Քաղաքական

22.01.2020 18:13


«Միանշանակ պետք է անցնենք սպանդանոցային համակարգին». Փաշինյանը փոխզիջում առաջարկեց և ժամանակ տվեց (տեսանյութ)

«Միանշանակ պետք է անցնենք սպանդանոցային համակարգին». Փաշինյանը փոխզիջում առաջարկեց և ժամանակ տվեց (տեսանյութ)

Միանշանակ պետք է անցնենք սպանդանոցային համակարգին։ Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ի հարցուպատասխանին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բացի առողջապահական խնդիրներից, դա երկրի ստանդարտի եւ վարկանիշի հարց է։ Արդյո՞ք մեր սիրելի այն հայրենակիցներն, ովքեր բողոքի ձայն են բարձրացնում ընթացիկ վերաբերյալ ունեն արդարացի փաստարկներ, այո, այդ փաստարկներից ամենակարեւորն այն է, որ, ցավոք, այս պահի դրությամբ մենք չունենք սպանդանոցների բավարար խտություն եւ քանակ։ Ինչո՞ւ մենք այսօրվա դրությամբ չունենք սպանդանոցների բավարար խտություն եւ քանակ, մի պարզ պատճառով, որովհետեւ մենք անընդհատ այս որոշումը հետաձգում ենք, որովհետեւ այն մարդիկ, ովքեր մտադրված են ներդրում կատարել կամ ներդրման շինարարության պրոցեսի մեջ են, վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք 2 անգամ այդ հետաձգումն արել ենք։ Մարդը փող է դնում, մեկ էլ մտածում է՝ մի րոպե, կարո՞ղ ա էս սպանդանոցը կառուցեմ, փող ծախսեմ, պարզվի, որ Կառավարությունն այս կարգավորումը չեղարկելու է։ Մյուս կողմից ունենք իրավիճակ, ունենք սիրելի հայրենակիցներ, ովքեր այդ ոլորտում ներդրում են արել եւ սիրելի հայրենակիցներ, ովքեր որոշակի խնդիրներ ունեն այս իրավիճակի հետ։ Կառավարությունը պատրաստ է քայլ ձեռնարկել, եւ մենք առաջարկում ենք հետեւյալը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը տեղեկացրեց, որ այսօր խորհրդակցություն է անցկացվել իր եւ մարզպետների միջեւ, եւ ինքը տվել է կոնկրետ հանձնարարական. «Մինչեւ սույն թվականի փետրվարի 6-ը Կառավարությունը կդիտարկի սուբսիդավորվող վարկերի եւ լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումներ անելը, որպեսզի սպանդանոցների կառուցման եւ անհրաժեշտ տեխնիկա այդ թվում՝ տրանսպորտային տեխնիկայի ձեռք բերման համար ստեղծվեն լավագույն պայմաններ»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Կառավարությունը մարզպետարանների եւ ՍԱՏՄ-ի հետ կձեւավորի սպանդանոցների նախընտրելի քարտեզ. «Հասցեական կֆինանսավորվեն այն նախագծերը, որոնք այդ սփռվածության եւ հասանելիության խնդիրը կլուծի»։

Վարչապետն ասաց, որ մինչեւ այս թվականի հուլիսի 1-ը պետք է աշխատեն այդ որոշման ուղղությամբ. «Աշխատենք եւ այս պրոցեսը մինչեւ վերջ տանենք՝ պայմանով, որ հուլիսի 2-ից ի վեր այս թեմային այլեւս չենք վերադառնալու։ Մինչեւ փետրվարի վերջը պատրաստ ենք այլ առաջարկներ լսել։ Մինչեւ մարտի 1-ը այս ֆինանսավորումը կբացենք, մինչեւ հուլիսի 1-ը տալ ժամանակ, որ մեր հայրենակիցները իրար հետ միանան, այս գումարը վերցնեն ու ներդրումն անեն։ Մենք չենք կարող ասել՝ եկեք ցեխի մեջ շարունակենք ապրել, որովհետեւ այդտեղ հարմար է կամ սովորել ենք այդտեղ ապրել։ Եթե մեր բողոքող հայրենակիցների համար այս առաջարկն ընդունելի է, ուրեմն պատրաստ ենք այս 3 գործողություններն անել. թյունինգ անել սուբսիդավորվող վարկերը եւ լիզինգային ծրագրերը, մինչեւ հուլիսի 1-ը հետաձգել, բացառությամբ Երեւանի սուպերմարկետների, ռեստորանային եւ հանրային սննդի ցանցերը, որոնք կլինեն միայն սպանդանոցներից։ Մնացած վայրերինը առայժմ կմնա նույնը»։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 15-ից ուժի մեջ է մտել կառավարության ընդունած որոշումը, ըստ որի` Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն անվտանգության երաշխիք է։

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը