Լրահոս

16.01.2020 12:15


Հայաստանը ամառային և ձմեռային ռեժիմի կանցնի՞. կառավարությունում քննարկել են օրինագիծը

Հայաստանը ամառային և ձմեռային ռեժիմի կանցնի՞. կառավարությունում քննարկել են օրինագիծը

«Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագիծը ներառված էր կառավարության չզեկուցվող հարցերի ցանկում:

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է մարտից անցնել ամառային ժամանակի, իսկ հոկտեմբերից՝ ձմեռային ժամանակի, հայտնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը։

Օրինագծով առաջարկվում է ժամային փոփոխության (մարտի վերջին կիրակի օրվանից ժամը մեկ ժամով առաջ տալ, ինչպես նաև հոկտեմբերի վերջին կիրակի օրվանից մեկ ժամով հետ տալ), որի արդյունքում օրվա լուսավոր ժամանակահատվածը կավելանա միջինում 50 րոպեով։

Նախնական վերլուծության համաձայն` առաջարկվող ժամանակահատվածում միջին արևածագի ժամը 6։10-է, միջին մայրամուտինը` 19։50։ Ենթադրվում է, որ միջին վիճակագրական քաղաքացու արթուն անցկացրած ժամանակը կազմում է 16 ժամ։ Հաշվարկի նպատակով օրվա սկիզբ է ընդունվել ժամը 07։00-ը, ավարտ` 23։00-ն։

Ստացվում է` մարտից-հոկտեմբեր միջին վիճակագրական օրվա ընթացքում լուսավոր ժամերը կազմում են 12 ժամ 50 րոպե, առաջարկվող փոփոխության արդյունքում այս ցուցանիշը կաճի 50 րոպեով` կազմելով 13 ժամ 40 րոպե, որի հետևանքով տարեկան լուսավորություն պահանջող ժամերի քանակը կկրճատվի 9%-ով։

Նշվում է, որ հնարավոր օգուտները հաշվարկվել են երկու եղանակով` լուսավորության խնայողությունը ողջ տնտեսությունում և տնային տնտեսություններում:

«Առաջին եղանակի դեպքում օգտագործվել է ԱՄՆ-ում լուսավորության ծախսերի գնահատականը, որը կազմում է էլեկտրաէներգիայի 6%-ը։ 9% խնայողության դեպքում էլեկտրական էներգիայի խնայողությունը կկազմի մոտ 0,54% կամ 1.1 մլրդ ՀՀ դրամ։ Երկրորդ եղանակի դեպքում ենթադրվում է, որ էլեկտրէներգիայի սպառումը լուսավորության նպատակով կազմում է տնային տնտեսության սպառման 8%-ը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տնային տնտեսությունների կողմից էլեկտրական էներգիայի սպառումը կազմում է ընդհանուր սպառման մոտ 36%-ը, խնայողությունը կազմելու է մոտ 561 մլն ՀՀ դրամ»,- նշված է եզրակացության մեջ։

Բացի այդ, մի շարք հետազոտությունների համաձայն`ժամերի փոփոխությունը կարող է ունենալ բացասական հետեւանքներ, ինչպիսիք են՝ տնտեսական կորուստները, ժամանակի փոփոխությանը հաջորդող 5-10 օրվա ընթացքում ուշադրության կորստի պատճառով արտադրական պատահարների աճը և արտադրողականության անկումը, դժբախտ պատահարների թվի աճը, առողջական հնարավոր մի շարք այլ խնդիրներ, ավիաընկերությունների կողմից թռիչքաժամերի հաստատման եւ բնականոն գործունեության կազմակերպման հետ կապված խնդիր։

Հիշեցնենք` դեռ նախորդ տարվա նոյեմբերին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկում է Հայաստանում անցում կատարել ամառային և ձմեռային ժամային ռեժիմի։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը