Կարծիք

18.01.2020 10:55


Նվազագույն աշխատավարձի համեստ հմայքը

Նվազագույն աշխատավարձի համեստ հմայքը

Տնտեսական տարին բավական տարօրինակ սկսվեց: Տնտեսական վիճակագրություն-տեղեկատվության տեսանկյունից տարօրինակ: Խոսքը միայն վարչապետի հապշտապ հրապարակվող ու հետագայում սրբագրվող թվերի մասին չէ: Տնտեսական համաշխարհային լրատվության մեջ կար մի լուր, որ կարծես՝ պիտի մեր իշխանությունների քիմքին վայել գար: Բայց նրանք լռում են: Մինչդեռ խոսքը նոր իշխանությունների 2019թ․ «ամենապոպուլյար ու ամենաարդյունավետ» քայլի մասին է: 2019-ին որոշվեց այս տարվա շեմին բարձրացնել նվազագույն աշխատավարձը: Պարզվում է՝ այդ նույն մտահոգությունն ունեցել են 50-ից ավելի երկրների ղեկավարներ:

Այս տարվա սկզբում հայտարարվեց, որ նվազագույն աշխատավարձի աճի տեմպով մեր երկիրը առաջատարների ցանկում է: Բայց մեր իշխանությունները չեն շտապում հպարտանալ այդ փաստով: Նվազագույն աշխատավարձի աճի տեմպով 2019թ․ առաջինը Նիգերիան է: Այս երկրում աճը կազմել է մոտ 65 տոկոս: Աճը նվազագույն աշխատավարձն ընդամենը 74 դոլար է դարձրել: Հետևաբար նման արդյունքի հետ համեմատվելը պիտի, որ պակաս պատվաբեր ընկալվեր: Աճի երկրորդ տեմպը Արգենտինայինն է` 37 տոկոսը գերազանցող աճը աշխատավարձի բացարձակ թիվը 253 դոլար է դարձրել: Բայց չորրորդ տեմպն արդեն այլ երկրի ցուցանիշ է: Սաուդյան Արաբիան աճ է գրանցել 37 տոկոսի չափով: Իսկ դրա արդյունքում նվազագույն աշխատավարձն այս երկրում դարձել է մոտ 1070 դոլար: Ուստի կարող է թվալ, որ այս պատճառով մեր իշխանությունները համեստորեն չազդարարեցին, որ Հայաստանը նվազագույն աշխատավարձի աճի տեմպով 5-րդն է:

Մեր նվազագույնի 25.2 տոկոսանոց աճը հանգեցրեց աշխատավարձի մոտ 141 դոլարին համարժեք գումարի: Իսկապես դժվար, համարյա անլուծելի խնդիր կլիներ կարդալ 4-րդ` հազար դոլարը գերազանցող ցուցանիշի մասին ու հպարտանալ, որ դու 5-րդն ես ընդամենը 141 դոլարով:

Մի կողմ թողնենք, որ նվազագույն աշխատավարձը տնտեսության գնահատման լուրջ չափանիշ չէ: Դրանում բարդ չէ համոզվելը: Թեկուզ ամենաբարձր նվազագույն աշխատավարձ ունեցող երկրների առաջին եռյակին ծանոթանալով: Դրանց տնտեսական առաջատար համարելը ճաշակի հարց է: Ամենաբարձր նվազագույնը Լյուքսենբուրգինն է` մոտ 1981 դոլար: Ապա Ավստրալիայինը 1923 դոլար: Երրորդն Իսլանդիան է` մոտ 1800 դոլարի ցուցանիշով: Իսկ նվազագույն աշխատավարձի աճի ամենաբարձր տեմպ ունեցող երկրների մեզ հաջորդող ցանկում կան Բելառուսը (13.6 տոկոս), Ուկրաինան (13.2 տոկոս), Թուրքմենստանը (10.1 տոկոս), Ուզբեկստանը (10 տոկոս), Ռուսաստանը (7.5 տոկոս): Աճի ամենացածր տեմպը` 1.1 տոկոս, գրանցել է Ղազախստանը, ուր նվազագույն աշխատավարձը մոտ 113 դոլար է:

Ասել է, թե աճի տեմպի ցուցակում մենք գերազանցել ենք Նիդերլանդներին, Մեծ Բրիտանիային, Կանադային, Բելգիային, Գերմանիային ու Ֆրանսիային: Այս երկրները հենց նշված կարգով էլ հաջորդում են մեզ: Գուցե աճի տեմպով չհպարտանալու պատճառն այն է, որ մեր նվազագույնն ամենևին էլ համադրելի չէ այդ երկրների ցուցանիշների հետ: Չնայած, որ առավել հավանական մեկ վարկած էլ կա:

Հիմա մեր իշխանությունների «սիրելի» զբաղմունքը Վրաստանի ու Ադրբեջանի հետ համեմատվելն է: Իսկ այս հարցում էական խոչընդոտ կա: Նախ` վրաց վիճակագրությունը նվազագույնի հաշվարկ չի կատարում: Այս երկրում իշխանություններին ու վիճակագիրներին աշխատավարձի չափը հետաքրքրում է ըստ մասնագիտական ու տնտեսական ոլորտների: Իսկ Ադրբեջանի պարագան մի փոքր ավելի «նուրբ է»: Վայել չէ հպարտանալ հաշվարկի մի համակարգով, ուր այդ երկրի տնտեսությունն ավելի «մեծ» ցուցանիշներ ունի: Եթե նկատել եք, հոդվածի սկզբում բաց էր թողնված աճի երրորդ տեմպն ունեցող երկրի անունը: Հենց մեր այս հարևանն է աճի տեմպով երրորդը՝ 37.7 տոկոս: Բայց եկեք մխիթարվենք այն փաստով, որ նվազագույն աշխատավարձի դոլարային համարժեքը համարյա նույնն է: Հատկապես, որ Ադրբեջանի պաշտոնական լրատվությունը ջանք չի խնայում տնտեսության համար ոչ առաջնային այս ոլորտում իր գրանցած հաջողության համար:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը