Մեկնաբանություն

22.01.2020 11:20


Ոչ թավշյա, բռնի, կույր, խուլ, անխիղճ և անուղեղ «արդարադատություն» ունենք` աշխարհը չունի

Ոչ թավշյա, բռնի, կույր, խուլ, անխիղճ և անուղեղ «արդարադատություն» ունենք` աշխարհը չունի

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց։ Եվ դարձյալ` նույն պատճառով, ինչ նախորդ անգամ։

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը չէր ներկայացել դատարան, և հիմնավորել էր դա նրանով, որ դատարանը համարժեք չի արձագանքում տուժող կողմից պաշտպանների հասցեին հնչող վիրավորական արտահայտություններին։ Անգամ հարկ չհամարեց օրենքով սահմանված միջոցներ ձեռնարկել, երբ տուժողի իրավահաջորդ Է. Հարությունյանը հունվարի 9-ի նիստում, «հակադարձելով» պաշտպաններին (որոնք, նկատենք` ոչ մի անհարգալից բան չէին ասել տուժողների մասին), ո՛չ դես, ո՛չ դեն` սպառնաց՝ թո՛ղ հարգեն Մարտի 1-ը, թե չէ մեր օրը կընկնեն։

Ի՞նչ ասել է` «մեր օրը կընկնեն», թերևս ավելորդ է բացատրել։ Պարզ է, չէ՞, որ այդ մարդիկ հենց այնպես` «հավեսի համար» չեն հաճախում դատական նիստերին, այլ` հետամուտ լինելու իրենց զավակների «արյան պահանջատիրությանը»։ Ուրիշ բան, որ պահանջում են խստագույնս պատժել ոչ թե մարդասպաններին, որոնց ինքնությունը չի բացահայտվել` ո՛չ ապրիլյան «հեղափոխությունից» առաջ, ո՛չ հետո, ժողովրդին փորձության տարած Տեր-Պետրոսյանին ու Նիկոլ Փաշինյանին, այլ` նախագահին, որ կանխեց մարտիմեկյան «բռնի, ոչ թավշյա» հեղաշրջման փորձը։

Պաշտպանների հորդորը`գնահատական տալ դատարանում ու դատարանից դուրս պարբերաբար ծագող նմանատիպ միջադեպերին, հավասար աչքով նայել կողմերին և ապահովել փաստաբանների լիարժեք պաշտպանություն իրականացնելու հնարավորությունը, մնաց անարձագանք։

Դատավոր Աննա Դանիբեկյանը, ի վերուստ իջեցված «պետպատվերի» տառին և ոգուն համահունչ, հարցը լուծեց «գեղական կարգով». ասաց, որ լսել է փաստաբաններին մտահոգող միջադեպի ձայնագրությունը, սպառնալիքի ոչ մի նշույլ չի տեսել և որևէ հիմք չունի` սահմանափակելու տուժողների «խոսքի ազատությունը»։ Դեռ մի բան էլ «խոստացավ» սանկցիա կիրառել նիստն «անհիմն» բոյկոտած փաստաբանի նկատմամբ, բայց` իր ներկայությամբ։ Երեք անգամ անընդմեջ բացակայելու դեպքում` կասեցնել լիազորությունները և պրն․ Խաչատուրովին այլ փաստաբան տրամադրել, եթե ինքը` Խաչատուրովը չցանկանա կամ չկարողանա ինքնուրույն լուծել այդ խնդիրը։

Այս անգամ Միհրան Պողոսյանը ներկայացել էր նիստին, և դատավորը մասամբ կատարեց իր «խոստումը»` նկատողություն արեց փաստաբանին իր պարտականությունների կատարումից «չարամտորեն խուսափելու» համար և արժանացավ մեղադրողների ու տուժողների միահամուռ հավանությանը։

Հետո հետին թվով դիմեց տուժողին և խնդրեց պարզաբանել՝ ի՞նչ նկատի ուներ`ասելով, որ պաշպանական կողմի ներկայացուցիչներն իրենց «օրը կընկնեն». դա «զավակից զրկվելու սպառնալի՞ք» էր, թե՞ ոչ այնքան։ Դե, նա էլ, ժանրի կանոններին համապատասխան, չքմեղացավ, թե` ի՜նչ սպառնալիք, ի՜նչ բան. «Ես ընդամենը սպառնալիք չեմ հնչացրել, այլ ասել եմ` մեզ եթե փորձում են վիրավորել, կընկնեն մեր օրին։ Այսինքն` մե՛նք էլ կարող ենք վիրավորել։ Ուրի՛շ ոչինչ։ Նման սպառնալիք, եթե իրանք քթնում են, որ սպառնալիք ա, դա իրա՛նց խնդիրն ա։ Մենք որևիցե մեկին չենք վիրավորել, և խնդրում ենք, որ իրանք մեզ նորից չվիրավորեն։ Ուրի՛շ ոչինչ»։

Պատասխանը լիովին «բավարարեց» դատավորին։ Եվ ստացվեց այնպես, որ ոչ թե տուժողներն են վիրավորական արտահայտություններ արել ու անում պաշտպանական կողմի հասցեին, այլ ճի՛շտ հակառակը։ Ուստի սանկցա(ներ) էլ պետք է կիրառել ոչ թե տուժողների, այլ փաստաբանների նկատմամբ. նրա համար, որ հանիրավի «նյարդայնացնում» են տուժող կողմին, դատախազներին ու դատավորին իրենց «անվերջանալի» միջնորդություններով։ Ինչն էլ, ըստ էության, արվում է։

Իսկ նիստը հետաձգվեց, որովհետև հիմա էլ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի փաստաբաններն էին բոյկոտել դատական նիստը` նույն պատճառաբանությամբ։ Եվ հաջորդ նիստում կարժանանան նույն ճակատագրին` նկատողություն կստանան իրենց պարտականությունների կատարումից «չարամտորեն խուսափելու» համար։ Դատավորի «փոխանցմամբ»` նրանց հարցով, ինչպես և Միհրան Պողոսյանի դեպքում, կզբաղվի Փաստաբանների պալատը։

«Նոր Հայաստանի» շուռ տված`ոչ բռնի, թավշյա, կույր, խուլ, անխիղճ և անուղեղ վնգստացող «արդարադատության» ծառա Աննա Դանիբեկյանից այլ բան չէր էլ կարելի սպասել։ Նա արեց այն, ինչ անելու էր`«օրինականացրեց» պաշտպանական կողմի հասցեին բռնության կոչեր, սպառնալիքներ, վիրավորանքներ շաղ տալու տուժող կողմի «իրավունքը», և վե՛րջ։

Միակ ինտրիգն այն է, թե փաստաբանների պալա՞տն ինչ կորոշի. «կվավերացնի՞» տիկին Դանիբեկյանի «անկողմնակալ» որոշումն իր լուռ համաձայնությամբ, թե՞ կընդվզի անարդարության դեմ։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը