Քաղաքական

22.01.2020 10:05


Ծննդատների փակումը նշանակում է կատարել ադրբեջանցիների երազանքը. Գուրգեն Եղիազարյան

Ծննդատների փակումը նշանակում է կատարել ադրբեջանցիների երազանքը. Գուրգեն Եղիազարյան

ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ սոցիալական տարբեր խնդիրների դեմ բողոքի դուրս եկած քաղաքացիների դժգոհության տակից դուրս գալու համար իշխանությունը փորձում է դրանք ուղղել ընդդիմության դաշտ։

«Այս ամենի տակից դուրս գալու համար պետք է հարվածի ուղղությունը փոխել դեպքի ընդդիմությունը եւ ասել, որ սա հակահեղափոխականների կազմակերպածն է։ Ձեր տգիտության արդյունքն է, դուք գալիս եք, մի տեղ եք կանգնում, որտեղ ազգաբնակչությունը ձեզնից չի հիասթափվել, այլ զզվել է։ Դա Նիկոլի եփած ապուրն է, ինքը պետք է ուտի այդ ապուրը, այդ ինքն է ժողովրդին իր դեմ հանում։ Այսպես երկիր չեն կառավարում, ինքն էլ է հասկացել, որ կառավարիչ չէ եւ մնացել է այն 6-7 հոգու խմբագիրը»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գուրգեն Եղիազարյանը ՝ անդրադառնալով անասնաբույծների պայքարին։

Հիշեցնենք, որ անասնաբույծներն ու մսավաճառները բողոքում են կառավարության որոշման դեմ, ըստ որի անասունների մորթը պետք է տեղի ունենա սպանդանոցներում։ Եղիազարյանը համոզված է, որ առանց վարչապետի գիտության այս, ինչպես նաեւ համայնքային ծննդատները փակելու որոշումը չէր կարող ընդունվել

«Այն սրիկայությունը, որ պետք է սկսեն սահմանամերձ Աչաջրի ծննդատան փակումից ու ավարտեն Վարդենիսի ծննդատան փակումով, նշանակում է կատարել ադրբեջանցիների երազանքը, որպեսզի սահմանը ուղղակիորեն հայաթափվի։ Սա կնշանակի՝ մեր ձեռքով սահմանը զրկել բնակչությունից»,-նշում է Գուրգեն Եղիազարյանը՝ հավելելով, որ երկրում ծնելիություն չկա, փոխարենը կա արտագաղթ․

«Նիկոլն էր այն մարդը, որ ասում էր՝ էսա, տեսեք ինչ է լինելու, հազարավոր ընտանիքներ են վերադառնալու, բայց հազարավոր ընտանիքներ փախչում են։ Էն որ ասում էր՝ 84 հազար աշխատատեղ, բա, եթե աշխատատեղ լինի, մարդն ինչո՞ւ է երկիրը լքում, եթե արդարություն լինի, ինչո՞ւ է լքում»։

Վերադառնալով անասնաբույծների խնդրին, Գուրգեն Եղիազարյանը շեշտեց, որ երեկ կառավարության շենքի առջեւ հավաքվածների հետ ոչ ոք չխոսեց ։ «Մի քանի հարյուր մարդ հավաքվել էր, ոչ մեկը չիջավ, որ չիջան, հրահանգողը Նիկոլն է, հակառակ դեպքում կիջնեին մարդկանց հետ երկու բառ կխոսեին, բայց չիջան, որովհետեւ ասելու բան չունի։ Նա հետողորմի արեց ծննդատների գործը, հիմա էլ պետք է այս գործով հետողորմի անի եւ արդեն դեմք է կորցնում, որ դեմքը չկորցնի, արդեն չեն էլ հանդիպում մարդկանց հետ»,-կարծում է Եղիազարյանը ։

Այս խնդիրը եւս Գուրգեն Եղիազարյանը վտանգավոր է համարում ազգային անվտանգության համար։ Ըստ նրա, այդ քայլը ուղղակի կոչնչացնի անասնապահությունը։ «Պատկերացրեք, որ լրտես է սողոսկել, ինչ պետք է անի, որ վնաս հասցնի, առաջինը սնունդն է, սպիտակուցային կերերն են, պիտի մտածի՝ հիմա, ոնց անենք, որ անասնաբուծությունը վերացնենք Հայաստանում։ Իհարկե, եվրոտանդարտներով մորթը լավ է, բայց պետք դրան նախապատրաստել, նախ էդ սպանդանոցներ կառուցողները հարուստ մարդիկ են, որոնք առանց ջանք թափելու գյուղացու հաշվին պետք է ապրեն»,-ասում է Գուրգեն Եղիազարյանը՝ եզրափակելով. «Եթե այս խեղկատակությունը շարունակվեց, անասնագլխի անկում է արձանագրվելու»։

Այս խորագրի վերջին նյութերը