Կարծիք

22.01.2020 17:22


Եթե Տաճարի բակում լռություն է, որքան էլ այն տագնապալի թվա, նշանակում է՝ ազգը խորհում է

Եթե Տաճարի բակում լռություն է, որքան էլ այն տագնապալի թվա, նշանակում է՝ ազգը խորհում է

2 օր առաջ Մայր Աթոռ էի գնացել։ Վստահ եմ՝ շատերդ գիտեք, որ Տաճարը վերանորոգվում է և փակ է։ Չնայած դրան, սակայն, հանդիպումից մի 20 րոպե շուտ գնացի ու մի քիչ շրջեցի այգում։ Առավոտ 10-ի կողմերն էր, Տաճարին հարող այգում, բացի մեկ-երկու այգեպանից, ոչ ոք չկար։ Ընդհանրապես ոչ ոք։ Շատ տհաճ ու տագնապալից լռություն էր։ Մտածում էի՝ նման բան հնարավոր չէր լինի տեսնել ուրիշ եկեղեցիների գլխավոր տաճարներում։ Գոնե Փաշինյանի ասած տուրիստները լինեին… Բայց լուռ էր։

Երկու օր է անընդհատ դրա մասին եմ մտածում։ Ինձ թվում է՝ կամաց-կամաց մոտենում եմ մեր օրերի հիմնական խնդրի էությանը։ Այո, հասկանում եմ, որ առավոտյան ժամ էր, որ Տաճարը փակ է, բայց… Մի խոսքով։

Ներս նայելու մեծ անհրաժեշտություն կա։ Շատերն են ասում՝ պատմությունը եթեներ չի սիրում։ Բայց մեր եկեղեցու պատմությունն այն դեպքն է, երբ վստահ կարող եմ պնդել՝ չլիներ եկեղեցին, չէր պահպանվի նաև հայ ժողովուրդը։ Կձուլվեր, կգնար։ Ինքնակամ կձուլվեր, ինչպես որ ձուլվում էր անգամ իր պատմության ամենահզոր ժամանակաշրջաններում։

Եկեղեցին է մեզ հայ պահող և մեզ մարդ պահող ինստիտուտը։ Ազգը եկեղեցում է։ Այնտեղ են գործվում մեր ժողովրդին հայ պահելու համար անհրաժեշտ կապանքները։ Ու եթե Տաճարի բակում լռություն է, որքան էլ այն տագնապալի թվա, նշանակում է՝ ազգը խորհում է։ Նշանակում է՝ նրա ընդերքում, խորը ինչ-որ մի տեղ լուրջ շարժում է հասունանում։ Նշանակում է՝ շատ կարևոր բաներ իրենց տեղն են դրվում։

Ժողովուրդը սկել է ետ նայել։ Եվ ուրեմն, Աստված առաջ, ամեն ինչ լավ կլինի։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը