Կարծիք

23.01.2020 14:27


Տոնածառահենք տնտեսություն

Տոնածառահենք տնտեսություն

Տնտեսագիտության մեջ նոր ուղղություն է մտնում, որը կարելի է անվանել «Տոնածառահենք տնտեսություն»։

Այդ մասին օրերս տեղեկացանք «վարչապետ TV»-ից։ Նա, փորձելով հիմնավորել ամանորյա ծախսերն ու ոչ մի պաշտոնական աղբյուրում չհրապարակված թվերին հղում անելով, տնտեսական հրաշքից էր խոսում։ Թավշյա հրաշքից։

Ըստ Փաշինյանի՝ պետբյուջեից 271 միլիոն դրամ ծախսելով տոնածառների ու տոնական միջոցառումների վրա նախորդ տարվա դեկտեմբերի 28-ից հունվարի 6-ը ընկած ժամանակահատվածի համեմատ ունեցել ենք 9 միլիարդ 307 միլիոն դրամ հավելյալ առևտրաշրջանառություն, որից գեներացվելու է, նվազագույն հաշվարկներով, 325 միլիոն դրամի հարկ։

Այս կասկածելի թվերի ներկայացումից հետո վարչապետը գնաց ԱԺ և սպառնաց, որ հաջորդ տարի կրկնակի շատ է ծախսելու Նոր տարուն, որ այս տարվա էֆեկտը ավելի մեծ լինի։

Փաստորեն, «տնտեսական հեղափոխությունը» փոխում է պրոֆիլը։ Եթե սկզբում առաջարկվում էր ոչխար պահել, ապա հիմա ոչխար պահողները համարյա հակահեղափոխական են հռչակվել, քանզի կառավարության որոշման դեմ փողոց են փակում։ Մոշ հավաքողները չարդարացրեցին քայլարածների հույսերը, իսկ ՀԴՄ կտրոն հավաքելն արդեն այն հնչեղությունը չի ապահովում։ Մնում են տեսարանները։ Երևի դրա համար էլ տոնածառները չէին հավաքում։ Ի դեպ, իզուր էլ հավաքել են։

Եթե տոնածառը փող է բերում, ապա այն կարելի էր պահել։ Դրանով իսկ համ աշխարհին կզարմացնեինք, որ մեզ մոտ տարին կլոր թավշյա Ամանոր է ու ահագին զբոսաշրջիկ կգար տեսնելու, թե այդ ինչ սորտի ժողովուրդ ու կառավարություն կա երկրագնդի վրա, որ տոները ավարտվել են, իսկ նրանք տարին կլոր ձմեռ պապի են խաղացնում, համ էլ դրամաշրջանառությունը կմեծանար։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը