Լրահոս

17.01.2020 12:00


Չարաշահումներ՝ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն»-ում. մեղադրանք է առաջադրվել բուժհաստատության տնօրենին

Չարաշահումներ՝ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն»-ում. մեղադրանք է առաջադրվել բուժհաստատության տնօրենին

ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել բուժհիմնարկի տնօրենին, հայտնում են ՔԿ լրատվական ծառայությունից։

2019թ. օգոստոսի 23-ին տեղեկություններ են ստացվել՝ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում չարաշահումների վերաբերյալ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը պաշտոնավարման ընթացքում, պաշտոնական դիրքն օգտագործելով, շահադիտական նպատակներով, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու, կեղծ փաստաթղթեր կազմելու եղանակով 2017թ. հունվարի 1-ից 2019թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում կատարել է իրեն վստահված ուրիշի գույքի էական չափերի յուրացում:

Բուժհաստատության տնօրենի կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մեղրիի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:

ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության աշխատակիցների և ՀՀ ոստիկանության Մեղրու բաժնի աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, բացահայտվել հանցավոր այլ դրսևորումներ ևս:

Քննությամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում «Մեղրու ՏԲԿ» ՓԲ ընկերության ֆինանսական ծախսերի կրճատման և այլ աղբյուրներից հավելյալ ֆինանսական հոսքեր ապահովելու նպատակով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ բուժհաստատության տնօրենը բուժհիմնարկի աշխատակիցներին հանձնարարել է ակնհայտ կեղծ բովանդակությամբ՝ իբրև ամբուլատոր բուժում ստանալու վերաբերյալ, անաշխատունակության թերթիկներ կազմել ինֆեկցիոն բաժանմունքի աշխատակիցների վերաբերյալ՝ առանց համապատասխան հիմնավորման և աշխատանքի չհաճախելու և բուժում ստանալու անհրաժեշտության բացակայության պայմաններում, որոնք վավերացրել է:

Արդյունքում՝ կազմված կեղծ փաստաթղթերի հիման վրա, տևական ժամանակահատված, ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին նշված աշխատակիցներին վճարվել են ժամանակավոր անաշխատունակության նպաստներ՝ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս, իսկ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի պահանջների խախտմամբ՝ հատուկ պայմաններում բուժման ենթակա ինֆեկցիոն հիվանդությունների ախտորոշմամբ հիվանդները տևական ժամանակ ստացիոնար բուժում են ստացել սոմատիկ բաժանմունքում՝ այդ բաժանմունքի հիվանդների հետ մեկտեղ՝ էական վտանգ ստեղծելով վերջիններիս կյանքի ու առողջության համար:

Իրականացված քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ շտապօգնության կեղծ կանչեր ձևակերպելու, դրանց հիման վրա համապատասխան փաստաթղթեր և ավտոմեքենայի երթուղային թերթեր լրացնելու միջոցով դուրս է գրվել վառելիք, որը յուրացման եղանակով հափշտակվել է:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ թվով երեք ընկերություններից ստանալով ընդհանուր առմամբ 26.000 լիտր դիզելային վառելիք, տնօրենը ծախսի ձևակերպումներ կատարել է 22913,5լ. դիզելային վառելիքի համար, իսկ մնացած՝ 1.080.275 ՀՀ դրամ արժողությամբ 3.086,5 լիտր դիզելային վառելիքը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, փաստացի դուրս է բերել ընկերության գույքային ֆոնդից և յուրացրել:

Բացի այդ, «Մեղրու ՏԲԿ» ՓԲ ընկերության համար ֆինանսական լրացուցիչ մուտքեր ապահովելու համար, ընկերության «Շտապ օգնություն» ծառայության աշխատակցի՝ «Մեղրու ՏԲԿ» ՓԲԸ սոմատիկ բաժանմունքում ստացիոնար բուժում ստանալու վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հիվանդության պատմագրում վերջինիս առողջական վիճակի վերաբերյալ օբյեկտիվորեն գոյություն չունեցած տվյալներ մտցնելու եղանակով, առանց համապատասխան հիմնավորման և փաստացի ստացիոնարում շուրջօրյա հսկողությամբ բուժում ստացած չլինելու և այն թաքցնելու նպատակով, ի պաշտոնե վավերացրել է կազմված ակնհայտ կեղծ բովանդակությամբ՝ աշխատակցի կողմից այդ օրերին չաշխատելու վերաբերյալ գրառումներ պարունակող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, որպես պետական պատվերի շրջանակներում մատուցված՝ աշխատակցի շուրջօրյա հսկողություն պահանջող ստացիոնար բուժման ծառայության վճար ընկերության հաշվեհամարին ապահովելով 107.900 ՀՀ դրամի մուտք:

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ բուժհիմնարկի տնօրենը հիվանդանոցի գլխավոր բուժքրոջը հանձնարարել է հիվանդանոցի երկու բժիշկների վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում կատարել աշխատավայրում ներկա գտնված լինելու մասին իրականությանը չհամապատասխանող նշումներ և վավերացրել դրանք այն դեպքում, երբ հիշյալ բուժաշխատողները այլ ՓԲ ընկերության հետ կնքված առանձին քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա Քաջարան քաղաքում ծառայություններ են մատուցել, իսկ «Մեղրու ՏԲԿ» ՓԲԸ հետ ունեցած աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատաժամանակում փաստացի աշխատանքի չեն ներկայացել և ստանձնած պարտականությունները չեն կատարել:

Արդյունքում՝ կեղծ տեղեկագրերի հիման վրա՝ «Մեղրու ՏԲԿ» ՓԲԸ գույքային ֆոնդից տվյալ ժամանակահատվածի համար վերոհիշյալ բժիշկներին վճարվել է աշխատավարձ՝ այդ կերպ վատնելով ՓԲ ընկերության գույքը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Մեղրու ՏԲԿ» ՓԲ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, առերևույթ հանցավոր այլ դրվագների վերաբերյալ ստացված տվյալներն ստուգելու, չարաշահումներին առնչություն ունեցած անձանց ամբողջ շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը