Մեկնաբանություն

21.01.2020 13:05


«Օբյեկտը» վախեցած է և խիստ վտանգավոր

«Օբյեկտը» վախեցած է և խիստ վտանգավոր

Փաշինյանի ընտանեկան կայքի հպանցիկ «մոնիտորինգը» կասկածի տեղ չի թողնում`«պացիենտի» վիճակը ծանր է։

«Հակահեղափոխության» ուրվականը սրան հանգիստ չի տալիս դեռ 2018թ. մայիսի կեսերից։ Նախօրեին անդրադարձել էինք վարչապետ կարգվելուց ընդամենը մի շաբաթ անց armtimes.com-ում հայտնված անստորագիր հրապարակմանը «ռոմանտիկ հակահեղափոխականների» մասին, ըստ որի` «նախկին իշխանությունը»՝ Վիգեն Սարգսյան, Տարոն Մարգարյան, Արթուր Դավթյան հակահեղափոխական եռյակի գլխավորությամբ, ռեկորդային կարճ ժամանակահատվածում` 2-3 ամսվա ընթացքում, պատրաստվում էր գահընկեց անել նորաթուխ վարչապետին և իշխանությունը վերադարձնել «սիֆտակ կաստըմ-շլվարով տղեքին»։

Հենց միայն հանգստյան օրերին` հունվարի 18-ին և 19-ին կայքում տեղ գտած «զառանցական մտքերը» բավական են`արձանագրելու, որ հիվանդությունը չափից ավելի խորացել է։ Այնքան, որ բժշկական միջամտությունն այլևս կարող է ուշացած լինել։

«Իսկ հեղափոխությունից բացի ինչի՞ վրա կարող են հույս դնել նախկինները» վերնագրված անանուն հոդվածն ամբողջությամբ մատնում է սեփականատիրոջ` «Փաշինյան և ընտանիք» սահմանափակ պատասխանատվության ընկերության վախերը և ֆոբիաները։

Օրինակ. «Վերջին օրերի ամենաքննարկվող թեման, իհարկե, լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկություններն են, որոնց համաձայն`Հայաստանում հեղաշրջում էր նախապատրաստվում, եւ դա կանխվել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնանկությամբ։ Մինչ հակաիշխանական քարոզչամիջոցներն ու անսպասելիորեն Վանեցյանի մոլի երկրպագուները դարձած նախկինները հերքում են դա (կարծես թե հեղաշրջում նախապատրաստողները պիտի նախապես իրենց տեղեկացնեին այդ մասին) ու պահանջում ապացույցներ ներկայացնել`իշխանությունների կողմնակիցները մտահոգված են, որ այդ ամենը կարող է ճիշտ լինել, բայց իրավապահ կառույցները համարժեք չեն արձագանքում»։

Հիշեցնենք, որ «ամենաքննարկվող» այդ թեման շրջանառության մեջ է դրել նույն կայքը`հունվարի 12-ի «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ. Միշիկը, Արթուրը, Արիկը» հրապարակմամբ, որով հեղինակը տագնապ է հնչեցնում`առ այն, որ հիմա էլ Միքայել Մինասյան, Արա Սաղաթելյան, Արթուր Վանեցյան «հակահեղափոխական» եռյակն է հեղաշրջման պատրաստություն տեսնում։ Այսինքն` դերակատարները փոխվել են, սցենարը փոխվել է, բայց «հեղաշրջման» ծրագիրը մնացել է անփոփոխ։

Հաջորդ օրը Մարիամիկը` Մարիամ Փաշինյանը, հրապարակավ ամոթանք տվեց Վանեցյանին և մեղադրեց դավաճանության` ընտանիքի բարեկամ ձեւանալով, ընտանիքի հորը`համատեղության կարգով ինքն իրեն «ժողովրդի պապա» նշանակած Փաշինյանին «թախտից գցելու» դավադիր ծրագիր մտմտալու մեջ։ Աներձագն էլ կնիքը դրեց, թե`Վանեցյանը հեղաշրջում էր նախապատրաստում ընտանիքապետության դեմ, դրա համար պաշտոնանկ արվեց։

Հոդվածագիրը սույնը ապացուցող փաստեր չունի, բայց համոզված է. «Վանեցյանն այն քաղաքական ֆիգուրը չէր (չէ), որ ի վիճակի լիներ հեղաշրջում անել։ Եթե նման ծրագիր եղել է, նա կարող էր առանցքային դերակատարում ունենալ, բայց` ընդամենը որպես գործիք։ Երկրորդ` եթե ընդունենք, որ նման ծրագիր եղել է, ապա վստահաբար`Վանեցյանի պաշտոնանկությամբ դա չի կասեցվել, ավելին` ծրագիրը հիմա էլ ընթացքի մեջ է ու նույնիսկ ավելի արագացված տեմպերով։ Վերջին հաշվով` եթե գիշերը գայլերի ոհմակը շրջապատում է մարդկանց, նրանցից մեկը լապտերով պատահաբար լուսավորում է գայլերից մեկին, ու սա վախեցած ետ է ցատկում, դա դեռ չի նշանակում, որ վտանգը չեզոքացված է»։

Առա՛ջ` դեպի դասական բռնապետություն

Իսկ ի՞նչ, եթե նման ծրագիր չկա ու չի էլ եղել`դա պարզ ապատեղեկատվություն է, «մուտիլովկա», սուտ մատնություն, լավագույն դեպքում հեղինակի հիվանդ ուղեղի մորմոքը` հեղինակը չի հստակեցնում։ Փոխարենը բերում է վերահաս հեղաշրջման «անուղղակի ապացույցներ». «Նախկին իշխանությունները (Ռոբերտ Քոչարյանի շրջապատն ու Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ն՝ իրենց կողմից ֆինանսավորվող կառույցներով) անընդհատ հայտարարում են, թե այս իշխանություններին հաշված ամիսներ են մնացել, շատ շուտով իշխանափոխություն է տեղի ունենալու, եւ բոլորը դաժանորեն պատժվելու են»։

Հետո` ծանրութեթև անելով իշխանափոխության «տեսականորեն հնարավոր» տարբերակները, եզրակացնում է. «Եթե նրանք խոսում են մոտալուտ իշխանափոխության մասին, կարող են հույս դնել միայն հեղաշրջման տարբերակի վրա»։ Այն էլ` պալատական հեղաշրջման, որին, հեղինակի հաշվարկներով, «կարելի է հասնել ներիշխանական ինտրիգներով եւ ուժային կառույցների գաղտնի աջակցությամբ, հատկապես եթե կա նաեւ արտաքին որոշակի աջակցություն». Արթուր Վանեցյանը միակ դավաճանը չէ, որ օձի պես «սողոսկել» է Փաշինյանի շրջապատ` «հեղափոխությունը» ներսից պայթեցնելու նկատառումով. «Մեծ է հավանականությունը, որ նույն մեխանիզմներով իշխանական թիմում տասնյակ այլ մարդիկ էլ են հայտնվել ու հիմա էլ այնտեղ են»։

Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է սպասել վհուկների նոր որսի։ Այս դեպքում`«իշխանական թիմում», առաջին հերթին` ուժային կառույցներում։ «Օբյեկտը» խուճապի մեջ է, և ուրեմն` կլինեն նոր «թույն բացահայտումներ», նոր ձերբակալություններ։ Հնարավոր է` մահափորձի իմիտացիաներ կամ, որ ավելի վատ է` նոր (ինքնա)սպանություններ. միջոցների միջև պետք չէ խտրականություն դնել, ընկնել փաստերի, ապացույցների հետեւից` կողքից հուշում են «հեղափոխության» մշտարթուն պահապանները։

Ինչպես սևով սպիտակի վրա գրում է «Կուտոյանի մահը չի կարող ինքնասպանություն լինել... նա ինֆորմացիայի կենդանի կրող էր» հոդվածի հեղինակը`«ցիտելով» ազգայնականի համարում ունեցող երբեմնի թունդ հակահհշական Լեւոն Շիրինյանին, «իշխանությունը թուլություն է դրսեւորում։ Պետք է սթափվել եւ ավտորիտար բնավորություն ցույց տալ։ Քաղաքագիտության մեջ դասական բանաձեւ կա. դեմոկրատական ընթացակարգով դեմոկրատիա չի հաստատվում, պետք է ավտորիտար մոտեցում։ Ձեռքդ սեղանին ես խփում ու հարցը լուծում ես, ինչպես աշխարհի ցանկացած երկրում։ Սերժի ստեղծած օրենքներով ուզում ես Սերժի հարցը լուծե՞ս»։

Այնպես որ, զինվեք համբերությամբ և սպասեք կոշտ ավտորիտար «ընթացակարգերի»։

Դեռ ինչե՜ր են լինելու...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը