996 թ-ի սեպտեմբերի 22-ի նախագահական ընտրությունները կեղծելու մեջ... Այդ ընտրություններին հաջորդած իրադարձությունները շատ նման էին 2008 թ․-ի մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձություններին (միայն մեկ տարբերությամբ, որ 1996 թ․-ի սեպտեմբերի վերջին Երևանում տեղի ունեցած բախումների ժամանակ զոհեր չկային)... 1996 թ․-ի դեպքերի ժամանակ բազմաթիվ մարդիկ ծանր վիրավորվեցին, հարյուրից ավելի մարդ քաղբանտարկյալի կարգավիճակում հայտնվեց բանտերում... Սակայն, զարմանալիորեն, մեղադրելով Տեր-Պետրոսյանին Հայաստանում "սահմանադրական կարգը տապալելու" և իշխանության բռնազավթման մեջ, պարոն Փաշինյանը նրան և նրա ընկերներին, որոնցից ոմանք հիմա իրենց զավակների հետ միասին տաքուկ տեղավորվել են կառավարությունում, ՏԻՄ-երում, ԱԺ-ում, իշխանական ԶԼՄ-ներում և այլն մեղադրանք չի առաջադրել, ինչպես նաև փոխհատուցում չի տրամադրել զինվորների և ոստիկանների հետ բախման ժամանակ տուժած քաղաքացիներին, ինչպես վարվեց 2008 թ․-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհվածների ընտանիքների և վիրավորների պարագայում...

Տեսնես՝ ինչո՞ւ... Ի՞նչ տարբերություն 1996 թ․-ի և 2008 թ․-ի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունների միջև, եթե պարոն Փաշինյանը երկուսն էլ գնահատում է կեղծված...

Ավելին, պարոն Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրեց նաև 1995 թ․-ի ԱԺ ընտրությունները կեղծելու մեջ՝ հայտարարելով, որ "բոլոր ժամանակներում խորհրդարանական ընտրությունները կեղծված են եղել"... Հիշեցնեմ, որ ԱԺ առաջին ընտրությունները ՀՀ-ում տեղի են ունեցել 1995 թ․-ի հուլիսի 5-ին, երբ հանրապետության նախագահն էր պարոն Տեր-Պետրոսյանը...

Պարոն Փաշինյանն այս ամենն արդարությունից դրդված չի ասում...
Մեղադրելով Տեր-Պետրոսյանին ընտրակեղծարարության մեջ` Փաշինյանը նրան և իշխանության մեջ բավական բարձր դիրքեր ունեցող "լևոնականներին" մեսիջներ է հղում, որ վերջիններս ավելի հնազանդ լինեն՝ հատկապես հայտնի "լևոնական" Վլադիմիր Կարապետյանի վարչապետի մամլո խոսնակի հրաժարականից հետո...

Այլապես զարամանլի է, երբ վարչապետ Փաշինյանը մեղադրում է ՀՀ առաջին նախագահին հանցագործությունների մեջ, բայց նրան չի բանտարկում, ավելին՝ համագործակցում է նրա թիմակիցների հետ...

Ի դեպ, վերջին շրջանում սա երկրորդ դեպքն է, երբ պարոն Փաշինյանը բացահայտ մեղադրում և պիտակավորում է ՀՀ առաջին նախագահին. 2019 թ․-ի նոյեմբերի 20-ին, ելույթ ունենալով Միլանի Հայ առաքելական եկեղեցում հավաքված տեղի հայության առաջ և պատասխանելով վերջիններիս հարցերին, Փաշինյանը հայտարարեց. "Վարչապետը, որը չունի ժողովրդի վստահությունը, անկախ անձերից, չարիք է երկրի համար... Այնպես, ինչպես, կներեք, չարիք են եղել բոլոր ղեկավարները, սկսած 1996 թ․-ից և որ առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանությանը և փորձել են պահել այդ իշխանությունը...":

Ստացվում է, որ, ըստ պարոն Փաշինանի, Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրակեղծարար է և չարիք Հայաստանի համար, ով, ինչպես երևում է՝ յուրային "չարիք " է...

Հ.Գ. Ի դեպ, մեղադրելով Տեր-Պետրոսյանին ընտրությունները կեղծելու մեջ՝ պարոն Փաշինյանը նաև ընդունում է այն փաստը, որ 2008 թ․-ի նախագահական ընտրությունների ժամանակ աջակցել է ընտրակեղծարարին...Պարադոքսալ է, բայց փաստ է...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը