Մեկնաբանություն

15.01.2020 12:18


Նիկոլը մենակ է, մենակ է, մենակ է

Նիկոլը մենակ է, մենակ է, մենակ է

Նիկոլ Փաշինյանը մենակ է մնացել (տնեցիները տվյալ դեպքում հաշիվ չեն)։ Քաղաքական առումով։

Դատե՛ք ինքներդ. Փաշինյանի ընտանեկան թերթը՝ «Հայկական ժամանակը», հոդված հրապարակեց Արթուր Վանեցյանի դեմ, բայց «պասը» վերցրեցին ու թեման զարգացրեցին միայն «ժողովրդի» վարչապետի տնեցիները։

ՀԺ–ից նախ էստաֆետն անցավ Նիկոլի աղջկան՝ Մարիամին։ Ապա խաղի մեջ մտավ Նիկոլի աներորդին՝ Հրաչյան (սրան նիկոլենք իրենց բոլոր սկետչերում ներգրավում են)։

Հրաչյա Հակոբյանը, հղում անելով սեփական փեսու թերթում գրածին, Վանեցյանին պաշտոնանկ անելը հիմնավորել է պետական հեղաշրջման փորձի կանխման մոտիվացիայով։

Աննա Հակոբյանի եղբայրը «Իմ քայլը» դաշինքի անդամ է ու պատգամավոր, բայց ակնհայտ է, որ նա խոսել է որպես ընտանեկան փոդրաթի ներկայացուցիչ։ Ասել է թե՝ Փաշինյանի քաղաքական թիմից որևէ մեկը չի ձայնակցել «պարտիական թերթում» գրածին։

ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը «կենցաղային խոսակցություն» է որակել ՀԺ–ի գրածը, այսինքն՝ կենցաղային է համարել պետական հեղաշրջման փորձի մասին «թագավորական» ընտանիքի թերթի գրածը։

Նիկոլի քաղաքական թիմից որևէ մեկը չի պաշտպանել նիկոլենց գիծը և դոշ չի տվել նրանց համար, մինչդեռ ոչ վաղ անցյալում նրանք, մեկը մյուսին հերթ չտալով, կնետվեին մարտի՝ կա՛մ Նիկոլին քծնելու համար, կա՛մ անկեղծ մղման արդյունքում։ Հիմա ոչ քծնող կա, ոչ էլ՝ մղում։ Նիկոլը մենակ է մնացել իր մուտիլովկայական ու հիստերիկ քայլերի հետ։

Իշխող ուժի ներսում հասկանում են, որ այս ամենը երկար շարունակվել չի կարող ու կամաց–կամաց տարանջատվում են «ժողովրդից»։

Պետական հեղաշրջման փորձը շատ լուրջ մեղադրանք է, բայց այն արձագանք չգտավ իշխող խմբակցության մոտ։ «Ինքդ իշխում ես, ինքդ մսխում, ինքդ էլ կռիվ տուր». սա՛ է «Իմ քայլի» մեսիջը Նիկոլ Փաշինյանին։ Վերջինս շուտով ստիպված կլինի վերափոխել հայտնի երգի՝ իր իսկ գրած բառերը։ «Ես մենակ չեմ, մենակ չեմ, մենակ չեմ»–ը կդառնա «Ես մենակ եմ, մենակ եմ, մենակ եմ...»։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը