Կարծիք

21.01.2020 10:48


Պետությունն ու պետականությունն այս իշխանության համար աբստրակտ պատկերացումներ են

Պետությունն ու պետականությունն այս իշխանության համար աբստրակտ պատկերացումներ են

Զերծ կմնամ որևէ գնահատական և մեկնաբանություն անելուց, քանի որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի գործը գտնվում է նախաքննական վարույթում, և դեռևս շատ մանրամասներ հայտնի չեն, կփորձեմ ավելի շատ անդրադառնալ դեպքի հոգեբանական և բարոյական հետևանքներին։ Պետք է հստակ փաստեմ, որ Կուտոյանի մահվան հետ կապված՝ սոցցանցերում մի այնպիսի արհեստական փսիխոպատիկ իրավիճակ էր ստեղծվել, որտեղ անհասկանալի ու անտրամաբանական մեկնաբանությունների ալիքին հաջորդում էր մի տեսակ արյան ծարավ սեկտորի վայրահաչոցների շարան։ Չխոսելով կատարվածի անմարդկային և պարանոիկ շեշտադրումների մասին՝ պետք է նշեմ, որ անկախ նրանից, թե իրականում ինչ է տեղի ունեցել, ինչ պատճառներով կամ դրդապատճառներով, մենք ռեալ իրականությունում գործ ունենք մարդու մահվան փաստի հետ․ մարդ, ով ունեցել է ընտանիք, բարեկամներ, ընկերներ, գործընկերներ, հարևաններ, այլ բնորոշմամբ՝ սովորական բանական արարած, և նման բորենիական պահվածքը, որին ականատես եղանք անցնող երկու-երեք օրերի ընթացքում, զուրկ է որևէ մեկնաբանությունից և ընդամենը սրբապղծության մասին է խոսում։

Այն, ինչ տեղի ունեցավ Գեորգի Կուտոյանի մահվան մասին տեղեկատվությունը տարածվելուց հետո, դուրս է ցանկացած բանական մարդու պատկերացումից․ երբ պետության երբեմնի բարձրաստիճան ղեկավարի մարմինը դեռ չսառած, զոմբիական սեգմենտի կողմից սկսվեց ամենատարբեր լկտի ու ամբարտավան տեսակետների ու քաղաքական շահարկումների ալիքի ապահովման գործընթացը։ Տեղեկատվական դաշտում ստեղծված վակխանալիայի մեջ ամենաինտրիգայինն այն էր, որ ՀՀ ներկայիս բարձրագույն իշխանությունը ոչ մի սթափության կոչ չհնչեցրեց կամ չսաստեց տեղի ունեցող անբարոյականության «խրախճանքը», ընդհակառակը, որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ անգամ անհասկանալի ձևակերպումներ էին ներկայացնում՝ փորձելով Կուտոյանի մահվան մեջ, այնուամենայնիվ, քաղաքական հետք տեսնել ու հիմնականում ԱԱԾ նախկին պետի մահվան սլաքներն ուղղել անցյալի գործունեությանը և նախկին իշխանության ներկայացուցիչ լինելուն։ Հանուն արդարության պետք է փաստեմ, որ գործող իշխանության ոչ բոլոր ներկայացուցիչներն էին, որ նման ոչ ադեկվատ ու ստոր տեսակետներ էր շրջանառում, կային նաև մարդիկ, ովքեր իրականում ցավում էին տեղի ունեցած ողբերգության համար։ Անդրադառնամ ինքնահռչակ «ժողովրդական» վարչապետին. վերջինս իր ֆեյսբուքյան ակտիվությամբ չի զիջում ոչ մի ակտիվ օգտատիրոջ, և ԱԱԾ նախկին տնօրենի մահվան դեպքի հետ կապված բավականին տարօրինակ վարքագիծ դրսևորեց։ Նա, բոլորի համար զարմանալիորեն, ոչ մի ցավակցական հստակ խոսք չհղեց տեղի ունեցած դեպքի հետ կապված։ Ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ ո՛չ կառավարության պաշտոնական կայքում, ո՛չ Նիկոլի ֆեյսբուքյան էջում Կուտոյանի մահվան վերաբերյալ ոչ մի ցավակցական ուղերձ չկա։ Առաջին անգամ հայ պետականության պատմության մեջ պետության ղեկավարի ցավակցական ուղերձը ստացել են միայն այն ԶԼՄ-ները, որոնք հետաքրքրվել են դրանով, սա, աբսուրդից բացի, այլ բան չի կարելի որակել։ Նման վարքագծով Նիկոլը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հեռու է պետական գործիչ ու պետության ղեկավար լինելու բոլոր չափորոշիչներից, իր այս գործելաոճով նա ապացուցեց, որ իր կողմից արվում է ամեն ինչ պետության բնական շարունակականությունը կեղեքելու և պղծելու համար։

Հ.Գ. Նիկոլը դարձյալ հաստատում է, որ պետություն ու պետականություն ասված կատեգորիաներն այս իշխանության համար աբստրակտ պատկերացումներ են, և այս իշխանությունը ոչ մի աղերս չունի ազգ, պետություն, պետականություն ասվածի ու նման արժեքների հետ, իսկ պետության ներկայիս ղեկավարներն ընդամենը ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնված «զավտիչներ» են։

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը