Կարծիք

22.01.2020 16:29


Փաշինյանի զբոսաշրջային օգուտի հրճվանքի մութ կողմերը

Փաշինյանի զբոսաշրջային օգուտի հրճվանքի մութ կողմերը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկար դադարից հետո կրկին ուղիղ եթեր էր մտել, և կարևոր հարցերից մեկը, որին անդրադարձավ, ամանորյա միջոցառումներից Հայաստանի ստացած օգուտն էր: Պարոն վարչապետը հպարտորեն նշեց, որ 2019-ի դեկտեմբերի 28-ից 2020-ի հունվարի 6-ը 2018-ի հետ համեմատ գրանցվել է 9 մլրդ 307 մլն դրամի հավելյալ դրամաշրջանառություն: Ըստ Փաշինյանի` Ամանորին 271 միլիոն հավելյալ գումար ծախսելով՝ կարող ենք ենթադրել, որ նաև դրանով է, որ ապահովել ենք այս դրամաշրջանառությունը, ընդ որում՝ դրանից մոտավորապես 4 մլրդ-ը տեղի է ունեցել ՀՀ մարզերում: Նախ՝ պարզվեց, որ 2020 թ․-ի Ամանորյա տոների միջոցառումների համար 271 միլիոն դրամով ավելի գումար է ծախսվել, քան 2019 թ․-ին: Պաշտոնական տվյալների համաձայն՝ միայն Երևանում ամանորյա միջոցառումների ծախսերը կազմել են 325.797.100 դրամ… Սակայն իշխանություններին մոտ գտնվող ՀԿ-ներից մեկի տվյալների համաձայն` իրականում ծախսերը կազմել են 424,797,100 դրամ: Ի դեպ, այս Ամանորին իմ հարազատ Գյումրիում ծախսվել է 7 միլիոն դրամ՝ 4 միլիոն դրամով պակաս, քան 2019 թ․-ի Ամանորի համար: Որքան կռահում եմ, պարոն Փաշինյանի մատնանշած 271 միլիոն հավելյալ գումարը հիմնականում ծախսվել է մայրաքաղաքի վրա:

Իսկ հիմա՝ ամենակարևորի մասին, որին պարոն Փաշինյանը բացարձակ չանդրադարձավ: Զբոսաշրջային հոսքերը ներկայացնելիս լավ կլիներ` պարոն վարչապետը ոչ միայն անդրադառնար Հայաստանում հյուրնկալվողներին, այլև Հայաստանից մեկնողներին՝ հաշվարկելով նաև այն վնասը, որը կրել է մեր բյուջեն: Մինչև հիմա ՀՀ պատկան մարմինները չեն հրապարակում տեղեկություններ, թե Ամանորի օրերին որքան ՀՀ քաղաքացի է հատել հայ-վրացական սահմանը: Ստիպված ենք բավարարվել տարբեր աղբյուրների տեղեկություններով, ըստ որոնց՝ Ամանորի տոները Վրաստանում անցկացնելու համար մեր հարևան երկիր են մեկնել Հայաստանի 35-40 հազար քաղաքացիներ, եթե ոչ ավելի: Հետաքրքիր է, պարոն Փաշինյանը հաշվարկել է, թե այդ մարդիկ ի՞նչ գումարներ են թողել Վրաստանում՝ հարստացնելով մեր հյուսիսային հարևանին: Ըստ պրիմիտիվ հաշվարկների` մեր հայրենակիցները Վրաստանում թողել են 9-11 միլիարդ դրամ գումար՝ գրեթե նույնքան և նույնիսկ ավելին, քան պարոն Փաշինյանի մատնանշած 9 միլիարդ 307 միլիոն դրամի հավելյալ դրամաշրջանառությունը: Ստացվում է, որ մենք, տարրականորեն վտարելով մեր ներքին զբոսաշրջիկներին դեպի Վրաստան և այլ երկրներ ու խրախուսելով օտարերկրյա զբոսաշրջիկների այցերը Հայաստան, ոչ միայն օգուտ չենք ստանում, այլև վնասներ ենք կրում՝ չգնահատելով մեր քաղաքացիներին:

Հարևան Վրաստանն ամեն ինչ անում է, որ ոչ միայն օտարերկրացի զբոսաշրջիկների համար ստեղծի բարվոք պայմաններ, այլև սեփական տուրիստների քմահաճույքները բավարարի և Հայաստանի օրինակով թույլ չտա սեփական քաղաքացիների մեծամասշտաբ փախուստը երկրից Ամանորյա տոներին: Այդ իսկ պատճառով, եթե Վրաստանի քաղաքները և բնակավայրերն Ամանորյա տոներին լեփ-լեցուն էին Հայաստանի քաղաքացիներով, ապա Հայաստանում վրացի զբոսաշրջիկների հնարավոր չէր գտնել: Ստացվում է, որ Ամանորյա տոներին Հայաստանը որևէ օգուտ չի ստացել, ինչպես ներկայացնում է պարոն Փաշինյանը: Ավելին՝ շատ օտարերկրացի զբոսաշրջիկներ՝ հիմնականում Իրանից, Երևանն օգտագործել են որպես տրանզիտ Վրաստան մեկնելու համար:

Հ.Գ. Ամանորյա տոներին օտարերկրացի զբոսաշրջիկները գումարներ բերեցին Հայաստան, իսկ մեր քաղաքացիները այդ բերված գումարից նույնիսկ ավելի շատ դուրս բերեցին երկրից:

Ինչ-որ բան ներկայացնելիս պետք չէ միակողմանի այն ներկայացնել: Դա ինքնախաբեություն է:

Խնդիրներին լուծում տալու համար պետք է անդրադառնալ դրա մութ կողմերին ևս, ինչը, որքան հասկանում եմ, պարոն Փաշինյանին դուր չի գալիս:

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը