Եվ այժմ ոչ մի երկիր չունի իրեն այդքան նկարագրող օրհներգ…
Երբ 1990թ. ՀՀ պետական հիմնն էր հաստատվում ԳԽ-ում, տեքստի առաջին տողը փոխելու առաջարկներ եղան, գտնում էինք, որ Հայրենիքը այլեւս երբեք «թշվառ, անտեր» չպիտի լինի: Իրականության հետ համապատասխանությունը մենք տեսնում էինք միայն տողի փոփոխման մեջ եւ, դժբախտաբար, ինչպես շատ ուրիշ հարցերում, խնդրի երկիմաստության մեջ ամփոփված մարգարեական նախազգուշացումը ընկալելու խորաթափանցությունը չունեցանք: Մեր մտքով չեր անցնում, որ տողի փոխարեն կարող էր փոխվել երկիրը: 1997 թվականն է արդեն, եվ առանց դույզն-իսկ մեղանչելու իրականության հանդեպ, կարող ենք ասել. «Մեր հայրենիք թշվառ, անտեր» Եվ այժմ ոչ մի երկիր չունի իրեն այդքան նկարագրող օրհներգ…
Մեր նախնիները մեր սրբազան հողի վրա, հազարավոր տարիների ընթացքում քայլ առ քայլ, երանգ առ երանգ կերտել են մի հիասքանչ շարունակական նկար` Հայոց երկիր անունով, իր պատմությամբ, իր հաղթանակներով ու պարտություններով, մարդկանց իր տեսակով, իր ճակատագրով, իր առաքելությամբ, բոլոր գույներով` սեւից մինչեւ սպիտակ: Եւ այժմ մեր պարտքն է ճիշտ հասկանալ մեր նախնիներին եւ, չաղճատելով մեզ փոխանցված պատկերը, ավելացնել մեր գույները` նկարի գաղափարին ներդաշնակ: Ու փոխանցել հաջորդներին:
Տխուր գույներ շատ կան, բայց ամենատխուրը համատարած, միապաղաղ գորշն է` ոչնչության գույնը, իր ոչ լուսավոր տխրությամբ: Նույնիսկ սեւ գույնի մեջ ավելի լույս կա, քան հուսալքող գորշության մեջ: Ու երբ կյանքի գորշ բծերը ագրեսիվ են ու վարակիչ, մեզ մնացած փոքրիկ ուրախությունների արանքում բազմապատկվում են հուսահատ, անպտուղ անտարբերությունն ու մաշող, գորշ տխրությունը` ծնելով մտահոգություն ու ցավ: Բայց նաեւ ընդվզում ու պայքարի ոգի:
Շարունակ անկեղծորեն ու ցավով զարմանում ենք, թե որտեղից հայտնվեցին այսքան ոչնչություններ տարբեր պաշտոններում, ինչ հեշտությամբ են բարձր ու ցածր դիրքեր գրավում, ինչպես տառացիորեն մեր աչքի առաջ մարդիկ մեծ արագությամբ կորցնում են խիղճ ու արժանապատվություն, սրբություն ու տղամարդկային կեցվածք: Այնինչ ամեն ինչ շատ հստակ է. ոչնչությունների զորահավաք է, գորշությունների ինկուբացիա, շքահանդես ու գիտակցված համախմբում: Եվ հիանալի ուսուցիչներ ու հրամանատարներ: Գործի գլուխ կանգնած են դեպքերի բերումով իշխանության տիրացած մարդիկ, որոնք իրենց ներքին ոչնչության ու գորշության գիտակցությունից մոլեգնած` բռնվել են բազմադարյան երփներանգ նկարը իրենց գորշ գույնով ծածկելու մոլուցքով` փչացնելով ու խեղելով այն ամենին ու ամենը, ինչին դիպչելու կամ առնչվելու հնարավորություն են ունենում: Եվ մեծ ու փոքր շիթերով ամեն օր գորշություն է ժայթքում` տարածելով իր արատավոր տեսակը, ամեն ինչ խեղդելով իր գորշ հորձանուտում:
Ու դառնությամբ հարցնում ենք (Կայենին ուղղված հարցի պես), թե ու՞ր կորավ մեր ողջ սերն ու ջերմությունը, որը նրանց իշխանություն տվեց, ինչ արեցին մեր հույսերի ու ոգեւորության հետ, այս ինչ դիվական մեխանիզմ էր, որ բոլորիս ազատ ու երջանիկ ապրելու կամքը լափելով` ատելություն, ամբարտավանություն, ագահություն ու անսահման ցինիզմ է վերադարձնում մեզ: Ինչպե՞ս են համարձակվում, մեր նվիրած պայծառ, լուսավոր գույները խառնելով, միայն գորշություն ծնել ու դրանով բոլորիս ծածկելու փորձ անել:
Եվ գորշության ծնունդ ձանձրույթն ու տխրությունը նախահարձակ է ամեն տեղ ու ամեն քայլի…
Տխուր է, որ կրտսեր խմբագրի պաշտոնը երազանքների սահման ունեցող լրագրողը իշխանատենչության եւ պաշտոնամոլության մեջ կարող է մեղադրել արդեն իսկ մի քանի բարձր պաշտոններից հրաժարված մարդկանց եւ չընկալելով նման վարքի դրդապատճառները, իր արժեքների խղճուկ շրջանակից դեռ հեգնելու փորձ էլ անել: Ու դրա շնորհիվ դառնալ «ամենաավագ» խմբագիր ու իր բաժին գորշությունը բերել:
Անչափ տխուր է, որ ժամանակին Աստծո շնորհին արժանացած գրողն ու արվեստագետը, մոռանալով արժանապատվություն ու խիղճ, ուրանալով իրենց ծնող ժողովրդի ցավը, որը դարմանելու համար է աստվածատուր պարգեւը, կարող են իրենց կարողությունները նվիրաբերել գորշությանը` մի պնակ կեր վաստակելու համար: Ու դեռ հավակնել մտավորական կոչվելու: Եվ նրանց օրինակով հայտնվում են երիտասարդներ` պատրաստ վաճառելու շնորհք ու տաղանդ, գրիչ ու վրձին, հոգի ու մարմին: Ու գորշությունը ոգու տարածքն է մտնում:
Տխուր է շատ, որ անընդհատ տարփողվող կայունությունը միայն գերեզմանոցի ու ճահճի կայունություն է, ուր ճահճի գովքն անող գորտերի համապատասխան կռկռոցի մեջ խլանում ու անլսելի է դառնում ճահիճը` ճահիճ եւ գերեզմանոցը ` գերեզմանոց անվանողների ձայնը: Տխուր է ու նողկալի, որ օրենքի ու արդարության պահապան կանգնած մարդիկ, մոռացած խղճի ու ահեղ դատաստանի մասին, այնքան մեղք ու ոճիր են վերցնում իրենց վրա, որ իրենց մի քանի սերունդներին զրկում են նույնիսկ մարդկայնորեն սխալվելու նվազագույն չափաբաժնից: Եվ հայտնվում են գեներալներ ու սերժանտներ, դատավորներ ու քննիչներ` պատրաստ ծեծելու ու ջարդելու, խոշտանգելու ու տանջելու, սպանելու եւ քեֆի նստելու: Եվ վանդակներում են հայտնվում արժանապատվության պահպանմանը զինվորագրված, ազգի տղամարդկային տեսակը լավագույնս դրսեվորող երիտասարդներ` մեզ ամոթի ու վիրավորանքի գիրկը նետելով: Ու գորշ գույնը կարմիր նրբերանգներ է ստանում:
Տխուր է ու վիրավորական, երբ չգիտես ինչ ճեղքերից հայտնված մի բուռ մարդիկ հինգհազարամյա մի ժողովրդի ողջ ստեղծածի նյութական ժառանգորդներն են հավակնում դառնալ` կյանքը վերածելով տիրոջ բացակայության ժամանակ լաքեյների անզուսպ ու շվայտ խրախճանքի, երբ օտարի ու չստեղծողի անհոգությամբ մսխվում, քամուն են տրվում դարերի ընթացքում ստեղծված ազգային հոգեվոր ու նյութական արժեքները: Եվ ամենավիրավորականն այն է, որ լրջորեն հավատացած են, թե դա իրենց հաջողվելու է:
Տխուր է եւ ամոթալի, որ բարձրագույն ներկայացուցչական մարմնի անդամները, իրենց ընտրողների աչքի առաջ, ստորության եւ տղամարդուն ոչ վայել կեցվածքի աներեւակայելի օրինակներ կարող են ցույց տալ եւ դրանից հետո ոչ միայն չհրաժարվել իրենց վարկաբեկված կոչումից, այլ շարունակել ժողովրդի ճիշտ ապրելուն ուղղված օրենքներ ընդունելու անամոթություն ունենալ:
Տրտմալի է շատ, երբ այս ապականված խառնաշփոթի մեջ դիմում ես քո եկեղեցուն` մկրտության ժամանակ խնդրած Հույսը, Հավատն ու Սերն ստանալու, եւ տեսնում ես այնտեղ արդեն բազմած այն պետական գորշություններին, ովքեր փորձում են քեզ զրկել հենց այդ Հույսից, Հավատից, Սիրուց: Եվ ոչ ոք չի վռնդում նրանց աստծո տնից, ինչպես Հիսուսը դա արեց: Ու քանի դեռ նրանք այնտեղ են, նոր մկրտվող մանուկներն էլ չեն ստանալու իրենց մկրտության փափագը:
Եվ այս ամենի ոգեշնչողը, հովանավորն ու հրամանատարը մի մռայլ ու գորշ անձնավորություն, որը չնայած հանրահայտ իրողություններին, անդուլ համառությամբ իրեն մտավորական ու նախագահ է համարում: «Մտավորական», որը ժխտում է ամենայն ազգայինը, նախագահ, որը չի կարողանում եւ չի էլ փորձում թաքցնել իր ատելությունն ու արհամարհանքը սեփական ժողովրդի հանդեպ: Եվ եթե մտավորականն ու նախագահը, ապա միայն գորշության ու ոչնչությունների: Եվ մի օր, իրոք բոլորիս ամենաօրինական մտավորականն ու նախագահը կդառնա, եթե հաջողվի ողջ ազգին դարձնել ոչնչությունների գորշ հավաքածու: Մի անձնավորություն, որն իր ապօրինի իշխանությանը հանդուրժելուն որպես երկընտրանք միայն համազգային հյուծիչ եւ անտեղի պայքարն է թողել: Մեկը, որ միասնություն ասելով նկատի ունի միայն ողջ ազգի միասնական համակերպվելը իր միահեծան իշխանության գոյությանը եւ իր պարտադրած գորշ ու կործանարար ընթացքին: «Մտավորական», որը չարանում եւ մաղձոտում է, երբ ազգը չի ուզում տեղավորվել իր գծած գորշ եւ հեղձուկ շրջանակներում եվ համարձակվում է նրա պատկերացումներից դուրս երազներ, ձգտումներ ու պոռթկումներ ունենալ: «Նախագահ», որը մի միստիկ հետեվողականությամբ ժողովրդի ոգին ընկճելու, երազանքները ծաղրելու եւ փշրելու, երկիրը հայաթափելու, մարդկանց ստորաքրշության ու հուսահատության մղելու ընթացքն է որդեգրել:
Հազարամյակների ընթացքում իր բազմազանության մեջ կերտվել է նաեւ հայի ընդհանրական դեմքն ու կերպարը: Եվ ինչքան էլ տարբեր ենք եղել անձից անձ, պատկանել ենք մարդկային միեւնույն տեսակին` հայի տեսակին: Տեսակի անխաթարությունը պահպանվել է, չնայած արտաքին բազմաթիվ հզոր ներգործություններին ու շփումների ահռելի բազմազանությանը: Բայց հիմա վտանգված է հենց մեր տեսակը : Մեր աչքի առաջ, մեր միջից գոյանում է մարդկանց (հայի՞) մի նոր տեսակ, որն իր հիմնական հատկանիշներով գրեթե ոչ մի ընդհանրություն չունի մեզ ավանդվածի հետ. ոչ իր ներաշխարհով, ոչ մտածելակերպով ու գիտակցությամբ, ոչ երազանքներով ու արժեքների համակարգով, ոչ էլ, նույնիսկ, արտաքին տեսքով ու դեմքով: Մենք, երեւի թե, մի ինչ-որ ներազգային մուտացիոն պրոցեսի վկան ու մասնակիցն ենք: Եվ շատ տխուր է այդ փոփոխության միտումը: Գնալով մեր մեջ շատանում են մարդիկ, ովքեր ատում են այն, ինչը միշտ սիրել ենք եւ հակառակը հպարտանում են նրանով, ինչից միշտ ամաչել ենք, արհամարհում են այն, ինչը միշտ արժեքավորել ենք եւ հակառակը, անում են այն, ինչից միշտ ետ ենք պահել մեր երեխաներին: Եվ այդ նոր տեսակը ագրեսիվ, մոլեգնած, տարածվող գորշությունն է, արժեքների իր համակարգով, ծրագրերով, առաջնորդներով: Եվ մեր բազմադարյան երփներանգ նկարի գորշ բծերի միջից նայող այդ մարդիկ նպատակ են դրել ողջ պատկերը, որն իր պայծառությամբ ու բազմազանությամբ իրենց մտքին ու աչքին ընկալելի ու հասու չէ, ծածկել համատարած գորշությամբ` իրենց հարազատ եւ միակ հասկանալի գույնով:
Եվ եթե մենք պայքարում ենք, ապա դա արդեն ոչ միայն քաղաքական պայքար է, ոչ միայն սոցիալական, ոչ միայն տնտեսական, ոչ միայն գաղափարական եւ ոչ էլ մանավանդ անձերի պայքար: Իր հիմքում դա տեսակի պահպանման պայքար է: Բազմադարյան պատմության ընթացքում հազար ու մի արհավիրք տեսած ու հաղթահարած ազգը հայտնվել է մինչ այժմ չհանդիպած հակառակորդի` իր մեջ ծավալվող նոր տեսակի դեմ: Եվ մենք գիտակցաբար թե բնազդով պայքարում ենք ի վերջո մեր հազարամյա տեսակը պահպանելու համար: Որովհետեւ այդ տեսակն է պահպանել մեզ իբրեւ ազգ դարերի մեջ, մեր պատմությունը ա՛յդ տեսակի պատմությունն է, եւ ո՛ր օրը կորցնենք այդ տեսակը, նույն օրն էլ կավարտվի այն պատմությունը, որ մեզ հայտնի է «Հայ ժողովրդի պատմություն» անունով, եվ կսկսվի նորը, որն ինչպես էլ կոչվի հետագայում, արդեն չի լինի մեր պատմությունը:
Բայց նրա համար չէին Ավարայրն ու Սարդարապատը, Սբ. Մեսրոպն ու Սբ. Նարեկացին, Տիգրան Մեծն ու Կիլիկիան, Շիրակացին ու Նժդեհը, Գոշն ու Արամ Մանուկյանը, արցախյան ազատամարտիկները, մեր ողջ պատմության հաղթանակներն ու պարտությունները, որ այսօր մի խումբ բախտախնդիրներին տրվի այս ամենը իմաստավորելու հնարավորությունը, որ այս ամենին նրանք նայեն իրենց անձնական շահի չտես աչքերով: Դա չի լինելու եվ մենք չենք կարող թույլ տալ, որ մեր ժողովրդի անցած հազարամյակների արդյունքը ի չիք դառնա:
Քանի որ մեր ազգին Աստծո կողմից հավերժություն է պարգեւած, ուրեմն պիտի հաղթահարենք այս մի արգելքն էլ, շարունակենք այն շարունակական նկարը, որը Հայոց երկիր է կոչվում, որը պատկանում է մեզ եւ մեր տեսակը շարունակող մեր որդիներին:
Լյուդվիգ Խաչատրյան
Խմբ. կողմից – Հոդվածի հեղինակն այն գրել է 1997 թ.–ին ,սակայն թեման արդիական է նաև այսօր. նույն խնդիրներն են, տարբեր դեմքերով։
Տխուր մտքեր գույների և տեսակի մասին
«Մեր հայրենիք թշվառ, անտեր…»
Համապատասխանությունը կատարյալ է: