Կարծիք

25.01.2020 08:42


«Սպանել գեներալ Մանվելին». առաքելությունն անիրագործելի՞ է

«Սպանել գեներալ Մանվելին». առաքելությունն անիրագործելի՞ է

Մեր պետությունում գոյություն ունեն, այսպես կոչված, «իներցիոն պոչեր»: Դրանք երևույթներ են, որոնք անցյալում արժանվույնս չեն գնահատվել, ճիշտ կերպով չեն վերլուծվել, բայց դրա հետ մեկտեղ թողել են շատ լուրջ ազդեցություն մեր երկրի զարգացման ամբողջ գործընթացի վրա:

Նման իրադարձությունները բազում են՝ 1995-1996 թթ. կեղծված ընտրություններից սկսած, վերջացրած 2018 թ. իշխանափոխությամբ:

«Իներցիոն պոչերի» շարքում առանձնանում է Մարտի 1-ի ողբերգությունը: Տարբեր մարդիկ տարբեր տեսակետներ ունեն այդ դեպքերի վերաբերյալ, սակայն փաստը մնում է այն, որ ոչ նախորդ իշխանության օրոք, ոչ էլ առավելևս այս իշխանությունների օրոք Մարտի 1-ի ողբերգության իրական դրդապատճառները և ամբողջ գործընթացը, որը հանգեցրեց մարդկային զոհերի, չեն բացահայտվել եւ մեզ համար գաղտնիք են մնում:

Իրավիճակը շարունակելու է այսպիսին մնալ այնքան ժամանակ, մինչև իշխանության ղեկին է լինելու Մարտի 1-ի ողբերգությանը մաս կազմող կողմերից մեկը:

Պարզապես նախկինների ու ներկաների միջև կա մի ֆունդամենտալ տարբերություն: Ներկաներն՝ ի դեմս վարչապետի, իրենց ուղղակի պատասխանատվությունն են զգում կատարված հանցագործության համար: Ավելին, վարչապետը փորձում է ամեն կերպ մաքրել իր վրայից Մարտի 1-ի խարանը, այդ թվում՝ դրան էր ուղղված նրա որոշումը Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին 30 մլն դրամ միանվագ փոխհատուցում տրամադրել:

Փաշինյանին գլոբալ առումով չի հետաքրքրում, որ լինելով պետության ղեկավար՝ նա իր այս որոշմամբ հանրությանն ուղերձ է հղում առ այն, որ ավելի բարձր է գնահատում մահը՝ հանուն իր իշխանության գալու, քան մահը՝ հանուն հայրենի սահմանների պաշտպանության:

Ի դեպ, «Մարտի 1»–ի հարցը զգացմունքային կողմից բացի ունի նաև շատ հստակ քաղաքական բովանդակություն, և վարչապետը, փորձելով իր վրայից մաքրել Մարտի 1-ի ողբերգության հետքերը, փորձում է նաև չեզոքացնել մարտի 1-ի առանցքային վկաներից մեկին: Խոսքը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի մասին է:

Մանվել Գրիգորյանը հանդիսանում է Մարտի 1-ի ողբերգության առանցքային դեմքերից մեկը, ում հետ, ըստ Wikileaks-ում տեղ գտած հրապարակումների՝ ակտիվ բանակցությունների մեջ էին այն ժամանակվա ընդդիմության ներկայացուցիչները՝ Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցները:

Մանվել Գրիգորյանը, լինելով պաշտպանության փոխնախարար, ԵԿՄ ղեկավար, տերպետրոսյանական թիմի կողմից ընկալվում էր որպես առանցքային գործիչ, ում միանալը ցուցարարներին կարող էր կազմաքանդել պետական համակարգը, կամ գոնե սպասվող և հրահրվող բախումների ժամանակ ծրագիր կար, որ նա պիտի միանար ցուցարարներին: Բայց ՏերՊետրոսյանի նպատակները չիրականացան. Մանվելը չեկավ, իսկ Նիկոլ Փաշինյանը, ով կոչ էր անում բարիկադներ կառուցել և հայտարարում, որ «այս գիշեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից», ծրագրի տապալումից անմիջապես հետո, թողնելով «մարտադաշտը» զոհերով լցված, փախավ, և վերադարձավ միայն այն ժամանակ, երբ Տեր–Պետրոսյանն ու նախկին իշխանությունները քաղաքական գործարքի գնացին, որն անշուշտ ժամանակավոր բնույթ ուներ:

Մանվելի դեմ իրականացվող այսօրվա գործընթացը երկու նպատակ ունի՝ անձնապես վրեժ լուծել Մանվել Գրիգորյանից և պատժել նրան ցուցարարներին մենակ թողնելու համար, և երկրորդ՝ թույլ չտալ, որ Գրիգորյանը դատարանում խոսի և ներկայացնի փաստերի իրական եղելությունը:

Որոշումը՝ փոխել նրա խափանման միջոցը, հիմա ընդամենը փորձ է՝ խուսափել պատասխանատվությունից այն դեպքում, եթե Մանվել Գրիգորյանը առողջական խնդիրների սրացման պատճառով մահանա ճաղերի հետևում գտնվելիս: Սրա մասին գրեթե բացահայտորեն խոսում են Գրիգորյանի պաշտպանական թիմի անդամները, ինչպես նաև մեր երկրում սակավաթիվ, բայց դեռ գոյություն ունեցող իրավապաշտպանները:

Գեներալի ճակատագիրը շատ խոսուն է այն առումով, որ հանրությունը պետք է գիտակցի՝ Գրիգորյանին պատժում են ոչ թե «տուշոնկաների ու սգուշյոնկաների» գործի համար (որոնք, ինչպես պարզվում է, օրինական հիմքերով են գտնվում Գրիգորյանի պահեստներում, իսկ տեսանյութը, որում իբր թե Գրիգորյանի արջը պահածո է ուտում, պարզվում է, ըստ օդում կախված լուրերի՝ մոնտաժվել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկի կողմից), և պատժում են նաև ոչ այն բանի համար, որ երկար տարիներ Էջմիածինը վերածվել էր Գրիգորյանների ընտանեկան դուքյանի:

Նախկին պատգամավորին պատժում են այն բանի համար, որ 2008-ի Մարտի 1-ին նա չմիացավ ցուցարարներին, իսկ 2018 թ. սկսած մինչ այս պահը հրաժարվում է ցուցմունք տալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ:

Այս ամենը թույլ է տալիս եզրակացնել, որ այս քաղաքական և իրավական թատրոնով Փաշինյանը կրկին չի լուծում Մարտի 1-ից մնացած «իներցիոն պոչի» խնդիրը, այլ փորձում է սովորության համաձայն խմբագրել, բայց այս անգամ ոչ թե հոդված, այլ մի ամբողջ երկրի պատմություն, ձեռքի հետ էլ չեզոքացնել բոլոր անհարմար վկաներին: Իսկ Մանվել Գրիգորյանն ընդհամենը մեկ օղակ է իրադարձությունների այս շղթայում: Ավելին, որքան էլ սա պարադոքսալ չհնչի, եթե այս իրավիճակի հետևանքով Գրիգորյանը կյանքից հեռանա, նա կդառնա ընդդիմության կողմից 2008 թ. Մարտի 1-ի հրահրված իրադարձությունների հերթական զոհը:

Ինչ վերաբերվում է բուն ողբերգությանը, ապա վաղ թե ուշ հասարակությունն իմանալու է ողջ ճշմարտությունը այն բոլոր իրադարձությունների շղթայի մասին, որոնք հանգեցրեցին այն ժամանակ 10 զոհերի, ավելի քան 190 վիրավորի, ինչպես նաև ողջ իրականությունն այն մարդկանց ծրագրերի մասին, ովքեր սկզբից դուրս բերեցին մարդկանց փողոց, իսկ երբ գրանցվեցին զոհերը, իրենք փախան դեպքի վայրից:

Մենք արդեն ունեցել ենք առիթ խոսել Մարտի 1-ի իրադարձությունների մասին և տեսնել դրանց մեջ ակնհայտ զուգահեռներ այն իրադարձությունների հետ, որոնք տեղի ունեցան ուկրաինական Մայդանում 2014 թ. փետրվարին: Հատկանշականն այն է, որ իրականությունը Մայդանում տեղի ունեցած ողբերգության մասին սկսեց ջրի երես դուրս գալ դրանից 5-6 տարի անց, և այն բանից հետո, երբ իշխանությունից հեռացան (գոնե մասամբ) մարդիկ, ովքեր Մայդանի շահառուներն էին, իսկ իշխանության եկան նրանք, ովքեր 2014 թ. կոնֆլիկտի ակտիվ կողմում չէին:

Իսկ իրադարձությունները, որոնք ջրի երես են դուրս գալիս, իսկապես արժանի են ուշադրության: Օրինակ՝ Մայդանի զոհերից մեկը Սերգեյ Դիդիչը, ով, այսպես կոչված, «Երկնային հարյուրյակի» («Небесная сотня») անդամ է, պարզվում է՝ զոհվել է ոչ այն բանի պատճառով, որ «Բերկուտի» հատուկ ջոկատայինն իր գլխին հարված է հասցրել, և ոչ նույնիսկ այն պատճառով, որ նրա կողքին նռնակ է պայթել, ինչպես այդ մասին գրում էին ուկրաինական լրատվամիջոցները, որի հետևանքով նա ընկել է մեքենայի տակ, այլ պարզապես անկարգությունների ժամանակ նրան վրաերթի է ենթարկել…. Մայդանի մեկ այլ ակտիվիստ Լեոնիդ Բիբիկը, ով դրանից առաջ գողացել էր բեռնատար և այդ բեռնատարը վարելով բարձր արագությամբ՝ մխրճվում էր «Բերկուտի» հատուկջոկատայինների շարքերի մեջ, բայց կոնկրետ այդ դեպքում Մայդանի ակտիվիստը սպանեց ոչ թե հատուկ ջոկատայինի, այլ մեկ այլ ակտիվիստի:

Այս միջադեպի կադրերն առաջարկում եմ դիտել ստորև, որպեսզի ձեզ համար ամեն ինչ պարզ դառնա:

Այսպիսին է իրականությունը Մայդանի մասին: Այսպիսով, հաշվի առնելով նաև ուկրաինական փորձը, վստահաբար կարելի է ասել, որ իրականությունը Մարտի 1-ի իրադարձությունների մասին տեսանելի ապագայում հասանելի կլինի բոլորիս: Հանրությանն այն կմատուցվի այն ժամանակ, երբ առնվազն այս իշխանությունը փոխվի: Իշխանություն, որի համար Մանվելի հնարավոր մահը դիտարկվում է ընդհամենը որպես «իրագործելի առաքելություն»….

Իսկ իրագործելի՞ է արդյոք այս առաքելությունը….

Բենիամին Մաթևոսյան

քաղաքագետ

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը