Մեկնաբանություն

18.01.2020 13:06


Լատենտ մարդակերների քստմնահարույց խրախճանքը

Լատենտ մարդակերների քստմնահարույց խրախճանքը

Ողբերգությունը, որ երեկ ընդհատեց ԱԱԾ նախավերջին ղեկավար (2016-18թթ.) Գեորգի Կուտոյանի դեռ քառասունն էլ չբոլորած կյանքի ընթացը, անխուսափելիորեն բազմաթիվ հարցերի տեղիք է տվել: Հարցերն առայժմ անհամեմատ ավելի շատ են, քան պատասխանները:

Ամենից առաջ. ի՞նչ է տեղի ունեցել: Այսինքն, կատարվածն ինքնասպանությո՞ւն է, ինքնասպանության դրդո՞ւմ, թե՞ սպանություն: Թե՛ մեկ, թե՛ երկրորդ, թե՛ երրորդ դեպքում առաջ է գալիս Ռավիլլայի և ապա Ցիցերոնի նախընտրած հինավուրց հարցը՝ ո՞ւմ էր դա ձեռնտու:

Եթե ինքնասպանություն է, ապա՝ ինչո՞ւ, ի՞նչ պատճառով: Եթե դրդել են, ապա ո՞վ, ի՞նչ ուժեր կամ շրջանակներ: Առավել ևս, եթե սպանությո՞ւն է, ապա՝ ո՞վ է մարդասպանը, ո՞րն է սպանության մոտիվը:

Հաղորդվեց դեպքի վայրում ավելի քան 40 պարկուճ, բնակարանի այդ սենյակի պատերին էլ՝ գնդակների հետքեր հայտնաբերելու մասին: Ի՞նչ է կատարվել սենյակում, որտեղ երեկ հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով: Այսինքն, ենթադրաբար, առնվազն 40 կրակո՞ց է հնչել բնակարանում: Եվ, եթե 40 անգամ մի տան մեջ կրակել են, ապա ինչպե՞ս է, որ այդ կրակոցները ոչ մեկի ուշադրությունը չեն գրավել: Ինչո՞ւ և ո՞վ է կրակել պատերին, ի՞նչ զենքից կամ զենքերից են այդ կրակոցներն արձակված:

Առավել ևս հարցերն ու դրանց տարբերակները բազմանում են, եթե նկատի ենք առնում այն, որ պաշտոնը թողնելուց հետո Գեորգի Կուտոյանը հանրային կամ հրապարակային ակտիվություն երբևէ չի դրսևորել, վերջին մեկուկես տարում հարուցված քիչ թե շատ աղմկահարույց որևէ գործի հետ կապված նրա անունը չի շոշափվել: Ու մեկ էլ՝ նման ողբերգական եղելություն:

Եվ այստեղ արդեն մեկ այլ հարց է ծագում: Վերը թվարկված հարցերի ու հարցականների դեպքում այդ ինչպե՞ս պատահեց, որ դեպքի մասին հայտնի դառնալուց անմիջապես հետո հայտնվեցին գործող իշխանության կամ անթաքույց այս իշխանությանը հարող անձինք, որոնց համար հարցեր ու հարցականներ ընդհանրապես չկային:

Մարդու մարմինը դեռ չսառած՝ սրանք սկսեցին տարատեսակ իմաստակություններ հորդել, վերին ատյանի անբեկանելիության տոնով վարկածներ շրջանառել ու մեղավորներ ուրվագծել և գծել: Անուններ արդեն կարելի է և չտալ, քանզի բոլորն էլ տեսան, թե հատկապես ովքե՛ր, ո՛ր շրջանակները դրսևորեցին այդ բացարձակ անբարո և հակամարդկային վարքը: Հասարակական աղետ է, երբ ինչ-ինչ վայրիվերումների հետևանքով լուսանցքայինը թեկուզ պստլիկ իշխանություն է ստանում: Դա դեռ իր հերթին:

Ողբերգական եղելությանը հաջորդած ժամերին սոցցանցերում ինքնաբացահայտվեցին կամ նորովի դրսևորվեցին զանազան ֆեյք ու, թեպետ իրական, բայց նկարագրով ու մարդկային բովանդակությամբ փուչ արարածներ, որոնք սկսեցին չարախնդալ մարդու մահվան վրա ու ընդհանրապես, իրենց պահեցին որպես ամենաճղճիմ ստահակներ:

Ոմանք, որ լրատվամիջոցի համարում ունեն, անգամ հարցում կազմակերպեցին: Երևի մնում էր որ մի հատ էլ խաղադրույքներ ընդունեին:
Դա ավելին է, քան զուտ բարոյական անկումը: Դա լատենտ մարդակերների քստմնահարույց խրախճանք է:

Ու այդ վերին աստիճանի անհանդուրժելի մթնոլորտի հիմնական պատասխանատուն օրվա իշխանությունն է, առաջին հերթին՝ իր բուծած գարշախոս ֆեյքաբրիգադներով ու իր ձևավորած բարոյանկման միջավայրով, երբ այլևս ոչ մի երևույթի դեպքում ոչ մի ներքին արգելակ չկա ու չի գործում, երբ խրախուսվում են չարությունն ու ատելությունը, սուտն ու կեղծավորությունը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը