Քաղաքական

24.01.2020 14:41


Սա իմ խաչն է, որ պետք է տանեմ․ ՍԴ նախագահ (տեսանյութ)

Սա իմ խաչն է, որ պետք է տանեմ․ ՍԴ նախագահ (տեսանյութ)

Երկու, երեք անգամ ես հրավիրվել եմ հարցաքննության, այսօր տանն էլ ինչ-որ քննչական գործողություններ են կատարել, իմ խնդրանքը, միջնորդությունը, հորդորը եղել է մեկը՝ այդ ամբողջը տեսաձայնագրեի: Այս մասին իր բնակարանի խուզարկությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:

«Ես ձեզ ուղղակի վստահեցնում եմ, այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու, ցավ եմ ապրում դրա համար, բայց դրանք նոր քրեական գործերի հիմք են դառնալու և այդ ժամանակ այդ ապացուցողական բազան, թե ով ինչ ասաց, ինչու ասաց, ոնց վարվեց և այլն, չի լինելու, և իմ միջնորդությունը ես միշտ կրկնելու եմ, որ այդ ամբողջ հարցաքննությունը և բոլոր գործողությունները տեսաձայնագրվեն»,-շեշտեց նա:

ՍԴ նախագահն ընդգծեց՝ իր համար անհասկանալի է քննչական մարմնի ձեռնպահ մնալը և մերժելը իրենց միջնորդությունները և չտեսաձայնագրելը թե՛ հարցաքննությունները, թե՛ խուզարկությունը, որ հետո տարընթերցումներ ու տարբեր մեկնաբանություններ չլինեն:

«Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Հայաստանում իմ շուրջ, Սահմանադրական դատարանի շուրջ, գալիս է հիմնավորելու, որ խնդիրներն իրոք խորքային են և օրվա իշխանությունն ունի խնդիր՝ արագ ձերբազատվելու ինձնից որպես ՍԴ նախագահ: Այդ ամբողջն արվում է շատ կոպիտ, արդեն ակնհայտ և դա իմ ասելով չէ, ողջ հանրությունը նաև միջազգային հանրությունը տեղյակ է»,-հայտարարեց նա:

ՍԴ նախագահը շեշտեց, որ այս ամենի համար ցավ է ապրում. «Ինձ համար Հրայր Թովմասյանի խնդիրն այս պարագայում երկրորդական երրորդական է, ինձ համար շատ ավելի կարևոր է երկրի հեղինակությունը, երկրի վաղվա օրը: Չի՛ կարելի տարիներով հավաքած հեղինակությունն այդքան արագ մսխել»:

Նա լրագրողներին ասաց, որ վերջիններս տեսնում են այս պրոցեսների ընդամենը տասը տոկոսը: «Նախկին ԱԱԾ տնօրենը դրա մասին ակնարկ արել է, ես վստահ եմ, որ իր սպայի պատիվը թույլ չի տա, որ նա այդ ամբողջի մասին լռի: Իսկ, թե այս ողջ պրոցեսները երբ են սկսել, ինձ հետ ինչ են խոսել, այդ ամբողջը կդառնա հանրության սեփականություն։ Եթե այդ ամենի մասին ես լռում եմ, դա միայն իմ երկրի հեղինակությամբ է պայմանավորված»,-ասաց նա և հավելեց.

«Ես դիտարկում եմ, որ այս ամբողջը մի օր պետք է լիներ, որ մի օր մի դատարան, մի դատավոր պետք է պայքարեր իր անկախության համար, ուզում եք սա զրկանք համարեք, հետապնդում համարեք, սա իմ խաչն է, որ ես պետք է տանեմ»:

Հրայր Թովմասյանն ընդգծեց, որ խնդիրները բավականանին խորքային են և իր ցուցմունք տալուց հրաժարվելը պայմանավորված է նրանով, որ այստեղ ընդհանրապես իրավունք գոյություն չունի: «Այս ամբողջի բուն նպատակը քաղաքական է և վատ քաղաքական է և այնպիսի քաղաքական, որը ոչ միայն չի բխում իմ շահերից, ձեր շահերից, այլ երկրում որևէ մեկի շահերից չի բխում»,-ասաց նա:

Իր հեռախոսազանգերը գաղտնալսելու վերաբերյալ Հրայր Թովմասյանն ասաց. «Թող գաղտնալսեն, ես իմ ընկերներին եմ բազմաթիվ անգամ ասել, երբ խոսում ու գրում եք, այն կանխավարկածով առաջնորդվեք, որ ձեզ լսում են, կյանքն ավելի հեշտ է այդ դեպքում լինում: Մի՛ սպասեք ինչ-որ որոշումների, իմ կյանքի ռեժիմը չի փոխվել, իմ հեռախոսահամարները չեն փոխվել, ես հանգիստ ինձ համար ապրում եմ»:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը