Տնտեսական

16.01.2020 10:50


«Աննախադեպության» հերթական միֆը. աշխատավարձերի բարձրացման էֆեկտն ուռճացվում է․ «Փաստ»

«Աննախադեպության» հերթական միֆը. աշխատավարձերի բարձրացման էֆեկտն ուռճացվում է․ «Փաստ»

«Աշխատավարձերի բարձրացման թեման մշտապես եղել է Հայաստանի ներքաղաքական քննարկումների հիմնական թեմաներից։ Հանրությունը մշտապես քաղաքական ուժերի առջև խնդիր է դրել բարձրացնել աշխատավարձերը։

Եվ դա է պատճառը, որ աշխատավարձերի բարձրացման թեման հատուկ նշանակություն է ստանում ոչ միայն նախընտրական շրջանում, երբ քաղաքական կուսակցություններն իրենց ծրագրերում ընդգրկում են աշխատավարձերի բարձրացման մասին տարբեր դրույթներ, այլև հետընտրական շրջանում։

Այսպես. անցյալ տարվա դեկտեմբերին ԱԺ-ի կողմից ընդունվեցին «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքները։

Այդ օրենքների ընդունմամբ Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձը բարձրանալու է ավելի քան 20 տոկոսով՝ 55 հազար դրամից դառնալով 68 հազար դրամ։

Ըստ այդմ, 2020 թվականի հունվարի 1-ից ավելի քան 80000 մարդ մոտ 20 % ավելի բարձր աշխատավարձ պետք է ստանա, և ընդհանուր առմամբ՝ 187 հազար քաղաքացու աշխատավարձ է բարձրանալու:

Հիմա ներկայիս իշխանությունները նվազագույն աշխատավարձի բարձրացմանը փորձում են «աննախադեպ» որակում տալ և ներկայացնել, թե իբր այն տնտեսական հեղափոխության հիմնական ձեռքբերումներից է։

Եվ պատահական չէ, որ այս թեմային հատուկ անդրադարձ կատարեց նաև վարչապետն իր ամանորյա ուղերձում։ Եթե դիտարկենք նախկինում եղած փորձը, ապա կտեսնենք, որ այս կարգի, որոշ դեպքերում նույնիսկ ավելի զգալի աշխատավարձերի բարձրացում նախկինում ևս եղել է, և այնպես չէ, որ այն ինչ-որ եզակի հեղափոխական երևույթ է։

Օրինակ՝ ընդամենը երկու տարվա՝ 2013-2015 թվականների ընթացքում նվազագույն ամսական աշխատավարձի չափը 32500 դրամից հասել է 55000 դրամի (2013 թ. հունվարի 1-ից` 35000 դրամ, 2013 թ. հուլիսի 1-ից` 45000 դրամ, 2014 թ. հուլիսի 1-ից` 50000 դրամ, 2015 թ. հուլիսի 1-ից` 55000 դրամ):

Արդյունքում 2013-2015 թվականների ընթացքում նվազագույն ամսական աշխատավարձի աճը կազմել է 64,3 տոկոս:

Աննախադեպ չէ նաև պետական սեկտորի որոշ հատվածների, մասնավորապես զինվորականների, փրկարարների, ուսուցիչների, անտառապահների, բազմաթիվ բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացումը, եթե հաշվի ենք առնում, որ 2014 թվականի հուլիսի 1-ից ևս պետական համակարգում աշխատողների աշխատավարձերը էականորեն բարձրացան, երբ բազային աշխատավարձի չափը սահմանվեց 66,140 դրամ և պետական ծառայողների աշխատավարձը սահմանվեց բազային աշխատավարձի և տվյալ պաշտոնի համար կիրառվող գործակցի արտադրյալով:

Արդյունքում 2014 թ. հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացման և պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության նոր համակարգի ներդրման արդյունքում միջին աշխատավարձերը, ըստ ոլորտների, բարձրացան հետևյալ չափով.

առողջապահության ոլորտում՝ 21,5 տոկոսով, կրթության ոլորտում՝ 13,9 տոկոսով, մշակույթի ոլորտում՝ 29,6 տոկոսով, սոցիալական պաշտպանության ոլորտում՝ 21,6 տոկոս, պետական կառավարման ոլորտում՝ 47,0 տոկոս, քաղաքացիական ծառայության ոլորտում՝ 68,0 տոկոս։

Պետք է հաշվի առնենք նաև, որ ներկայիս կառավարության կողմից աշխատավարձերի բարձրացումը սոցիալական առումով չունի այն հեղափոխական արդյունքը, որը սպասվում էր, քանի որ աշխատավարձերի բարձրացմանը զուգահեռ պետական համակարգում օպտիմալացումների և կրճատումների պրոցես է գնում, մեծ թվով աշխատակիցներ մնում են առանց աշխատանքի, միևնույն ժամանակ շատ քիչ քանակությամբ նոր աշխատատեղեր են ստեղծվում, այլապես վարչապետը կհրապարակեր ոչ թե ստվերից դուրս եկած աշխատատեղերի քանակը, այլ միայն նոր ստեղծված աշխատատեղերի մասին տվյալները։

Գումարած՝ աշխատավարձերի բարձրացման էֆեկտը մեծապես կնվազի՝ հաշվի առնելով, որ 2020 թ. հունվարի 1-ից ԵԱՏՄ շրջանակում մաքսատուրքերի բարձրացման հետևանքով Հայաստանում 700-ից ավելի ապրանքների՝ այդ թվում նաև առաջին անհրաժեշտության, 5-6 տոկոս թանկացում է սպասվում։ Սա էլ իր հերթին բերելու է այլ ապրանքատեսակների թանկացման»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը