Մեկնաբանություն

20.01.2020 15:30


Ինչպիսին «հեղափոխությունն» է, այդպիսին էլ իր պահապաններն են

Ինչպիսին «հեղափոխությունն» է, այդպիսին էլ իր պահապաններն են

Հանրահայտ հուշահամալիրի մուտքի աստիճաններին հավաքված մի քանի հոգին գուցե ուշադրություն չգրավեին էլ: Ի վերջո, երեկոյան մայրաքաղաքի կանգառներում անհամեմատ ավելի շատ հայրենակիցներ են հավաքվում, որոնց միավորում է նույն նպատակը՝ հանրային փոխադրամիջոցով տուն հասնել:

Բայց հուշահամալիրի մուտքի աստիճաններին հավաքվածները հայտարարեցին, թե իրենք 2018-ի «թավշյա հեղափոխության» պահապաններն են կամ՝ «հեղափոխության պահապանների կորպուսը», ինչով որոշ ուշադրություն, այնուամենայնիվ, գրավեցին (սոցցանցերում սրանց մասին գրում են ոչ թե պահապաններ, այլ պահպանակներ):

Դե, ինչպիսին «հեղափոխությունն» է, այնպիսին էլ իր պահապաններն են կամ «կորպուսը»: Շատ քաղաքագետների համար վիճարկելի է մոտ 2 տարի առաջ կատարվածի հեղափոխություն լինելը, քանի որ իրողություններն ավելի են ամրապնդում այն տեսակետը, որ տեղի է ունեցել հենց իշխանափոխություն, այլ ոչ թե՝ հեղափոխություն:

Կարևոր է, որ արդեն «հեղափոխության պահապանների կորպուս» կա: Եթե իշխանության վերին շերտերում շարունակ մտահոգված են «հեղափոխության» և «հեղափոխական արժեքների» վարկաբեկմամբ, այսուհետ կարող են չտանջվել դրա վրա: Ոչ մի հատուկ ջանք պետք չէ, մեկ-երկու այսպիսի «կորպուս» լինի, լիովին բավարար է, իսկ «սևերն» ու «հակահեղափոխականներն» էլ կարող են հանգիստ նստել տեղները:

Հա, գուցե զուգահեռներ են առաջանում տարբեր երկրներում ու տարբեր ժամանակներում գործած «կորպուսների» հետ, բայց դրանք ռազմականացված կառույցներ էին: Ինչպես, ասենք, հարևան ԻԻՀ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ը, որ Իրանի ԶՈՒ մի մասն է:

Հիմա, պարզվում է, Հայաստանում էլ «հեղափոխության պահապանների կորպուս» կա: Փոքր կորպուս: Ու ասում են, որ իրենք ռազմականացված չեն, ընդհանրապես, ոչ բռնի են: Դե, վիրտուալ տարածքում Փաշինյանի իշխանության «պահապանների կորպուսը» անհաշիվ ֆեյքերի հաշվին շատ ավելի մեծաքանակ է ու վերին աստիճանի զազրախոս: Բայց դա մի փոքր այլ «կինո» է:

Այս դեպքում իրական անձինք են, որ «կամովին» ստանձնել են գործող իշխանության պահապանների դերը, այսպես ասած՝ հրապարակային ակցիաների տարբերակով:

Ի դեպ, շատ հետաքրքիր ռեժիմով են առհասարակ ակտիվանում «հեղափոխության պահապանները», որ կարծես՝ նույն անձինք են:

Այ, երբ առաջին անգամ գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխվեց, նրանք բողոքի ցույցեր արեցին, անգամ Երևան-Էջմիածին ճանապարհը փակեցին ու նույնիսկ դատախազության թեիմաց Արթուր Դավթյանի հետ «բողոք» սցենայում խաղացին: Իսկ հիմա՝ ոչ մի նման ակցիա: Մինչդեռ, թե՛ այն անգամ, թե՛ հիմա, նույն անձի մասին է խոսքը, նույն՝ առողջական խնդիրների հիմնավորմամբ էլ խափանման միջոցն է փոխվել: Մի պստիկ տարբերություն կա՝ այս անգամ դա կատարվել է դատախազության կամ մեղադրողի միջնորդությամբ, ասել է թե՝ իշխանության կարգադրությամբ: Ուստի ակտիվանալու ռադիոազդանշան էլ չի տրվել հրահանգով ակտիվացողներին: Դե, ռադիոկառավարվող, «պուլտով ակտիվիստներ» միշտ էլ եղել են: Հարցը դա չէ, այլ այն, որ մեկ տարի առաջ 79-80 տոկոս ստացածն է դրա կարիքն զգում:

Որքան արագ պիտի մսխես հանրային վստահության պաշարդ, որ «պուլտով պահապանների» հույսին մնաս:

Նորատ Եկվորյան

Այս խորագրի վերջին նյութերը