Մեկնաբանություն

16.01.2020 12:40


Քարոզչություն, քարոզչություն, քարոզչություն, և ոչինչ` բացի քարոզչությունից

Քարոզչություն, քարոզչություն, քարոզչություն, և ոչինչ` բացի քարոզչությունից

Առաջինը լինելու մարմաջը ոչ մի կերպ հանգիստ չի տալիս Փաշինյանին։

Եվ դա դեռ դժբախտության կեսն է. ոչ միայն հանգիստ չի տալիս` ոչ միայն հետապնդում է մղձավանջային երազի պես, այլև արջի ծառայություն է մատուցում` անդառնալի հարված հասցնելով բառացիորեն զրոյից փչված «աննախադեպ բարձր» վարկանիշին։

Ամեն անգամ, երբ մեր երկրի «գլխավոր խմբագիրը» ՖԲ իր էջում հերթական ֆեյք «տեղեկությունն» է տիրաժավորում` «Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ...» կամ «Ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, որ...» խորագրի ներքո, և տեղնուտեղը բռնվում ստի մեջ, առանց այն էլ օր օրի մաշվող «հեղինակությունը» շագրենի կաշվի պես կծկվում է`ձգտելով զրոյի։ Այսինքն, վերադառնում է ի շրջանս յուր` չեղած բաների մասին կեղծ տեղեկություններ, ասեկոսեներ, բամբասանքներ տարածող սուտասան լրագրողի կասկածելի վարկանիշին։

Եվ ուշագրավն այն է, որ «առաջինը լինելու» այդ մոլուցքը, որպես կանոն, բախվում է Փաշինյանի մղձավանջը, հակասահմանադրական, ապօրինի, անտրամաբանական, ջղաձիգ և պարզապես հիստերիկ դրսևորումների ալֆան ու օմեգան, քրոնիկ անքնության և հոգեխանգարմունքի պատճառը դարձած Ռոբերտ Քոչարյանի օրոք արձանագրված փաստերին։

Հեռու չգնանք։

Հունվարի 10-ին մեր հերոսը, առանց երկար-բարակ մտածելու` նեղություն չկրելով ճշտել «ձեռքի տակ» եղած «ոգևորիչ» վիճակագրությունը, շտապեց ազդարարել. «2019 թ. Հայոց բանակում զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։ Այսինքն, մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին»` զոհվել է «ընդամենը» 49 զինծառայող։ Պարզվեց, ստում է` զոհերի ամենացածր ցուցանիշը գրանցվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին. 2003-ին`40, 2004-ին` 38, 2005-ին` 47, 2006-ին` 33, 2007-ին` 31 զոհված զինծառայող։ Այսինքն`«պատմական մինիմումը» արձանագրվել է հենց Քոչարյանի օրոք։

Դրանից առաջ` հունվարի 5-ին, թե 6-ին, «ուրախությամբ» ծանուցեց, որ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջ է ընկել ոչ միայն Վրաստանից, այլեւ... Ադրբեջանից։ Հերքումը չուշացավ։

Պարզվեց` «օբյեկտը» դարձյալ մեղանչում է ճշմարտության դեմ (միտումնավո՞ր, թե՞ «բարեխիղճ մոլորության» մեջ լինելու պատճառով, կարևոր չէ). Հայաստանը դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտի` նավթադոլարներով հաբռգած Ադրբեջանին հասնելու համար։ Վրաստանից առաջ անցնելու մասին լուրերն էլ խիստ չափազանցված են. վրացական կողմը պաշտոնապես սուտ հանեց Նիկոլին`հայտարարելով, որ մեր «առավելությունը» թվացյալ է և պայմանավորված է զուտ մեթոդաբանական խնդիրներով։ Երկրորդ, և ամենակարևորը`Հայաստանը մեկ անգամ չէ, որ այդ ցուցանիշով գերազանցել է Ադրբեջանին և Վրաստանին, եւ դա եղել է առավելապես Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում։

Գրեթե ամենօրյա պարբերականությամբ ստելուց և ընդհուպ` «միջազգային մակարդակով» ստելու մեջ բռնվելուց, սեփական գրառումները ջնջելուց, հերքելուց, ճշգրտելուց հետո իրեն հարգող ղեկավարը կմտածեր հերթական սուտը երկնելուց առաջ։

Ասում են`էշը որ էշ է, երկրորդ անգամ նույն ցեխը չի մտնում։ Բայց սա, ավաղ, այդ դեպքը չէ։ Փաշինյանը շարունակում է նույն ոգևորությամբ «աննախադեպ» նոր ստեր տիրաժավորել իր էջում, որի «կուլմինացիան» քննչական կոմիտեում քննիչի հետ «դուխով» սելֆին էր` կից գրությամբ, որով ավետում էր. «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է և քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին»։

Հետն էլ` հեգնում է իր հրահանգով արդեն իսկ քաղաքական հետապնդման ենթարկվող կամ իրենց «ժամին» սպասող բարձրաստիճան նախկիններին, թե բա`«քաղաքական հետապնդման տարրերը ակնհայտ են»։ Իբր` ի՞նչ քաղաքական հետապնդում, ի՞նչ բան... Ինչի՞ մասին է խոսքը, եթե նոր Հայաստանում նույնիսկ «երկրի գործող ղեկավարը» չի «պլստում» իրավապահների տեսադաշտից։

Սուտը այս դեպքում էլ «բնում խեղդվեց». Արման Սաղաթելյանն առաջիններից մեկը բացահայտեց կեղծիքը և ահազանգեց. եթե «գործող ղեկավարի» հարցաքննության ներկայանալը «հերոսություն» է, ապա նրանից առաջ դա արել է Հայաստանի երկրորդ նախագահը` Նիկոլի և իր զոմբիների այդքան չսիրած Ռոբերտ Քոչարյանը։ Առաջինը`ոչ թե Հայաստանի, այլ հետխորհրդային երկրների նախկին ղեկավարներից, որին իր` Փաշինյանի հրամանով կանչեցին ՀՔԾ՝ կասկածյալի կարգավիճակով, և տեղում`առանց հարցեր տալու, գլխավոր մեղադրյալ նշանակեցին «Մարտի 1»-ի գործով. դեմ տվեցին «խնամքով» նախապատրաստած մերկապարանոց մեղադրանքը՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով, որ «ենթադրյալ հանցագործության» պահին գոյություն չուներ։

Դե, իսկ Փաշինյանը, եթե ինչ-որ բանում իսկապես «աննախադեպ» է` բացառիկ և անկրկնելի, ապա` նրանով, որ առաջին ղեկավարն է Հայաստանի (և ոչ միայն Հայաստանի) պատմության մեջ, ով 24-ժամյա ռեժիմով զբաղված է սեփական «փիառով»։

Միակ ղեկավարը, որի գրառումների, որոշումների, հայտարարությունների, գործողությունների միակ շարժիչը, մոտիվացիան, էժանագին քարոզչությունն է։

Քարոզչություն, քարոզչություն, քարոզչություն, և ոչինչ` բացի քարոզչությունից...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը