Հարցազրույց

22.01.2020 01:34


Չլիներ Ռ․Քոչարյանի դատավարությունը, այս իշխանությունը ճնշումներ չէր գործադրի դատական համակարգի վրա. Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

Չլիներ Ռ․Քոչարյանի դատավարությունը, այս իշխանությունը ճնշումներ չէր գործադրի դատական համակարգի վրա. Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

Իրավապահ մարմինները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի վերջին մոտ երկու տարվա ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաների մահվան դեպքերի հարցում հասարակությունը կասկածներ չունենա: Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Ըստ Վիկտոր Սողոմոնյանի՝ նախկին պաշտոնյաների ու իրողությունների նկատմամբ ձևավորված ատելության մթնոլորտը չէր կարող չազդել Գեորգի Կուտոյանի կայացրած ողբերգական որոշման վրա:

Վիկտոր Սողոմոնյանի դիտարկմամբ՝ Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները պարզելու համար վարկածներ ու ուրվականներ առաջ քաշելը ոչ մեկին օգուտ չի տալու:

Խոսելով Գեորգի Կուտոյանի մահը «Մարտի 1»-ի հետ կապելու առաջ քաշած վարկածներից՝ Սողոմոնյանը պատասխանել է. «Դա անբարոյականություն է: Կուտոյանի մահը «Մարտի 1»-ի հետ կապակցելն այնքան անբարոյականություն է, որքան Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի ուղիղ հեռարձակման տակ անբարո մեկնաբանություններ թողնելը»:

Դիտարկմանը՝ «ֆեյքերի» որս է իրականցվում, տարվա սկզբին էլ Դիանա Հարությունյան անունով կեղծ էջի օգտատիրոջը ԱԱԾ-ն բերման ենթարկեց, Վիկտոր Սողոմոնյանն ասել է, որ մի «ֆեյքի» վերաբերյալ վարչապետի մակարդակով արձագանք ենք տեսնում, իսկ ԱԱԾ նախկին պետի մասին «ֆեյքերի» գրառումները որևէ արձագանքի չեն արժանանում:

Անդրադառնալով ներքաղաքական վիճակին, հասարակության մեջ տիրող մթնոլորտին՝ Վիկտոր Սողոմոնյանը նկատում է, որ ընդդիմադիր Փաշինյանը բախվել է իշխանավոր Նիկոլ Փաշինյանին. «Նիկոլ Փաշինյանը երբեք պետական համակարգում չէր աշխատել ու այսօր դարձել է երկրի ղեկավար, դրա համար էլ նա բախվել է իրականության»:

Սողոմոնյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի արած քայլերը, մասնավորապես նախարարների աշխատավարձերի բարձրացումը, պարգևավճարները հակասում են իղձերի քաղաքականությանը, որը խոսքով Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ժողովրդին:

«Մարտի 1»-ի գործով դատավարությանն անդրադառնալով՝ Վիկտոր Սողոմոնյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մնալ մարտական տրամադրված. «Նախագահ Քոչարյանը ի թիվս բազմաթիվ ծառայությունների, որ մատուցել է հայ ժողովրդին, հիմա էլ կրելով զրկանքներ, հնարավորություն տվեց, որ մենք շատ արագ բացահայտենք ներկա իշխանությունների հակաժողովրդավարական դեմքը»:

Վիկտոր Սողոմոնյանը համոզված է, որ, եթե չլիներ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը, այս իշխանությունները ոչ մի պարագայում ճնշումներ չէր գործադրի դատական համակարգի վրա:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը