Կարծիք

25.01.2020 09:15


Նորից հայ-վրացական տնտեսական համեմատություններ

Նորից հայ-վրացական տնտեսական համեմատություններ

Հայ-վրացական տնտեսական հարաբերությունները վարչապետի «թեթև» ձեռքով շարունակում են հրապուրիչ մնալ:

Ի տարբերություն մեր վիճկոմի՝ վրաց վիճակագրությունը հունվարի 20-ին հրապարակեց երկրի արտաքին առևտրի հիմնական ցուցանիշները: Հարևանցիորեն ասենք, որ մերոնք դեռ դեկտեմբեր ամիսը չեն հասցրել ամփոփել: Մերոնք անցած ամսվա տվյալները հրապարակում են հաջորդ ամսվա 25-ին: Իսկ դեկտեմբերի տվյալները հրապարակելու համար հատուկ «թույլտվություն» ունեն՝ մինչև հունվարի 31:

Վրաց արտաքին առևտուրը կազմել է 12․8 մլրդ դոլար։ Ընդհանուր աճը 2․7 տոկոս է։ Ընդ որում` արտահանումները նախորդ տարվա համեմատ աճել են 12․4 տոկոսով։ Իսկ ներկրումները նվազել են 0․8 տոկոսով։ Պարզ նկատելի է, որ արտաքին առևտրի հաշվեկշիռը բացասական է (նույնն է նաև մեր պարագային)։ Վրաստանի արտահանումները կազմում են 3․8 մլրդ դոլար, ներկրումները՝ 9․1 մլրդ դոլար։

Մեր 11 ամիսների արտաքին առևտրի թվերն ավելի համեստ են։ Արտահանում՝ 2․4 մլրդ դոլար, ներմուծում՝ 4․8։ Բացասական հաշվեկշիռը 2․4 մլրդ դոլար է։

Վրաստանի արտաքին առևտրում առաջինը Թուրքիան է՝ առևտրի ծավալը 1․8 մլրդ դոլար։ Երկրորդ տեղում Ռուսաստանն է՝ 1․5 մլրդ։ Երրորդը՝ Չինաստանը (1․1 մլրդ)։ Չորրորդը՝ Ադրբեջանը (կրկին 1․1 մլրդ)։ Հինգերորդը Հայաստանն է (679․7 մլն դոլար)։

Մեր արտաքին առևտրի առաջին հնգյակը չի կարելի ասել՝ էապես տարբեր է՝ երեք երկրներ «կրկնվում» են։ Մեր հիմնական գործընկերը Ռուսաստանն է՝ այս երկրին բաժին է ընկնում 26 տոկոսը։ Երկրորդը 20․7 տոկոսով Չինաստանն է։ Երրորդը Գերմանիան՝ 10․6 տոկոս։ Չորրորդը Թուրքիան է՝ 9․7 տոկոս։ Հինգերորդը Իրանը՝ 8․7 տոկոս։

Վրացական ամենամեծ խմբաքանակով արտահանումները բաժին են ընկնում Ադրբեջանին ու Ռուսաստանին։ Երրորդ երկիրը Հայաստանն է։ Վրաց արտահանումների ծավալը մեր երկիր 412․2 մլն դոլար է։ Իսկ այ ներկրող երկրների առաջին հնգյակում մենք բացակա ենք՝ ի տարբերություն առևտրի ընդհանուր ծավալի ցուցակի։ Մեր՝ հինգերորդ տեղը «զբաղեցնում է» Գերմանիան։ Պատճառը շատ պարզ է։ Մենք զգալիորեն քիչ ապրանք ենք արտահանում հարևան երկիր, քան ներմուծում։

Մինչև այս վիճակը նկարագրող թվերին անցնելը նշենք մեկ առանձնահատկություն ևս։ Վրաստանի արտաքին ապրանքաշրջանառության մեջ վերջին տարիներին շատ մեծ մասնաբաժին ունեն ավտոմոբիլների ներմուծումն ու արտահանումը։ Էներգակիրներից հետո ավտոմոբիլները ծավալով երկրորդ ապրանքատեսակն են։ 2019թ․ Վրաստան ներմուծվել է մոտ 654 մլն դոլար արժեքի ավտոմեքենա, արտահանվել՝ մոտ 687 մլն-ի։ Ավտոմեքենաներ ներկրել ու արտահանելու բիզնեսը մոտ 1․3 մլրդ դոլարի չափով ուռճացնում է արտաքին ապրանքաշրջանառության մակրո թվերը։ Մինչդեռ այդ 1․3 մլրդ-ի տնտեսական օգուտ-բարիքը ընդամենը 33 մլն դոլար է։ Սակայն վրաց վիճակագրությունը բաց-բաց հրապարակում է այս թվերը։ Հրապարակում ու հնարավորություն է տալիս վերլուծել այն։ Մեր պարագային այս թիվը բաց չէ։ Չնայած, որ ավտոմեքենաների ներկրում-արտահանումը 2019-ի մեր տնտեսության մեջ ոչ պակաս (եթե՝ ոչ ավելի) մասնաբաժին ուներ։ Ակնհայտ է, որ վրաց իշխանությունները ևս մերոնց նման հակված են մեծ ու պուպուշ թվեր հրապարակել։

Վերադառնանք հայ-վրացական ապրանքաշրջանառության թվերին։ Ըստ վրաց վիճակագիրների՝ 2019թ․ մեր ապրանքաշրջանառությունը 679․6 մլն դոլար է։ Վրաստանից մեր երկիր առաքվել է 412․2 մլն դոլարի ապրանք։ Իսկ մեր երկրից Վրաստան՝ 267․5 մլն դոլարի։ Սրանք վրացական թվերն են։ Հիմա կարելի է մեջբերել մեր վիճակագիրների թվերը, որոնք ամփոփում են 2019-ի 11 ամիսները։ Վրաստանից ներմուծումների թիվը մոտավորապես համընկնում է՝ մոտ 414 մլն դոլար։ Բայց սա արդեն ավելի մեծ թիվ է, քան նշված է վրաց հաշվետվություններում։ Մերոնք այս ամիս դեռ դեկտեմբեր ամսվա գումարներն են ավելացնելու ու, բնականաբար, ավելի մեծ թիվ են ստանալու։ Փոխարենը մերոնք կտրուկ պակաս են նշում Վրաստան արտահանումների մեր ծավալը՝ ընդամենը 63․3 մլն դոլար։ Ահա այսպիսի կտրուկ տարբերություն, որ հնարավոր է այսօր նկատել։ Սպասենք մեր տարեկան պաշտոնական թվերին։ Այդժամ կարելի կլինի հասկանալ մեր ու վրաց վիճակագիրների «մեթոդաբանական մոտեցումների» տարբերությունը։ Տարբերություն, որ միջազգային զվարճախոսության թեմա է դարձել։

Վերջում ընդամենը 1 փաստ-համեմատություն։ Ըստ մեր վիճկոմի՝ Հայաստանից 2019թ․ 11 ամիսներին արտահանվել է մոտ 11 մլն դոլար արժեքի գինի։ Ըստ վրաց վիճակագիրների՝ իրենց երկրից արտահանվել է 240 մլն դոլար արժեքի 94 մլն շիշ գինի։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը