Մեկնաբանություն

01.03.2011 01:16


Սերժ Սարգսյանի մտածողությունը և մարտի 1–ը

Սերժ Սարգսյանի մտածողությունը և մարտի 1–ը

Արդեն երեք տարի է անցել մարտի 1–ի ողբերգական իրադարձություններից։ Բազմաթիվ վերլուծություններ են արվել և գնահատականներ տրվել։

Թվում է, թե վերլուծելու բան չկա, և ամեն ինչ հասկանալի է։ Ցանկացած բանական էակի համար պարզ է, որ բախման նախաձեռնողն ու թիվ մեկ պատասխանատուն իշխանություններն էին։ Բայց կարևոր է հասկանալ նաև, թե ինչու՞ այդպես եղավ և ի՞նչ է սպասվում։

Այն, որ Հայաստանում առկա կլանաօլիգարխիկ համակարգը բախումնածին է՝ հասկանալի է, սակայն 2008–ի մարտի 1–ի առաջացման կոնկրետ պատճառը Սերժ Սարգսյանի բացարձակ իշխանություն ունենալու ձգտումն էր։ Այդ ձգտումն էր, որ բերեց 2008–ի ընտրությունները մեկ փուլով ավարտելու գաղափարին։

Գնալով աղաղակող կեղծիքների՝ Սարգսյանը չէր ուզում իր իշխանությամբ կիսվել ո՛չ հասարակության, ո՛չ իշխանության մյուս թևերի հետ, և եղավ մարտի 1։ Այսինքն՝ մարտի 1–ի պատճառները պետք է փնտրել Ս. Սարգսյանի բացարձակ անվերահսկելի իշխանություն ունենալու ցանկության մեջ։

Այսպիսով. Սերժ Սարգսյանի երազած իշխանությունը միահեծան բնույթ ունի, որի դեպքում չկան յուրայիններ. բոլորը թշնամի են, եթե ունեն փոքր ինչ ինքնուրույնություն և փող։ Իսկ դա բերում է անհասկացվածության պատի առաջացմանը ոչ միայն ՀՀԿ «ճկուն» ղեկավարին չընդունող հանրության լայն շերտերի ու Սարգսյանի, այլ նաև իշխանական թիմի ներկայացուցիչների ու Սարգսյանի միջև։ Այլ խոսքերով՝ Սերժ Սարգսյանն ունի վստահության դեֆիցիտ ոչ միայն ընտրողների մեծ մասի, այլ նաև իրեն իշխանության բերած թիմի մոտ։

Նախագահ դառնալուն պես՝ նա ամեն ինչ արեց, որպեսզի զրկվի բոլոր հնարավոր հենարաններից և իր դեմ տրամադրի սփյուռքահայությանը, հայաստանյան փոքրից մինչև խոշոր բիզնեսին, ինչպես նաև երեկվա գործընկերներին ու համակիրներին։ Բոլորին, բոլորին, բոլորին...

Վարվող ներքին ու արտաքին քաղաքականության պատճառով՝   Սարգսյանին ի վերջո հաջողվեց իր դեմ հանել ամբողջ հանրությանը՝ մնալով միայն «տիրացուի» և մի քանի այլ մտերիմների հույսին, բայց չէ՞ որ մենք միջինասիական խանություն չենք, որ այն ղեկավարող երկրի նախագահը որոշի սեփականաշնորհել բոլորի ունեցվածքն ու պետության քաղաքացիներին վերաբերվի ստրուկների պես, որոնց միակ անելիքը պետք է լինի իշխանական բիզնեսի զարգացմանը  դրսից ստացած փողերով նպաստելն ու բյուջեին մուծվելը։

Ամենայն հավանականությամբ՝ Սարգսյանը չի էլ հասկանում, որ Հայաստանը ռեսուրս չունի տեղական նշանակության սուլթան պահելու։ Չի հասկանում, և այդ իսկ պատճառով ինքնաոչնչացնող քայլերի է գնում՝ դառնալով իր մտածողության ու ագահության զոհը։

Սարգսյանն, անկախ իր կամքից, ամեն օր նոր մարտիմեկերի նախադրյալներ է ստեղծում՝ իր դեմ հանելով հանրության նորանոր շերտերի։

Կարծում եմ, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի վերջին տխրահռչակ հարցազրույցը է՛լ ավելի նպաստեց նրան, որ մարդիկ այսօր ըմբոստանան իշխանության դեմ, ինչպես երբևէ։

Սերժ Սարգսյանի մուբարաքացումն, ըստ այդմ, դառնում է ժամանակի խնդիր։ Մարտի 1–ով եկողը, թերևս, մարտի 1–ով էլ կգնա ...

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը