Կարծիք

16.01.2020 17:10


Ինչո՞ւ է ռուսական C-400-ը ԱՄՆ-ի համար դարձել սկզբունքային խնդիր

Ինչո՞ւ է ռուսական C-400-ը ԱՄՆ-ի համար դարձել սկզբունքային խնդիր

Միջազգային հարաբերություններում փոփոխությունների տեմպը երկրաչափական պրոգրեսիայով է սկսել արագանալ և դրանց տրամաբանությունը հասկանալը բավականին բարդ խնդիր է դարձել։ Այդ տրանսֆորմացիաների գլխավոր կիզակետերից է դարձել մեր տարածաշրջանը։ Սակայն մենք կենտրոնանանք ընդամենը մեկ խնդրի վրա, ինչո՞ւ է ռուսական C-400 հակաօդային համակարգը Թուրքիային վաճառելը ԱՄՆ-ի համար դարձել գերխնդիր, ո՞րն է պատճառը կամ ինչո՞ւ է Ռուսաստանն այն վաճառում Թուրքիային, իսկ Թուրքիան՝ գնում։

Օրերս ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարկ Կուպերը սպառնալից հայտարարություն է արել՝ ասելով, որ Թուրքիայի հանդեպ սանկցիաները տեխնիկական առումով դեռևս չեն իրականացվել, սակայն պետք չէ կարծել, որ ռուսական C-400 համակարգերի գնումը Թուրքիան մարսելու է։ Նա ասել է, որ սանկցիաների դրույթները դեռևս չեն իրականացվում, սակայն ընդամենը դրանց գործի դրման ժամկետները չեն որոշվել, և Թուրքիային քիչ ժամանակ է մնացել այդ հարցը լուծելու համար։ Նրա խոսքերով դա պետք է նաև «մյուս» երկրների համար դաս լինի։ Նրանք չպետք է կարծեն, որ Թուրքիային այդ ամենը հաջողվել է։ Իրականում պետք է հասկանան, թե ինչ է կորցրել Թուրքիան ու դեռ ինչեր է կորցնելու։

Այսպիսով, ԱՄՆ-ն Թուրքիային սպառնում է լուրջ հետևանքներով և, միևնույն ժամանակ, անհանգստացած է, որ այլ երկրներ ևս նրա օրինակին չհետևեն։ Մասնավորապես, մի շարք երկրներ, այդ թվում նաև ԱՄՆ դաշնակից Սաուդյան Արաբիան, այդ համակարգը գնելու ցանկություններ են հայտնել։

Մեզ հետաքրքրում է այլ հարց՝ ինչու է Թուրքիան պատրաստ նման մեծ գին վճարել այդ համակարգի ձեռքբերման համար և ինչ ազդեցություն է դա կարող ունենալ մեր տարածաշրջանի համար, մասնավորապես՝ Հայաստանի համար՝ հաշվի առնելով այն, որ նման ստրատեգիական զինատեսակներն ունեն աշխարհքաղաքական նշանակություն։

Այս հարցի պատասխանը գտնելու համար մեզ կարող է օգնել մերձկրեմլյան «Взгляд» կայքի 2019-ի դեկտեմբերի 2-ին հրատարակված «Ինչո՞ւ է Ռուսաստանը վաճառում նորագույն ռազմական տեխնոլոգիաները» աննախադեպ անկեղծությամբ գրված հոդվածը (https://vz.ru/society/2019/12/2/1010845.html)։ Հոդվածում նկարագրվում է Ռուսաստանի ռազմական տեխնոլոգիաների վաճառքի քաղաքականությունը։ Հոդվածում ասվում է, որ նախ՝ վաճառվող զինատեսակները ռազմատեխնիկական պարամետրերով զիջում են ներքին շուկայի համար արտադրվածներին։ Նման քաղաքականություն են վարում նաև մյուս երկրները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Չինաստանը։ Եվ ամենակարևորը, հակաօդային պաշտպանության և բարդ հրթիռային համակարգերը, ռազմական օդանավերը ունենում են հատուկ հնարավորություններ, որոնք թույլ են տալիս հեռակառավարման միջոցների օգնությամբ անջատել դրանց աշխատանքը: Բնականաբար, դա կարող են անել զենքը արտադրող երկրները։ Նաև նշվում է, որ Թուրքիայի կողմից ռուսական համալիրի գնման որոշումը կայացվել է Էրդողանի դեմ հեղաշրջման փորձի իրականացման պատճառով, երբ անվստահություն է առաջացել ամերիկյան ռազմական կայանների հանդեպ։

Հիմա գանք մեր տարածաշրջանի աշխարհքաղաքական դասավորությանը։ 1952-ին, զգալով Սովետական Միությունից բխող վտանգները (պատերազմից հետո Սովետական Միությունը Թուրքիային տարածքային պահանջներ էր ներկայացրել), Թուրքիան անդամակցեց ՆԱՏՕ-ին, սակայն, Խորհրդային Միության փլուզումից հետո Թուրքիայի դերը դարձավ անորոշ, արդեն չկար կարմիր կայսրությունը, սահմանափակվեց նաև Թուրքիայի նշանակությունը Արևմուտքի համար։ Երկու երկրների միջև առաջացան տարաձայնություններ Իրաքի, Իրանի, Սիրիայի, քրդերի հարցերում, և Թուրքիան որոշեց հետապնդել իր շահերը, որոնք հաճախ հակասում էին ՆԱՏՕ-ի իր գործընկերների շահերին։ Այս առումով C-400–ի ձեռքբերման հարցը հարաբերությունների մեջ դառնում է լուրջ անջրպետ։ Ինչո՞ւ։

Հասկանալի է, որ ՆԱՏՕ-ի բարձր տեխնոլոգիական համակարգերը կարող են օգտագործվել Ռուսաստանից և Իրանից եկող ռազմական սպառնալիքների ժամանակ, հակառակ դեպքում դրանք կարող են չաշխատել (վերը նկարագրված պատճառով)։ Մասնավորապես, նման մտահոգություններ Թուրքիան ունեցել է Էրդողանի դեմ իրականացված հեղաշրջման փորձի ժամանակ։ Իսկ ո՞ւմ դեմ են կարող օգտագործվել ռուսական համակարգերը։ Պարզ է, որ ոչ Ռուսաստանի դեմ․ Ռուսաստանի դեմ կօգտագործվեն ՆԱՏՕ-ի համակարգերը։ Ռուսական համալիրների գնումը նշանակում է, որ Թուրքիան սկսել է դուրս գալ ամերիկյան ազդեցության գոտուց և ռազմատեխնիկական առումով փորձում է բալանսավորել իր հնարավորությունները, ինչի պատճառով այդ քայլը ԱՄՆ կողմից նման հակադարձման է արժանանում։ Սա արդեն մեր տարածաշրջանում աշխարհքաղաքական դասավորության փոփոխության նշան է։

Ուշագրավ էր Քլարկ Կուպերի հայտարարության այն մասը, որ Թուրքիային պատժելը պետք է դաս լինի այլ երկրների համար։ Հետաքրքիր է ծանոթանալ այդ երկրների ցուցակին։

Մեզ համար կարևոր է հասկանալ, թե դա ինչ ազդեցություն է կարող ունենալ ղարաբաղյան հակամարտության համար։ Պարզ է, որ առանց Թուրքիայի համաձայնության՝ Ադրբեջանը չի համարձակվի սկսել ռազմական գործողություններ։ 2016-ին ռուս-թուրքական հարաբերությունները լարված էին, հիմա ճիշտ հակառակն է, Թուրքիան ռազմաքաղաքական առումով Ռուսաստանից կախվածության մեջ է ընկել կամ այլ կերպ ձևակերպենք՝ Թուրքիան, օգտագործելով Ռուսաստանին, փորձում է բարձրացնել իր սուվերենության աստիճանը։

Մյուս կարևոր հետևությունը Հայաստանին ու Ադրբեջանին վաճառվող ռուսական զինատեսակների խնդիրն է, որոնք կարող են աշխատել կամ չաշխատել Ռուսաստանի որոշմամբ։ Հետաքրքիր կլինի նաև ծանոթանալ այդ զենքերի ձեռքբերման ժամանակ կնքված պայմանագրերի գաղտնի հատվածների հետ։

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը