Մեկնաբանություն

24.01.2020 16:45


«Նոր Հայաստանում», այո՛, անհնարինը դառնում է իրականություն

«Նոր Հայաստանում», այո՛, անհնարինը դառնում է իրականություն

Ամիսներ առաջ` հոկտեմբերին Նիկոլի աջակիցները հարձակվեցին «Հայելի» ակումբի վրա, ձվեր նետեցին, սպառնացին hayeli.am կայքի գլխավոր խմբագրին ու հոխորտացին, թե դուք Հայաստանում անելիք չունեք, եղբորդ` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ ձեռք-ձեռքի տված, փասա-փուսաներդ հավաքեք ու չքվեք այստեղից` ձեր տեղը Ադրբեջանն է։

Եվ ի՞նչ։ Ոչինչ. սադրիչներն ազատվեցին թեթև վախով`Քննչական կոմիտեն սրանց նկատմամբ անշառ մի հոդվածով քրեական գործ հարուցեց և ստորագրությամբ բաց թողեց`«на все четыре стороны»։ Երկու-երեք ամիս է անցել, բայց «ուչաստկովիի» մակարդակի այդ գործի վերջը չի երևում` նախաքննությունը դեռ շարունակվում է. տեսախցիկների կողմից հստակ ֆիքսված միջադեպին եւ իշխանության աջակից ներկայացած «գործող անձանց»` ազատ խոսքի դեմ ուղղված վանդալիստական գործողություններին գնահատական տալը, պարզվում է`վեր է ՔԿ-ի ուժերից։

Մինչ այդ իրավապահ մարմինները հասցրել էին բացահայտ խտրական, «քնքույշ» վերաբերմունք դրսևորել Նիկոլին աջակցող «թավշյա խուլիգանախմբի» հանդեպ`որևէ կերպ չարձագանքելով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի «գլուխը ջարդելու» սպառնալիքներին և մայրաքաղաքի սրտում Դաշնակցության Բյուրոյի նախկին ներկայացուցչի` թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի դեմ հարձակմանը։ Մինչդեռ ՖԲ ցանցում ՀԱԿ-ի անդամին (ԼՂՀ քաղաքական և հոգևոր առաջնորդներին զազրախոսելու համար) «հայրական ապտակ» հասցրած դաշնակցականին անմիջապես բերման ենթարկեցին ոստիկանության բաժին։

«Թավիշների» կողմից ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը խրախուսող անթաքույց խտրական այդ վերաբերմունքն մի «առօրյա» բան է դարձել «Ռոբերտ Քոչարյանի և մյուսների» գործով դատաքննության ընթացքում։ Դատարանի մոտ, երբ Քոչարյանի աջակիցների յուրաքանչյուր «կտրուկ շարժում», Նիկոլի «խունվեյբինների» հասցեին թթու խոսք տեղում պատժվում է` զանցանք թույլ տված անձին անմիջապես բռնում և բերման են ենթարկում, Քոչարյանի «մահապատիժը» պահանջող, «մարդասպան», «թուրք» և «հանցագործ» վանկարկողների սադրիչ պահվածքը` չտեսնելու տալիս։

Դահլիճում նույնը կամ գրեթե նույնը անում է դատավորը`սաստելով և դահլիճից դուրս հրավիրելով Քոչարյանի աջակիցներին, որոնք համարձակվում են հակադարձել տուժող կողմի` տեղ-տեղ սպառնալիքների վերաճող սադրիչ հայտարարություններին և անարձագանք թողնելով տուժող կողմից հնչող վիրավորական արտահայտությունները, հոխորտանքները պաշտպանական կողմի հասցեին։ Այդքանը քիչ համարելով` «սանկցիա» է կիրառում կողմերի համար հավասար պայմաններ ապահովելու, տուժողներին կարգի հրավիրելու պահանջով նիստին չներկայացած փաստաբանի նկատմամբ` նկատողության «տեսքով»։

Քոչարյանի դեմ ցուցմունք չտված վկային իբր ցուցմունքից հրաժարվելու համար կաշառք առաջարկած անձին ստորագրությամբ բաց են թողնում, նրանից ստացած «տեղեկությունների» հիման վրա ապօրինաբար բերման ենթարկված անձի` 5-րդ ալիքի սեփականատիրոջ նկատմամբ կալանքը կիրառում որպես խափանման միջոց։

Սրան ավելացրեք ընդդիմախոսների թաթիկները և տոտիկները կտրելու, եղունգները պինցետով քերելու, վզից բռնած`գրողի ծոցն ուղարկելու, ասֆալտին «պառկըցնելու», պատերին ծեփելու, կոռուպցիոներներին կամ դրանց հավասարեցված անձանց քյաբաբ առ քյաբաբ պատասխանատվության ենթարկելու, հատ-հատ բոմժ դարձնելու շարունակական սպառնալիքները` անձամբ Փաշինյանի կատարմամբ։

Վերջերս հաճախակի դարձած «նվնվոցները», թե իրավապահ համակարգը թերանում է «սևերին» որսալու, նրանց դեմ համոզիչ ապացույցներ հայթայթելու և պատժելու հարցում։ Ավելին` չունի բավարար հնարավորություններ լիարժեք փորձաքննություններ իրականացնելու համար, ինչի հետևանքով քննիչների սարքած «գյոզալական» գործերը դարակներում «քնում են»`վտանգ կա, որ դատարանում փուլ կգան, և մարդիկ, որոնց համար բանտերը «լաց են լինում», «կպլստան» թավշյա «արդարադատությունից»։

Այս ամենին գումարեք «կողքից» լսվող ձայները, թե հերիք է ընկնեք օրենքների, փաստերի հետևից` պետք է օր առաջ հրաժարվե՛լ «դեմոկրատական» մեթոդներից և անցնել «ավտորիտար ընթացակարգերի», Ֆեյսբուքում և իրական կյանքում, այդ թվում` խորհրդարանում, կուտակվող, ժամ առ ժամ ահագնացող, վտանգավոր չափերի հասած ատելության, թշնամանքի, փոխադարձ անհանդուրժողականության մթնոլորտը։

Եվ որևէ կասկած չի մնա` ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի «ինքնասպանությունը», դատավորի աշխատասենյակի ուղղությամբ արձակված կրակոցը, Էրեբունի պլազայում կատարված ահաբեկչական ակտը` պատանդներով և ավտոմատային «համազարկերով», որի թիրախը, նախնական տվյալներով, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն էր, տխուր օրինաչափություն է։

Իսկ ամենատխուրը` ողբերգականը, այն է, որ ահաբեկչի վնասազերծումից հետո նույն ֆեյսբուքում արծարծվող հիմնական հարցը հետևյալն էր. էդ ո՞նց եղավ, որ հանցագործին բերման ենթարկելու «գործընթացը» չվերածեցին մասկի-շոուի` կուլտուրական ձևով, առանց ձեռնաշղթաների, ասֆալտին փռելու և ձեռքերը ոլորելու (ինչպես եղավ աշխարհի «ամենաանաչառ» դատավորին հարց տված Նարեկ Մութաֆյանի դեպքում) առոք-փառոք նստեցրին ոստիկանապետի պաշտոնակատարի մեքենան ու տարան` «անհայտ ուղղությամբ»։

Երկրորդ` կարո՞ղ է վաղը այդ վայ-ահաբեկիչն էլ Քոչարյանի «աջակից» դուրս գա։ Օրինակ` ցուցմունք տա, որ Քոչարյանի գրասենյակը փնտրում էր ոչ թե ինչ-որ մեկին ահաբեկելու, այլ երկրորդ նախագահին իր ծառայություններն առաջարկելու համար։

Ինչո՞ւ էր զինված։ Որովհետեւ ի՞նչ Քոչարյանի «աջակից», եթե վտանգ չի ներկայացնում հասարակության համար. ձեռքի տակ «պատահաբար» հայտնված կամ ցուցադրաբար պատին հենած ավտոմատո՞վ, թե՞ «ազգային անվտանգությունը սպառնալիքի տակ դնող» ֆեյսբուքյան ֆեյք գրառմամբ` վարչապետի կողմից իրանցի գեներալի սպանության առթիվ ԱՄՆ-ին ուղղված շնորհավորական ուղերձի վերաբերյալ, կարևոր չէ։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը