Մեկնաբանություն

19.01.2020 18:20


Ռոմանտիկ հակահեղափոխականից պրագմատիկ հեղափոխական` կես քայլ է

Ռոմանտիկ հակահեղափոխականից պրագմատիկ հեղափոխական` կես քայլ է

Առավոտյան մի հրապարակման հետքերով մտա Փաշինյանի ընտանեկան «պաշտոնաթերթի» ինտերնետային կայք, եւ անսպասելիորեն «բախվեցի» դեռևս 2018թ. մայիսի 16-ին հրապարակ նետված անանուն մի հոդվածի, որտեղ հեղինակը, թերթին բնորոշ «բարձրաշխարհիկ» ոճով, պատմում է նորաթուխ վարչապետի դեմ «հայտնի ուժերի» կողմից նյութվող դավադրության կամ, այսպես ասենք` «ռոմանտիկ հակահեղափոխության» մասին։

Վերնագիրն ինքնին խոսուն է`«Ռոմանտիկ հակահեղափոխականները. ամենագլխավոր դերը վերապահվել է Վիգեն Սարգսյանին», տակը` «հակահեղափոխության» առաջնորդների նկարներն են. Վիգեն Սարգսյան, Տարոն Մարգարյան և... գրազ կգամ` չեք գուշակի երրորդ գլխավոր «ռոմանտիկ հակահեղափոխականի» անունը։

Դա նույն ինքը`Արթուր Դավթյանն է։ Նիկոլի սրտի գլխավոր դատախազը, որ մեկուկես տարի, դեռ մի բան էլ` ավելի, մահապարտ ահաբեկչի վճռականությամբ` անմռունչ, ատամները սեղմած, կատարում է իր սրտի թավշապետի անխտիր բոլոր ցանկությունները` ոչ մի բանի առաջ չկանգնելով, չխորշելով «վիշինսկիական» ամենաքստմնելի մեթոդներից։

«Ըստ հակահեղափոխականների «խրամատներից» ստացված հավաստի տեղեկությունների համաձայն, հակահեղափոխությունը հաղթելու է երկու-երեք ամիս անց։ Հստակ սցենար որպես այդպիսին չկա, եւ ամբողջ հաշվարկը կառուցված է օրերս ձեւավորված կառավարության տապալման վրա։ Ըստ հակահեղափոխականների հաշվարկների՝ առաջիկա երկու-երեք ամիսների ընթացքում Հայաստանում տեղի է ունենալու ֆինանսական կոլապս, դրամը կտրուկ արժեզրկվելու է, հարկային եկամուտները կտրուկ նվազելու են, աշխատավարձեր չեն վճարվելու, թոշակներ չեն վճարվելու, մարդիկ դուրս են գալու փողոց նոր կառավարության դեմ զանգվածային բողոքների... Ու այդ պահին փյունիկի պես հառնելու են «սիֆտակ կաստըմ-շլվարով տղեքը», գահընկեց անեն այս կառավարությանը եւ զբաղեցնեն նրանց տեղը: Մոտավորապես` այսպես»,-գրում է անհայտ հոդվածագիրը։

Հետո, մասամբ բացելով փակագծերը` ծանուցում է. ոչ այն է` ծրագրված, ոչ այն է` բախտի քմահաճույքին մատնված այդ սցենարում Վիգեն Սարգսյանին վերապահված է ապագա վարչապետի, Տարոն Մարգարյանին` «հակահեղափոխության շտաբի պետի», Արթուր Դավթյանին` «հակահեղափոխությունը ռուլիտ անողի» դերը.

«Հենց նրա պահվածքի պատճառով է, որ մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվում Հայաստանի տարբեր մասերում խաղաղ ցուցարարների վրա հարձակված բանդաների ներկայացուցիչները եւ նրանց հովանավոր օլիգարխները։ Այլ կերպ ասած, գլխավոր դատախազը կոծկում է այդ հանցագործությունները։ Ու բացի դրանից, անմասն չէ նաեւ քաղբանտարկյալների ազատ չարձակման գործում։ Ու դա էլ դեռ բավարար չէ, հիմա գլխավոր դատախազն է սկսել «ռուլիտ» անել դատարաններին, որոնք սովոր են որոշումներ կայացնել նախագահականից ստացված հրահանգների հիման վրա։ Ու քանի որ արդեն երկու շաբաթ «նախագահականից» հրահանգներ չեն իջեցվում, ուստի այդ «վակուումը» հիմա լրացնում է գլխավոր դատախազը»։

Մնում է պարզել`ինչպե՞ս պատահեց, որ Նիկոլին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ ԱԺ մտած գլխավոր դատախազը մի գիշերում «ռոմանտիկ հակահեղափոխությունը ռուլիտ անողից» դարձավ «հեղափոխության» իրավական ասպեկտը երաշխավորող` «ռուլիտ անող» թունդ հեղափոխական։

Եվ ինչո՞ւ ՀԺ-ի արխիվներից հանված այդ հրապարակումը հենց այս օրերին «ռետրո» հայացքով հրամցվեց հեղափոխական զոմբիների հավատավոր հոտին...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը