Մեկնաբանություն

25.01.2020 16:00


Գժանոցում` ինչպես գժանոցում

Գժանոցում` ինչպես գժանոցում

Հունվարի 17-ին Փաշինյանը երկնեց իր դարակազմիկ հայտարարությունը կոռուպցիոներներին պատկանող հեռուստաընկերությունների վերաբերյալ։ Ասաց`առնվազն 2 հեռուստաալիք կա, որոնց լոգոյի փոխարեն պետք է գրել «Կոռուպցիա» կամ ««Կոռուպցիա գրուպ» ընկերությունը ներկայացնում է»... Նույն օրը իր բնակարանում հայտնաբերվեց «ինքնասպանված» Գեորգ Կուտոյանի դիակը։

Հունվարի 21-ին իմացանք, որ անհայտ անձինք կրակել են Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին։ Փառք Աստծո` դատավորը տեղում չէր, արձակուրդում էր։

Հունվարի 23-ին զինված անձը ներխուժեց «Էրեբունի պլազա» հյուրանոց, «ճնճղուկացիդ» որսորդական հրացանից կրակոցներ արձակեց, մարդկանց պատանդ վերցրեց` պահանջելով ցույց տալ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տեղը։ Հետո, դեպքի վայր ժամանած ոստիկանապետի պաշտոնակատարի հետ բարիդրացիական մթնոլորտում անցկացված բանակցությունների արդյունքում հաջողությամբ վնասազերծվեց և բարձրաստիճան զրուցակցի մեքենայով առոք-փառոք` առանց ձեռնաշղթաների և մասկի-շոուների, բերման ենթարկվեց։

Նույն օրը երեկոյան հայտնի դարձավ, որ Արմեն Թավադյանի գույքի վրա կալանք է դրվել. այն, ինչ պահանջվում էր ամիսներ առաջ պլանավորված և մեթոդաբար իրականացված սցենարով։

Այս ընթացքում շրջանառության մեջ դրվեցին «Վիկիլիքսի» հրապարակումները, որոնք մեկին մեկ` հաստատում և լրացնում են այն, ինչ բազմիցս հրապարակավ բարձրաձայնել են Ռոբերտ Քոչարյանն ու իր պաշտպանները Մարտի 1-ի պատճառների, ողբերգական այդ իրադարձությունների մեջ Տեր-Պետրոսյան-Նիկոլ Փաշինյան տանդեմի սադրիչ և ուղղակի հանցավոր դերակատարության մասին։

Փաշինյանն օրեր շարունակ լռում էր`որևէ կերպ չանդրադարձավ այդ ամենին։ Միայն հունվարի 22-ին խախտեց լռությունը` լայվ մտավ ու 15 րոպե խոսեց «տոնածառահենք տնտեսության» խթանիչ էֆեկտի և չօգտագործված հնարավորությունների մասին։ Ժամեր անց` բրիգադիր Սիսակի ամպլուայի մեջ մտած, ԱԺ ամբիոնից լիկբեզ էր անում իր պատգամավորներին ու նախարարներին «խելացի անասնագոմերի» օգուտի ու թրիքոտ կաթի վնասի թեմաներով։

Վերջին նորություններից մեկն էլ այն է, ործ ՀՔԾ քննիչները, աշխարհի ամենաազատ, անկախ, թափանցիկ դատարանի որոշումը ձեռքին, մտել են Հրայր Թովմասյանի բնակարան, օրենքի խախտմամբ`թույլ չտալով ծանոթանալ դատարանի որոշմանը, ՍԴ նախագահի վրա քրեական գործ կարելուց մոտ մեկ ամիս անց, «հրատապ» խուզարկություն անցկացրել և ոչինչ` բացարձակապես ոչինչ չեն գտել. ո՛չ տանկեր, ո՛չ զրահամեքենաներ, ոչ էլ նույնիսկ հայրենական արտադրության անօդաչու սարքեր։

Շաբաթ օրն էլ նոն–ստոպ ասուլիս էր անում և «դարակազմիկ» մտքեր հայտնում։

Եթե սա կատարյալ գժանոց չէ` «նայողից» անկախ կամ նրա անձով, անկանխատեսելի վարքագծով պայմանավորված կյանքի հետ անհամատեղելի դժբախտ պատահարներով, ապա ի՞նչ է...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը