Մեկնաբանություն

23.01.2020 13:00


Լավ, ինչքա՞ն կարելի է դիմացինին ոչխարի տեղ դնել

Լավ, ինչքա՞ն կարելի է դիմացինին ոչխարի տեղ դնել

Փաշինյանի թիրախն ինչպես եղել է, այնպես էլ մնում է իր «նկարի» առաջ մոմ վառող, բերանից դուրս եկած ամեն ապուշություն հալած յուղի տեղ ընդունող, հարցեր չտվող, բանից բեխաբար հպարտ Պողոսը։

Մի քանի օրվա լեզվական պասից, նոն-ստոպ ռեժիմով ֆեյսբուքում ինքնագովազդվելուց ձեռնպահ մնալուց հետո վերջապես խոսեց. լայվ մտավ և... «լապշա» կախեց հպարտ քաղաքացու ականջից`կենտրոնանալով «հայեցակարգային նշանակություն» ունեցող մի հարցի վրա, որ, իր ասելով` հատուկ անդրադարձի կարիք ունի։

Խոսքը «271 միլիոն դրամի մասին է, որ հատկացվել էր քաղաքապետարանին ամանորյա միջոցառումները Հանրապետության հրապարակում նոր տրամաբանությամբ, նոր թափով կազմակերպելու» համար։

Միանգամից ասենք, որ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը «համեստություն» է անում` ուրախ նոր տարին, փողերի լվացման տեսանելի ռիսկերով հանդերձ, կրկնակի թանկ է նստել հարկատուի վրա. Երեւանի քաղաքապետարանն, ի լրումն այդ 271 միլիոնի, 54 միլիոն դրամ է հատկացրել Ամանորին, ավելի ուշ, այդքանը քիչ համարելով`տոնական բյուջեն ավելացրել է ևս 270 միլիոն դրամով։ Ընդհանուր առմամբ`ամանորյա ծախսերը կազմել են 541 միլիոն դրամ։

Այսինքն` ավելի քան 1 միլիոն դոլար, ներառյալ գերթանկարժեք նոր տոնածառի, հրապարակի աննախադեպ անճաշակ «կահավորման» վրա վատնված գումարները, Բրեգովիչի համերգը, որ իրականում Բրեգովիչի համերգն էլ չէր, այլ նրան ուղեկցող թխահեր, թխադեմ մի երիտասարդի (Բրեգովիչն ավելի շուտ «դամքյաշի» դերում էր` հոգնած, մի քիչ էլ ձանձրացած տեսքով տեղ-տեղ ձայնակցում էր անհայտ կատարողին)։

Փաշինյանի սրտին դարդ է եղել, որ Պողոսն ու իր բազմամարդ ընտանիքը մինչև վերջ չեն ընկալել ամանորը «տնտեսական հեղափոխության» հզոր խթան դարձնելու «նոր քաղաքականության» ռազմավարությունը և անորոշ կասկածներ ունեն`որքանո՞վ «էֆեկտիվ» էին այդ ծախսերը։ Եվ վիզ դրած`փորձում էր համոզել, որ ավելի էֆեկտիվ ներդրում` հանուն բարեկեցիկ ապագայի, հնարավոր չէր հորինել.

«Արդեն կան որոշակի տվյալներ` արդյունքներ։ Դեկտեմբերի 28-ից հունվարի 6-ը ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա հետ համեմատ մենք ունեցել ենք 9 միլիարդ դրամի հավելյալ դրամաշրջանառություն։ Ի՞նչ եզրակացության մեզ կարող է բերել այս թվաբանությունը։ Տեսեք, մենք 271 միլիոն դրամ հավելյալ գումար ծախսելով` կարող ենք ենթադրել, որ նաև դրանով է, որ ապահովել ենք այս 9 միլիարդ ավել շրջանառությունը։ Ընդ որում, այդ 9 միլիարդ ավել դրամաշրջանառությունից մոտավորապես 4 միլիարդը` ավելի քան 4 միլիարդը, տեղի է ունեցել ՀՀ մարզերում։

Եվ հիմա այս իրավիճակի վերլուծությունը ի՞նչ է ասում մեզ։ Մեզ ասում է հետևյալը. մենք 271 միլիոն դրամ ծախսել ենք Երևանում ամանորը գրավիչ դարձնելու համար։ Դա ակնհայտորեն մեր շատ հայրենակիցների և զբոսաշրջիկների մղել է, ստիպել է, օգնել է, քաջալերել է ամանորյա օրերին գալ Երևան։ Երևան գալով, մեկ-երկու միջոցառումների մասնակցելով, նրանց մի մասը այցելել է մարզեր, գուցե իրենց հարազատներին, տեսարժան վայրեր դիտելու համար, իմիջայլոց հունվարի 2-ին ես այցելեցի, երեխաների հետ բարձրացանք Սևանավանք, և ես զարմացած էի, թե ինչ մեծ թվով զբոսաշրջիկներ օտարերկրյա` օտարերկրյա զբոսաշրջիկներ էին եկել Սևան Սևանավանքը դիտելու»։

Բայց սա ամենը չէ. «Կա շատ ավելի կարևոր արձանագրում։ Ամենամեղմ հաշվարկների արդյունքով, այս 9 միլիարդ 307 միլիոն դրամ հավելյալ առևտրաշրջանառության արդյունքում գեներացվելու է մոտավորապես, ինձ ասում են, որ նվազագույն հաշվարկներով 325 միլիոն դրամի հարկ։ Այսինքն` էն գումարը, որ մենք դեկտեմբերին ծախսեցինք` 271 միլիոն դրամ, այդ գումարն առնվազն կրկին վերադառնալու է պետական բյուջե, դեռ մի բան էլ ավելի»։

Սա էժանագին մանիպուլյացիա է։ Փաշինյանը չի ասում`2019թ. ո՞ր ժամանակահատվածի համեմատ է արձանագրվել այդ 9 միլիարդի «հավելյալ շրջանառությունը», կամ դրա ո՞ր մասն է պայմանավորված հենց ուրախ ամանորի վրա ծախսված 271 (իրականում`541) միլիարդ դրամով։ Եվ, իհարկե`հեռատեսորեն շրջանցում է, որ ամեն տարի հեռավոր և մերձավոր արտասահմանում բնակվող կամ աշխատող մեր հայրենակիցներից շատերը գալիս են Երևան`հարազատների հետ նշելու Նոր տարին, այնպես, որ առաջանում է վարձով տրվող բնակարանների լուրջ դեֆիցիտ։ Բնականաբար`միայն ուտել-խմելու համար չեն գալիս, այցելում են Հայաստանի տեսարժան վայրեր, այդ թվում` Սևանավանք, փող են ծախսում։

Ավելին` երևանցիների մեծամասնությունն ամանորյա գնումների առյուծի բաժինն անում է հե՛նց դեկտեմբերի 28-ից հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում, և առևտրշրջանառությունն, ուզենք թե չուզենք, նոր տարին Հանրապետության հրապարակում դիմավորենք` բրդուճներով եւ Բրեգովիչով, թե տանը` ավանդական բլինչիկով, խոզի բդով ու տոլմայով, թռիչքաձև աճ է գրանցում։

Այլ բան է, որ նախկին կառավարիչները չէին «ֆայմում» դա վերագրել իրենց, ուռճացնել, ներկայացնել որպես «հայեցակարգային նշանակություն ունեցող» մի բան, կուրծք ծեծել և դարձնել ինքնագովազդի գործիք։ Դեռ մի բան էլ`որպես «հետգրություն», քծնելով հպարտ քաղաքացուն, թե բա`«սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ, լավ եղեք»...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը