Մեկնաբանություն

21.01.2020 13:15


Պողո՜ս, գազ տո՛ւր, քանի չեն հոսանքահարել

Պողո՜ս, գազ տո՛ւր, քանի չեն հոսանքահարել

Ժողիշխանության առավել համարձակ ներկայացուցիչների վախվորած ու կցկտուր բացատրություններից կամ բացատրությունանման փորձերից դատելով՝ գազի գինը բարձրանալու է: Ամենայն հավանականությամբ՝ ապրիլի 1-ից: Ու դա կատակ չէ:

Խորհրդարանի տնտեսական հարցերի հանձնաժողովի «իրենցքայլական» նախագահը, որ այս իշխանախմբի քիչ թե շատ բանիմաց կադրերից մեկն է, փորձում էր հանդարտություն ներարկել գազի գնի բարձրացման անդուր տրամադրություններին: Ասում էր, թե դեռ ոչինչ տեղի չի ունեցել, որ ունենա, այն ժամանակ կասվի, թե ինչ կարելի է անել: Հա, ու մեկ էլ, թե՝ գազի գնի բարձրացումից պետք չէ շատ մեծ ողբերգություն սարքել:

Չէ, ի՜նչ ողբերգություն: Գազի գին է, էլի: Կբարձրանա, դեմը գարուն է, հետո ամառ, մինչև հաջորդ ձմեռնամուտ էլ ինչ իմանաս՝ ինչ կլինի կամ դա արդեն հաջորդ կառավարության գլխացավանքը կլինի միգուցե: Հետո՞ ինչ, որ գազի գնի հնարավոր բարձրացման հետևանքով ընդհանուր կարող են այլ գներ էլ աճել: Տրանսպորտային փոխադրումների վրա կարող է դա անդրադառնալ, չէ՞ որ Հայաստանում գազը ավտոմեքենաների մեծ մասի հիմնական վառելիքն է: Դե, ասենք, գազի հետ կապված արտադրատեսակների վրա կարող է ինչ-որ չափով անդրադառնալ հնարավոր թանկացումը: Հասկանալի է, էլեկտրաէներգիայի սակագնի վրա էլ կարող է ազդել: Դա թող տնտեսագետները մեկնաբանեն:

Տվյալ դեպքում, ավելի տեղին կլինի հարևան Պողոսին հորդորել, որ գազ տա՛, այն իմաստով, օրինակ, որ քանի դեռ համեմատաբար էժան է, գազը չխնայի ու ինչքան կարող է՝ ՀԴՄ կտրոն պահանջի մսավաճառից: Մի խոսքով, գազ տո՛ւր Պողոս, քանի դեռ թանկացումներով չեն հոսանքահարել, այսինքն՝ «տոկի չեն տվել»:

Եթե մի փոքր ավելի լուրջ, ապա գազի հնարավոր թանկացումն ու այդ հավանականության վերաբերյալ թավշյա ժողիշխանության սառը վերաբերմունքը բոլորովին այլ դիտարկումների առիթ են տալիս:

Թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ իրեն պատկանող թերթը, երբ դեռ ընդդիմադիր էին, օրնիբուն նաև այն թեզն էին շրջանառում, որ Հայաստանում գազի և էլեկտրականության սակագներն ուռճացված են, որ գազն ու հոսանքն արհեստականորեն են թանկ, որ նախկին իշխանությունները այդպիսով թալանում ու կեղեքում են խեղճ ժողովրդին: Հա, մի զուգահեռ գիծ էլ կար, որ հաստատուն ռեժիմով Փաշինյանի թերթը տանում էր: Այն էր, թե Իրանից կարելի է շատ ավելի էժան գազ գնել, բայց հակաժողովրդական իշխանությունը (նախկին) դա չի անում:

Արդեն 20-21 ամիս է (շուտով 2 տարին կլրանա), ինչ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ընդդիմադիր չէ, այլև, կներեք, իշխանություն է: Իսկ 2018 թվականի դեկտեմբերից (ԱԺ արտահերթ ընտրություն կոչվող միջոցառումից հետո) առավել քան իշխանություն է, դե ֆակտո միապետ է՝ անսահմանափակ ու անվերահսկելի իշխանությամբ:

Եվ ի՞նչ, հայրենակից պողոսներ ու պողոսուհիներ, գազը շա՞տ է էժանացել: Թե՞ էլեկտրաէներգիայի՝ նախկինում հակաժողովրդական, ուռճացված սակագինն է բերվել «ջրի գնի»: Իսկ գուցե արդեն Իրանի՞ց է Հայաստանը «ջրի գնով» ներկրում գազի անհրաժեշտ ամբողջ ծավալը, պարզապես ժողովրդին չեն ասում, որ շոկի մեջ չընկնի, համ էլ՝ Ռուսաստանում գլխի չընկնեն:

Իհարկե, գործող իշխանության տիպաբանությունն այնպիսին է, որ երբեք չեն խոստովանի, թե ընդդիմադիր եղած ժամանակ օդից վերցրած բաներ էին ասում կամ պարզապես փչում էին, որպեսզի նաև այդ շահարկումները արմատավորելով, հասնեն իշխանության: Չնայած, խոստովանեն, թե չխոստովանեն, դա արդեն անկարևոր է:

Կարևորը այն պահն է, որ իշխանավորներն ասում են, թե գազի թանկացումը սարսափելի չէ, ողբերգություն չէ: Հա, դե իրենց անարդարացիորեն գերբարձր աշխատավարձերի ու անհիմն պարգևավճարների պայմաններում ի՜նչ ունեն մտածելու: Իսկ այ, կոպեկ-կոպեկ հաշվող ժողովուրդը, ում վճարած հարկերի հաշվին այդ աշխատավարձերը իշխանավորներն ստանում են, մտածելու շատ բան ունի: Առնվազն՝ մտածելու:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը