Քաղաքական

21.01.2020 15:25


Մանվել Գրիգորյանին բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու միջնորդություն ներկայացվեց

Մանվել Գրիգորյանին բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու միջնորդություն ներկայացվեց

ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպաններն այսօր՝ հունվարի 21-ին, դատարանին միջնորդություն ներկայացրին՝ նրան բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու վերաբերյալ։

Պաշտպան Լեւոն Բաղդասարյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանի հարազատները կհոգան Ֆրանսիայում բուժվելու բոլոր ծախսերը. «Շուրջ 20 տարի Ֆրանսիայի բժիշկները բուժել են Մանվել Գրիգորյանի շաքարային դիաբետը»։

Մեղադրող դատախազը առարկեց այդ միջնորդության դեմ. «Որեւէ փաստական տվյալ եւ հիմնավորում չկա, որ Մանվել Գրիգորյանը ներկայիս առողջական վիճակում չի կարող անհրաժեշտ բուժօգնություն ստանալ Հայաստանում»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին ՀՀ դատախազության նախաձեռնությամբ, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ արտահերթ դատական նիստ հրավիրվեց եւ Գրիգորյանն ազատ արձակվեց։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մանվել Գրիգորյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի Վերակենդանացման բաժնում։ Նրա առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Դատարանը մերժեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը՝ Գրիգորյանին բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու վերաբերյալ։

Դատարանը մերժեց միջնորդությունն՝ անհիմն լինելու պատճառով։

Միջնորդությանն առարկեց նաեւ մեղադրող դատախազը՝ անհիմն լինելու պատճառով։

Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց փետրվարի 11-ին, ժամը՝ 14։00-ին։

Նշենք, որ այս նիստին Մանվել Գրիգորյանը ներկա չէր, քանի որ նա արդեն մի քանի օր է, որ գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը